«Ծրագրավորման ժամ» միջոցառումը համախմբել է ավելի քան 200 մասնակցի ՀՀ տարբեր դպրոցներից


 

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը համախմբել է ավելի քան 200 մասնակցի ՀՀ տարբեր դպրոցներից

  • 21-12-2015 11:31:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: 
 
«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից: 
 
Հայաստանում  «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում էր երկրորդ անգամ։ 2014-ին միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 150 մասնակից ՀՀ տարբեր դպրոցներից, իսկ այս տարի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ ավելի մեծացավ՝ համախմբելով 200-ից ավելի մասնակցի: 
 
«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը: Նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում է ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», - նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: 
 
«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - ասաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը: 
 
Բացի ծրագրի ավանդական մասից՝ միջոցառման ընթացքում կայացավ ռոբոտների ցուցադրություն: Պրեզենտացիաներ ներկայացրեցին «PicsArt» և «Shadowmatic» ըկերությունները: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: 
 
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը աջակցեց «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապով: Միջոցառման «համեղ» գործընկերն էր «Menu.am»-ը:
 
Միջոցառմանն աջակցեցին նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), «PicsArt» և «Shadowmatic» ընկերությունները: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ