«Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթում լավագույն աշխատանքի հեղինակն արժանանալու է 8մլն դրամի (տեսանյութ)


«Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթում լավագույն աշխատանքի հեղինակն արժանանալու է 8մլն դրամի (տեսանյութ)

  • 18-12-2015 15:59:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Նոր մարտահրավերների մրցույթ վիրտուալ իրականության շրջանակներում։ Դեկտեմբերի 18-ին պաշտոնապես մեկնարկեց «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի մասնակիցների գրանցման առաջին փուլը, որը տևելու է մինչև փետրվարի 15-ը: 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց մրցույթի նախաձեռնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականներին և ծրագրավորողներին՝ օգտագործելով ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր ու հավելվածներ։ 
 
Ըստ նրա՝ մրցույթն անցկացվելու է հինգ ուղղություններով՝ կրթական, արտակարգ իրավիճակներ, առողջապահական, ռազմական և վիրտուալ լաբորատորիաներ, և երեք փուլերով, որոնցից յուրաքանչյուրի 1-ից 3-րդ տեղերը գրաված մասնակիցները ստանալու են դրամական պարգևներ, իսկ լավագույն աշխատանքը ներկայացրած մասնակիցն արժանանալու է Գրան պրիի՝ 8 մլն դրամի չափով․ «Բացի նշված մրցանակներից, մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կամ  թիմերից մեկական ներկայացուցիչ  կստանա իրավունք մասնակցելու Լոս Անջելեսում 2017 թվականին կայնալիք երկու հայտնի և խոշոր միջազգային միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017» և «World Mobile Congress 2017»։ 
Վ․ Շաքարյանի փոխանցմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան բոլոր երիասարդներն ինչպես թիմերով, այնպես էլ անհատապես, իսկ նրանց աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին՝ կազմված տեղեկատվական ոլորտում բարձր որակավորում և ճանաչում ունեցող մասնագետներից։ 
Նրա խոսքերով, մինչև մրցույթի արդյունքների ամփոփման վերջին օրը մասնակիցները չեն իմանալու, թե ովքեր են ժյուրիի կազմում, իսկ ժյուրին տեղյակ չի լինելու, թե մասնակիցներից ում աշխատանքն է գնահատում։
«Վիրտուալ իրականության մարտահրավեր»  մրցույթի մեկ այլ կազմակերպիչ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանի խոսքերով՝ այս մրցույթը մյուսներից տարբերվում է նրանով, որ մասնակիցներին բացի ֆինանսական աջակցությունից, տրամադրվում են համապատասխան սարքավորումներ, կազմակերպվում են դասընթացներ․«Մենք նաև հետամուտ ենք  լինում ներկայացված գաղափարների և ստարտափերի կյանքի կոչմանն ու զարգացմանը»։   
Ըստ նրա՝ մրցույթի ընթացքում գնահատվելու է անհատի կամ թիմի ներկայացրած գիտական գաղափարի յուրահատկությունը, իրականացման ձևը և ներկայացումը։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու ռազմական ոլորտում վիրտուալ իրականության կիրառությանն ուղղված գաղափարների, ծրագրերի և հավելվածների մշակմանը, որոնք թույլ կտան դիմագրավելու թշնամու մարտահրավերներին»,- ընդգծեց Վ․ Հովսեփյանը՝ հավելելով, որ մրցույթի ընթացքում մշակված լավագույն կրթական հավելավածներն ընդգրկվելու են «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում և «ԱրմՖոն» հեռախոսներում։
Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի ծրագրի համակարգող Շուշանիկ Վարդանյանի տեղեկացմամբ՝ մասնակիցների գրանցման առաջին փուլին հաջորդելու է հայտերի ուսումնասիրությունը մեկ շաբաթվա ընթացքում և հանդիպումը մասնակիցների հետ։ 
«Նույն գործընթացը կազմակերպվելու է նաև մյուս երկու փուլերի դեպքում, իսկ մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2016 թվականի սեպտեմբերի 9-ին»,- նշեց նա։
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութերը`  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ