2015 թվականի ընթացքում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ն օգնել է լուծել 40 երեխաների բուժման հարցը (տեսանյութեր)
23-12-2015 18:51:13 | Հայաստան | Բարեգործություն
Մեկ տարվա ընթացքում 40 առողջական խնդիրներ ունեցող երեխաներ և 20 սոցիալապես անապահով ընտանիքներ համապատասխան օգնություն ստացել են «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական հասարակական կազմակերպության միջնորդությամբ:
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նշյալ ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը, երկու տարի առաջ ստեղծված կազմակերպության նպատակն է եղել օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն հետագայում օգնություն ցուցաբերելու շրջանակն ընդլայնվել է` ներառելով նաև տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:
Ըստ նրա` առաջին անգամ իրենց օգնության կարիքն ունեցել է 5-ամյա Հայկ Ներսեսյանը, ում մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված:
«Հայկին օգնելու համար կազմակերպեցինք բարեգործական համերգներ, որոնք բավականին ծախսատար էին, իսկ հասույթն այդքան էլ մեծ չէր, ուստի որոշեցինք այլևս համերգներ չկազմակերպել, այլ պարզապես նկարահանել երեխային, նրա պատմությունը, տարածել ԶԼՄ-ներով և իրազեկել մտահոգ ու օգնել ցանկացող մարդկանց»,- ասաց Մ. Ստեփանյանը` հավելելով, որ այդ տարբերակն իրապես աշխատել է և այսօր իրենք կարողանում են իրազեկել նաև արտերկրից բարերարների:
Նրա փոխանցմամբ` հենց բարեգործական համերգներից մեկն իրականացնելու համար խնդիր է առաջացել դահլիճի վարձակալության հետ կապված և ինքը ստիպված է եղել դիմել «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որը դահլիճը վարձակալելու հարցում օգնելու փոխարեն անմիջապես հատկացրել է երեխայի վիրահատության համար անհրաժեշտ հինգ հազար դոլարին համարժեք գումարը:
Մ. Ստեփանյանի խոսքերով` հենց այդ դեպքից հետո սկսվել է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցությունը, որը շարունակվում է մինչ օրս:
«Ընդարձակելով գործունեության ոլորտը` մենք սկսեցինք համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության, «Ալյանս պլյուս» ընկերության, «Տղամարդիկ» մշակութային կազմակերպության, «Կարին» մշակութային ՀԿ-ի, Ազգային ժողովի արհմիության և մի շարք այլ կազմակերպությունների և հայտնի երգիչ-երգչուհիների հետ»,- տեղեկացրեց Մ. Ստեփանյանը:
Վերջինիս կարծիքով` իրենց կազմակերպության նկատմամբ հանրության վստահության առաջնային գրավականը թափանցիկ գործունեությունն է. «Երեխաների մասին տեսանյութերը պատրաստելիս և տարածելիս, մշտապես տեղադրում ենք երեխաների հաշվեհամարները և կոնտակտային տվյալներ նրանց ծնողների հետ կապնվելու համար, դա է պատճառը, որ մենք մեր երեխաներին օգնած շատ բարերարներին անձամբ չենք տեսել, բայց գիտենք, որ նրանք կան և շարունակում են օգնել»:
Մ. Ստեփանյանի համոզմամբ` ինքը միայնակ չէ օգնության կարիք ունեցող երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու հարցում, քանի որ աշխարահասփյուռ հայությունը նման խնդիրների մասին իրազեկվելուց հետո անպայման արձագանքում է և ուժերի ներածին չափով օգնում:
Անդրադառանալով գործունեության ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրներին` Մ. Ստեփանյանը նշեց, որ այսօր մտահոգիչը «հայ մայրերի» խնդիրն է. «Ես կոչ եմ անում բոլոր մայրերին լինել ավելի ուշադիր և զգոն իրենց երեխանների առողջության նկատմամբ, քանի որ այդ կերպ հնարավոր կլինի ավելի վաղ հայտնաբերել և բարձրաձայնել երեխայի առողջական խնդիրների մասին` նպաստելով դրանց լիարժեք բուժմանը: Շատ կարևոր է ոչ թե քանակ ապահովել, այլ որակ, այս առումով բազմազավակ մայրերին հորդորում եմ չկենտրոնանալ քանակի վրա և նպաստների համար երեխաներ չունենալ»,- նկատեց նա:
Մ. Ստեփանյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի տնօրենին և գլխավոր խմբագրին, ովքեր մշտապես տրամադրում են մեծաքանակ ամսագրեր, որոնք «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ն փոխանցում է սահմանամերձ բնակավայրերում ապրող դպրոցահասակ երեխաներին. Վերջիններս հնարավորություն են ունենում այդ ամսագրի հատուկ խորագրի ներքո ներկայացնել իրենց նկարները կամ փոքրիկ բանաստեղծությունները:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի հովանավոր, «Ալյանս պլյուս» ընկերության տնօրեն Սամվել Մուրադյանի կարծիքով` հայ հանրությունն ի սկզբանե իր մեջ կրում է օգնելու, բարի գործ կատարելու ձգտումը. «Կարծում եմ, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաների հարցը հանրային դարձնելու լավագույն տարբերակից կարող է դառնալ հեռուստատեսային հաղորդման ձևաչափը, որն իրականցնելու համար պատրաստ եմ օգնել և թեկուզ կես ժամ տևողությամբ հաղորդում պատրասատել և եթեր դուրս գալ, որպեսզի ցուցաբերվող օգնությունը լինի ժամանակին և արդյունավետ»:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի շահառու երեխաների ամանորյա ցանկությունների մասին տեսանյութը ստորև.