Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել


 

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել

  • 18-12-2015 16:14:21   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հատուկ հետաքրքիր, կարևոր և արդյունքների վրա կենտրոնացած»` հետևյալ նախադասւթյամբ է բնութագրել Վրաստանի Պաշտպանության նախարարը իր հանդիպումը ցեղասպան Թուրքիայի Պաշտպանության նախարարի հետ:
 
Երկկողմանի հանդիպման ավարտից անմիջապես հետո հանդիպում է կայացել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի Պաշտպանության նախարարների միջև: «Կողմերը հատուկ ուշադրությամբ են քննարկել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Թուրքիայի Պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկություն է հաղորդել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պաշտպանության նախարարին հանդուրժողականություն և աջակցություն ցուցաբերելու համար», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում: «Մենք պայմանավորվել ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի մեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունները թևակոխեն հատուկ ակտիվ և արդյուքների վրա կենտրոնացած փուլ», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը` ավելացնելով, որ Թուրքիայի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունները պայմանավորվել են, որ «կսկսեն աշխատել համատեղ զորավարժություններ անցկացնելու ուղղությամբ»:
«Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը առաջին հերթին վրաց, աբխազ և օս ժողովուրդների գործն է: Մեզ համար ընդունելի կլինի ցանկացած որոշում: Ինչ վերաբերում է Վրաստանի Կառավարության վերաբերմունքին, այսօր մենք տեսնում ենք ազդանշաններ Վրաստանի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է վիզաներին, մենք մտածում ենք և պատրաստ ենք Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելուն», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
«Մենք ծանոթացանք Ռուսաստանի նախագահի` մեր քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելու մասին այսօրվա հայտարարությանը: Կարծում եմ, որ դա լիովին ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է: Հիշեցնենք, որ Վրաստանը դեռևս 2011թ.-ին միակողմանիորեն չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս տարի մենք ավելի հեռուն գնացինք և Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն տվեցինք գտնվել Ռուսաստանում առանց վիզա ավելի մեծ ժամանակով: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Վրաստան այցելեն ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ, մենք կողմ ենք, որպեսզի պարզեցված լինեն սովորական մարդկանց միջև շփման հնարավորությունները», -Պուտինի հայտարարությանն ի պատասխան` հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Դեկտեմբերի 17-ին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարել է, որ «Վրաստանի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին»: Հիշեցնենք, որ հաշվետվությունը պետք է հրապարակված լիներ դեկտեմբերի 15-ին, մինչդեռ, չնշված պատճառներով հաշվետվության շնորհանդեսը հետաձգվել էր:
«Վրացական իրավապահպան մարմինները լիովին վերահսկում են Պանկիսիի կիրճի իրավիճակը», -ասված է Պետանվտանգության Ծառայության հայտարարությունում: Տվյալ հայտարարության պատճառ է դարձել չճանաչված Հարավային Օսեթիայի ներկայացուցիչ Դավիթ Սանակոևի հայտարարությունը, որի համաձայն` «օսերը տեղեկություն են ստացել Պանկիսիի կիրճում «Իսլամական պետության» ահաբեկիչների համակենտրոնացման մասին»: «Ըստ մեր տեղեկության` ահաբեկիչները ծրագրում են Հարավային Օսեթիայի հանդեպ սադրանք իրականացնել: Ահաբեկիչների նպատակն է ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է Սանակոևը:
«Օսեթիայի կողմից արված հայտարարությունը «Իսլամական պետության» ահաբեկիչների` Վրաստանում գտնվելու մասին, արդեն իսկ սադրանք է: Օսեթական կողմի նպատակն է այլ հարցի վրա ուշադրության շեղումը և բանակցային գործընթացն ընդհատելու փորձը, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
Վրաստանի Տնտեսության նախարարության տարածած հայտարարության համաձայն` «2015թ. առաջին 10 ամիսների ընթացքում վրացական երկաթուղով տեղափոխվել է 11 800 000 տոննա բեռ, ինչը 15%-ով քիչ է, քան 2014թ. նույն ժամանակահատվածում: Բեռնափոխադրումների կրճատման ծավալի կապակցությամբ երկաթուղու վարչությունը որոշում է ընդունել բեռնափոխադրումների սակագների նվազեցման մասին: 2015թ. հուլիսի 1-ից սակագները իջեցվել են 20%»-ով: 2016թ. վրացական երկաթուղիները ակնկալում են բեռնափոխադրումների ծավալի աճ: Դա կապված է Մետաքսե Մեծ Ճանապարհի հարցի ակտիվացման հետ»: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը