ՀԱՊԿ-ը կրկին քար լռություն էր պահպանում՝ «ադրբեջանական ագրեսիայի» մասով. Մեկնաբան

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՊԿ ռազմական կոմիտեի նիստից հետո, նիստի նախագահող, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ստոր ագրեսիա է որակում ռուսական օդանավը խփելու Թուրքիաի գործողությունը:
 
Այդ գնահատականը գուցե եւ տրամաբանական է, նկատի ունենալով, որ Ռուսաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է եւ դաշինքի անդամի հանդեպ որեւէ
գործողությունը պետք է արժանանա դաշինքի արձագանքին: Մյուս կողմից, ռուսական օդանավը խփվել է դաշինքի պատասխանատվության գոտուց բավական հեռու, դաշինքի սահմանից բավական հեռու եւ մի գործողության ընթացքում, որը ոչ մի կապ չունի ՀԱՊԿ հետ:
Փոխարենը, ՀԱՊԿ դաշինքը կամ դաշինք կոչվող միավորումը քար լռություն է պահպանել դաշինքի պատասխանատվության գոտու հանդեպ այն ոտնձգությունների կապակցությամբ, որ թույլ է տվել դաշինքի ոչ անդամ, նույն Թուրքիայի դաշնակից ու բարեկամ Ադրբեջանը: Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը Հայաստանի հանրապետության Տավուշի մարզում, հրետանակոծում ոչ միայն այդ մարզի հայկական դիրքերը, այլ նաեւ սահմանամերձ բնակավայրերը: Իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հրետանակոծության հետեւանքով սպանեց Հայաստանի 3 քաղաքացու, անզեն, քաղաքացիական բնակիչների:
ՀԱՊԿ-ը կրկին քար լռություն էր պահպանում, որեւէ հնչյուն անգամ չարձակելով «ադրբեջանական ագրեսիայի» մասով:
Իհարկե, ռուսական օդանավը շատ ավելի թանկ արժե, քան Հայաստանի հանրապետության երեք խաղաղ բնակիչների կյանքը: Իսկ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, Թուրքիայից պահանջում է ներողություն եւ օդանավի փոխհատուցում: Ի՞նչպես կարող է ՀԱՊԿ-ը համեմատել երեք խաղաղ բնակչին եւ մի քանի միլիոն դոլար արժողության օդանավը:
ՀԱՊԿ-ը ռիսկերը ըստ երեւույթին չափում է դոլարով, կամ գուցե ռուբլով, ով գիտե: Եվ եթե կորուստը գերազանցում է մի քանի միլիոն դոլարը, ապա դա իհարկե «ստոր ագրեսիա» է, իսկ եթե ընդամենը զոհվել են երեք խաղաղ բնակիչներ, այն էլ երկուսը բավական տարիքով, ծեր, ապա այստեղ ինչ «ագրեսիայի» մասին կարող է խոսք լինել, խոսքը կարող է լինել ընդամենը դժբախտ պատահարի մասին: Իսկ ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական դաշինք է, ոչ թե սգո ծառայություն, որ արձագանքի դժբախտ պատահարներին:
Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես մտահոգիչ է, որովհետեւ երբ Ռուսաստանին է պետք, ՀԱՊԿ անունից արվում են հայտարարություններ, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ապա ՀԱՊԿ-ը քար լռություն է պահպանում Ադրբեջանի քայլերի հանդեպ:
Թեեւ, ՀԱՊԿ անդամները փաստորեն նույնիսկ ՀԱՊԿ Ակադեմիան թույլ չտվեցին կառուցել Հայաստանում, համենայն դեպս կազմակերպության գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարեց, որ չեն կառուցի, քանի որ մյուս պետությունները համաձայն չեն Երեւանում այդ ակադեմիան կառուցելուն:
Միաժամանակ հետաքրքիր է, թե արդյոք Ղազախստանը, Տաջիկստանը եւ Կիրգիզիան նույնպես Թուրքիայի քայլը համարում են «ստոր ագրեսիա», թե՞ այդ հայտարարությունն արվում է լոկ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի դեմքով, իսկ պաշտոնական Աստանան, Բիշքեկը եւ Դուշանբեն հետո իհարկե իրենց առանձին հայտարարություններով «կսրբագրեն» Խաչատուրովին իրենց մասով, ու նստվածքի մեջ կմնա միայն Հայաստանը, իր համար միանգամայն ավելորդ եւ շոշափելի ռիսկերով:
Ի դեպ, Ադրբեջանն արդեն զուգահեռաբար կրակում է տանկերից՝ առաջին անգամ հրադադարի խախտման ռեժիմում, որը Հայաստանի պաշտպանության նախարարը գնահատել է որպես
լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու սպառնալիք: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ սահմանի իրավիճակը հայկական ուժերը վերահսկում են վստահորեն, բայց լարվածությունը հասել է գագաթնակետին:
Հետաքրքիր է, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում գոնե կիսաձայն անդրադարձ եղե՞լ է Ադրբեջանի պահվածքին, սահմանային լարվածությանը եւ ՀԱՊԿ դիրքորոշմանն այդ ամենի առիթով: Թե՞ դա չկա Ռուսաստանի ծրագրերում, հետեւաբար ՀԱՊԿ-ն չի անդրադառնա դրան:
Միեւնույն ժամանակ, ինչու՞ հայկական կողմը չի նախաձեռնում ՀԱՊԿ քաղաքական դիրքորոշման արտահայտման որեւէ քայլ: Որովհետեւ վստահ է, որ այն դատապարտված է լինելու ձախողմա՞ն, թե հայկական կողմն ունակ չէ ՀԱՊԿ շրջանակում բարձրացնել ինքնուրույն հարցեր եւ դրանք բարձրանում են միայն Ռուսաստանի համար անհրաժեշտ դեպքերում: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 762 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար