Մոսկվան շարունակում է լռությամբ «ուրանալ» իր դաշնակցային պարտականությունները. Մեկնաբան


Մոսկվան շարունակում է լռությամբ «ուրանալ» իր դաշնակցային պարտականությունները. Մեկնաբան

  • 16-12-2015 18:53:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունաստանցի իր գործընկերոջ հետ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ տարածաշրջանում կան պետություններ, ի դեմս Թուրքիայի, որոնք աջակցում են միջազգային ահաբեկությանը՝ Իսլամական պետությանը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ այդօրինակ գործողությունը վնասում է ահաբեկության դեմ պայքարին:
Հայաստանի պաշտպանության նախարարը հավանաբար նկատի ունի թուրքական օդուժի հարվածը ռուսական ռազմական օդանավին, որից հետո արդեն մի քանի շաբաթ լարված են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները:
Հայաստանի պաշտպանության նախարարը կատարել է դաշնակցային պարտքը, աջակցել է Հայաստանի ռազմավարական դաշնակցին: Նույն այդ դաշնակիցը որեւէ հրապարակային աջակցություն չի հայտնել Հայաստանին՝ ի պատասխան Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական սադրանքների: Ավելին, այդ դաշնակիցն ամեն առիթով ընդգծում է իր այսպես ասած «պարիտետային» մոտեցումը կողմերի հանդեպ: Դե, իսկ Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի հարձակողական եւ այլ կարգի սպառազինության տրամադրման փաստի վերաբերյալ մեկնաբանությունն արդեն ավելորդ է:
Ավելին, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն անցնող ժամանակաշրջանում ինտենսիվ ռազմավարական հարաբերություն է խորացրել Հայաստանի հանդեպ պատերազմական, թշնամական գործողություններ իրականացնող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդպիսով նպաստելով այն իրողությանը, որ վերջին երկու-երեք տարիներին Ադրբեջանը դարձել է առավել ագրեսիվ, առավել հաճախակիացրել է սահմանային սադրանքները, մեծացրել կիրառվող սպառազինության տրամաչափը:
Մինչ Ռուսաստանը կհայտնվեր միջազգային ահաբեկության դեմ պայքարի գծում՝ ռազմական արշավ սկսելով Սիրիայում, այդ ահաբեկության առաջին գծում կանգնած էր հայկական զինուժը: Եվ այդ տեսանկյունից, այդ զինուժի դիմաց կանգնած հակառակորդին, տվյալ դեպքում Ադրբեջանի բանակին տրամադրված թեկուզ մեկ միավոր սպառազինությունը փաստացի աջակցություն էր միջազգային ահաբեկությանը: Կապ ունի Ադրբեջանն ԻԼԻՊ հետ, թե ոչ, բայց աներկբա է, որ Բաքվի գործողությունները լիովին տեղավորվում են ահաբեկության տրամաբանության մեջ, սկսած հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումից, մինչեւ գերիների ու պատանդների հանդեպ ծաղրն ու կտտանքները, խաղաղ բնակչության թիրախավորումը:
Փաստացի, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը աջակցել է միջազգային ահաբեկությանը՝ ի դեմս Ադրբեջանի: Ու դրա հետեւանքն է, որ վերջին երկու-երեք տարիներին Բաքուն դարձել է առավել անկաշկանդ, առավել հանդուգն, առավել ագրեսիվ:
Ադրբեջանին գործով ցուցաբերվող այդ օժանդակության դիմաց, Հայաստանին թեկուզ խոսքով անգամ չի ցուցաբերվել քիչ թե շատ համարժեք աջակցություն՝ Բաքվի սադրանքները դատապարտող որեւէ հասցեական հայտարարության տեսքով, որ պարտավոր էր անել ռազմավարական դաշնակից ու բարեկամ համարվող սուբյեկտը, առավել եւս, երբ այդ ամենը երկշերտ է՝ երկկողմից բացի նաեւ ՀԱՊԿ շրջանակ:
Հայաստանը հրապարակավ կատարում է իր դաշնակցային պարտականությունը եւ հայտարարությամբ զորակցում Ռուսաստանին, բայց Հայաստանը անզոր է գտնվել Ռուսաստանին իր դաշնակցային պարտականությունները հրապարակավ հիշեցնելու հարցում:
Որքան էլ տարօրինակ է, բայց դա ակամայից արեց Թուրքիան, հարվածելով Ռուսաստանի օդանավին: Դրանից հետո ռուսները սկսեցին հաճախ հիշել հայերին, հայերի ցեղասպանությունը, իսկ վերջերս էլ տեղի ունեցավ աննախադեպ մի բան, ու ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, թե Արցախի հարցում Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են: Իսկ Թուրքիան հայտարարել է, թե ամեն ինչ կանի Ադրբեջանին տարածքները վերադարձնելու համար:
Իհարկե, Ռուսաստանի «հիշողության» այդ փայլատակումներն ամենեւին դաշնակցային չեն, այն պարզ պատճառով, որ Մոսկվան օրինակ շարունակում է լռությամբ «ուրանալ» իր դաշնակցային պարտականությունները, չնայած սահմանում իրավիճակի լարման եւ առաջին անգամ տանկի կիրառման Ադրբեջանի քայլերին:
Իսկ դաշնակցային պարտավորության ինդիկատորը հայ-ադրբեջանական, ոչ թե հայ-թուրքական ուղղությամբ է:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն