Հայաստանի իշխանությունն անցե՞լ է «կարմիր գիծը». Մեկնաբան


Հայաստանի իշխանությունն անցե՞լ է «կարմիր գիծը». Մեկնաբան

  • 16-12-2015 18:49:15   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Հայաստանի հասարակությունը բուռն քննարկում է ամերիկյան Global Financial Integrity ոչ կառավարական կազմակերպության տարեկան զեկույցը, ըստ որի վերջին տասը տարում Հայաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Դա ահռելի թիվ է, օրինակ` Հայաստանի արտաքին պարտքի կրկնապատիկը:
 
Որքան մեծ է հանրության հետաքրքրությունն ու քննարկումը զեկույցի կապակցությամբ, նույնքան լուռ է իշխող համակարգը: Թվում է, որ պետք է լիներ հակառակը՝ իշխանությունը պետք է լիներ իրավիճակի հանգամանալից պարզաբանման հարցում առաջին շահագրգռվածը, հասարակության հանիրավի մեղադրանքից խուսափելու համար:
Բայց, Հայաստանի իշխանությունը լուռ է: Հայաստանի իրավապահները շարունակում են օրինակ անվերջանալի նամակներով հեղեղել խմբագրությունները, պարզունակ, երբեմն պարզապես անգրագետ հարցադրումներով կաթվածահար անելով լրատվամիջոցների աշխատանքը՝ թերեւս հույսով, որ հաջորդ անգամ «ընտրախախտումների բացահայտման գործընթացի» զոհ չդառնալու համար որեւէ ԶԼՄ այլեւս չի հրապարակի ընտրախախտման վերաբերյալ որեւէ տեղեկություն, եւ այդպիսով բոլոր համապետական ընտրությունները կդառնան անթերի:
Հետաքրքիր է, Հայաստանի իրավապահները գոնե մեկ նամակ գրե՞լ են ամերիկյան Global Financial Integrity-ին, հարցնելով, թե որտեղի՞ց են փողերի անօրինական ճանապարհով դուրսբերման մասին տեղեկությունները, ի՞նչ ուսումնասիրությունների, ինչ տվյալների հիման վրա է կազմվել զեկույցն ու արվել եզրակացությունը, թե Հայաստանից դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար, տասը տարում:
Վերջին հաշվով, ակնհայտ է, որ որեւէ պետությունից ապօրինի ճանապարհով այդ չափի կապիտալի դուրսբերումը չի կարող կատարվել առանց իշխանության գիտության եւ մասնակցության:
Արդյոք դա է պատճառը, որ իշխանությունը չի հետաքրքրվել հրապարակված զեկույցով, չի փորձել ստանալ պարզաբանումներ եւ ներկայացնել հանրությանը, հանիրավի մեղադրանքներից ազատվելու համար:
Տրամաբանությունը հուշում է, որ այդօրինակ իրավիճակում իշխանությունը պետք է արագորեն պարզեր, թե ինչն ինչոց է, եւ եթե ամերիկյան կազմակերպությունը հրաարակել է անհիմն, վատ ուսումնասիրված կամ մտացածին տեղեկություն, ապա պետք է դա ներկայացվեր հանրությանն ու ասվեր. «մեծարգո հանրություն, դու մեզ կարող ես մեղադրել բոլոր մահացու մեղքերի եւ պետականության հանդեպ գործած տարատեսակ հանցանքների համար, բայց այդ մի մեղադրանքը, թե ապօրինաբար դուրս ենք բերել կամ թույլ ենք տվել դուրս բերել 9,8 մլրդ, անհիմն է, գոնե դրա համար մեզ մեղադրելու հիմք չկա»:
Կամ իշխանությունը պարզապես թքած ունի՝ մի մեղադրանք ավելի, մի մեղադրանք պակաս, կարմիր գիծը վաղուց է անցած, կամ էլ իշխանությունն ուղղակի փորձում է ավելորդ չփորփրել մեղվի բույնը, քանի որ դրա հետեւանքը կարող է լինել ոչ թե ուսումնասիրությունն ու զեկույցը հերքող փաստերի, այլ հաստատող արդեն կոնկրետ ապացույցների հրապարակումը: Հետեւաբար ավելի լավ է ձեռք չտալ, ընդամենը հերքել Հայաստանում, թե կարող է այդպիսի բան լինել, ու սպասել, որ հանրությունը քննարկի ու մոռանա:
Համենայն դեպս տարօրինակ է, որ կազմակերպությունն արդեն մի քանի տարի ներկայացնում է այդօրինակ զեկույց, իսկ Հայաստանի իրավապահները հասարակությանը չեն ներկայացրել դրա վերաբերյալ որեւէ հանգամանալից ու համոզիչ բացատրություն կամ պարզաբանում, չեն հետաքրքրվել այդ զեկույցով, որը կոնկրետ հաղորդում է հանցագործության մասին:
Օրինակ, Հայաստանի դատախազությունը օրերս հայտարարել էր, թե ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել սերբական մամուլի հրապարակումը Հայաստան-Ալբանիա խաղի վաճառված լինելու մասին: Մի՞թե Հայաստանից 9,8 մլրդ դոլարի դուրսբերման մասին ամերիկյան կազմակերպության զեկույցը պակաս կարեւոր է, քան Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային հանդիպումը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play