«Մոսկվան ու Անկարան կարող են հաշտվել Ադրբեջանի տարածքում».Մեկնաբան


«Մոսկվան ու Անկարան կարող են հաշտվել Ադրբեջանի տարածքում».Մեկնաբան

  • 17-12-2015 17:36:27   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց կոպիտ է արձագանքել ռուսական օդանավի հանդեպ թուրքական զինուժի գործողության մեջ հնարավոր «երրորդ կողմի» ազդեցության մասին հարցին, որ հնչել է նրա հերթական «պատմական ասուլիսի» ընթացքում:
 
ՌԴ նախագահը հայտարարել է, թե չգիտեն՝ կա երրորդ կողմ, թե չկա: «Սակայն եթե Թուրքիայի ղեկավարությունում ինչ-որ մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, ապա չգիտեմ, արդյոք ճիշտ է վարվել», հայտարարել է Պուտինը:
Կոշտ, հաճախ կոպիտ բնորոշումները հատուկ են Պուտինի կերպարին, նա հաճախ է աչքի ընկել այդ գիտակցված վարքով, փորձել է լինել էպոտաժային: Բայց, տվյալ պարագայում Պուտինի պատասխանում ավելի շատ ոչ թե էպոտաժ է նկատվում, այլ նյարդայնություն:
Պուտինի կոպիտ պատասխանն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլ ինչ որ իմաստով նույնիսկ ԱՄՆ-ին: Դժվար է ասել, նա ուզու՞մ է ակնարկել Թուրքիայի քայլում ԱՄՆ հնարավոր դերակատարման մասին, թե ոչ, բայց դեպի ԱՄՆ տարածվող ակնարկը նկատելի է:
Ու հենց այդ պատճառով էլ ուշագրավ է դառնում նրա հայտարարությունը Մոսկվայում Ջոն Քերիի հետ ընդամենը մեկ օր առաջ երեք ժամից ավելի հանդիպման փաստի ֆոնին: Այդ հանդիպումից հետո Պուտինի նյարդային արձագանքը «ամերիկացիների համապատասխան տեղը լիզելու փորձի» մասին բավական հատկանշական է:
Օդանավի միջադեպից հետո ռուս-թուրքական ռազմավարական բարեկամության ընթացքը ընդհատվեց, վերածվելով գրեթե սառը պատերազմի: Դա էական փոփոխություն է բերում թե միջազգային քաղաքականության, թե տարածաշրջանային իրավիճակի մեջ: Թուլանում են թե Ռուսաստանը, թե Թուրքիան, որոնք փորձում էին համատեղ ջանքով արգելափակել եվրատլանտյան բեւեռի ներգրավվածությունը Կովկասի հարցերին: Ինչպես հայտարարել էր հենց Պուտինը՝ Թուրքիայի հետ ունեին շատ հեռուն գնացող ծրագրեր: Այդ ծրագրերն անթաքույց ձեւով առնչվում էին նաեւ Արցախի խնդրին, ինչի վկայությունն էր այն, որ Մոսկվան ու Անկարան Կրեմլում Արցախի հարց էին քննարկում:
Ռուս-թուրքական լարվածությունը տորպեդահարում է այդ ծրագրերը: Ըստ այդմ, դժվար է ասել, Թուրքիայում որեւէ մեկն ուզել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը», թե ոչ, բայց որ կամա թե ակամա Հայաստանի ու Արցախի «համապատասխան» տեղն է լիզել, թերեւս հաստատ: Բանն այն է, որ ռուսական օդանավին ուղղված հարվածը քարկապ է գցել ռուս-թուրքական ռազմավարական բարեկամությունը, որը առաջ էր գնում Հայաստանի համար մի շարք արմատական վտանգներով եւ ռիսկերով:
Իհարկե, Հայաստանի համար ռիսկ է նաեւ ռուս-թուրքական բախումը, եթե այն վերածվի թեժ զարգացման, կրի ռազմական բնույթ: Բայց, այստեղ կարծես թե կան որոշակի զսպող գործոններ, այդ թվում եւ այն, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: Ըստ այդմ, ռիսկն իհարկե կա, բայց իրական քաղաքականության մեջ ռուսական օդանավին ուղղված հարվածը «արջի ծառայություն» է եղել նաեւ Հայաստանին, ստիպելով, որ թեկուզ հռետորաբանության տեսանկյունից Ռուսաստանը սկսի հիշել Հայաստանի առաջ ունեցած ռազմավարական դաշնակցային պարտավորությունները:
Իհարկե, մեղմ ասած վաղ է ասել, որ Ռուսաստանը վերանայում է վերջին տարիների իր կովկասյան ռազմավարությունը: Ավելին, Պուտինի նյարդայնությունը վկայում է, որ Մոսկվան պատրաստ չէ դրա վերանայմանը եւ հայտնվել է փակուղում, ինչն էլ նյարդայնացնում է Պուտինին:
Հավանական է՝ այդ փակուղին մի քանի օր առաջ բավական առարկայորեն նրա առաջ է դրել ԱՄՆ պետքարտուղարը, որի մոսկովյան այցն ընդհանրապես հետաքրքիր էր: Քերին շրջում էր Մոսկվայի փողոցներում, առեւտուր անում, ազատորեն շփվում մարդկանց հետ, կարծես թե այդ ամենով փորձելով ցույց տալ, որ Մոսկվայով քայլում է ինչպես տանը: Պուտինի ոգով փոքր ինչ կոպիտ կամ կոշտ բնորոշելով հնարավոր է ասել, որ Քերին դրսեւորում էր «օկուպացիոն» այց: Ու գուցե հենց դրա հետեւանքն է, որ Պուտինը բավական նյարդային է արձագանքում Թուրքիայի գործողությանը «երրորդ կողմի» ներգրավվածության մասին հարցին:
ՌԴ-ն ոչ թե օդանավ է կորցրել, այլ մերձավոր դաշնակից: Ընդ որում, կանգնած է երկրորդին կորցնելու անելանելիության առաջ՝ ի դեմս Ադրբեջանի, որովհետեւ ռուս-թուրքական լարվածության պայմաններում գերբարդանում է գործակցության շարունակությունն Ադրբեջանի հետ:
Թեեւ, մյուս կողմից, հայկական կողմի համար նպաստավոր թվացող վիճակը իհարկե ունի նաեւ նոր ռիսկեր, մասնավորապես այն, որ Մոսկվան ու Անկարան կարող են փորձել գործակցության անուղղակի տարբերակը եւ «հեռակա» ու «ստվերային» կարգով հաշտվել Ադրբեջանի տարածքում: Ընդ որում, ակնհայտ է, որ Ալիեւը փայփայում է այդ հույսը:
Թեեւ միաժամանակ հատկանշական է, որ դրան զուգահեռ հետաքրքրական զարգացում է ծավալվում ԱՄՆ-ում, ինչը կարող է Ալիեւի մոտ նվազեցնել ռուս-թուրքական հաշտարարի էնտուզիազմը: Կոնգրեսում է հայտնվում ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցների մասին նախագիծ, իսկ պետքարտուղարությունը ավելի հնչեղ է դարձնում հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմի ներդրման մոտեցումը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն