Եթե ցանկանում են ոչնչացնել և ավերել նվագախումբը, ապա գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարումը ճիշտ է. Կարեն Դուրգարյան (տեսանյութեր)


Եթե ցանկանում են ոչնչացնել և ավերել նվագախումբը, ապա գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարումը ճիշտ է. Կարեն Դուրգարյան (տեսանյութեր)

  • 26-12-2015 16:42:53   | Հայաստան  |  Մշակույթ



«Եթե ցանկանում են ոչնչացնել և ավերել նվագախումբը կամ խաղալ նվագախմբի հետ, ապա  գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարումը ճիշտ է»: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը` անդրադառնալով Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարման թեմային:
Ըստ նրա` նվագախումբը մշատպես պետք է ունենա գլխավոր դիրիժոր, հակառակ դեպքում օպերային թատրոնը կդադարի գոյություն ունենալուց. «Նման պարագայում պետք է լուծարել նաև նվագախումբը, քանի որ առանց գլխավոր դիրիժորի նվագախումբը չի կարող աշխատել, իսկ նվագախմբի լուծարումն  անթույլատրելի է»,- ասաց Կ. Դուրգարյանը:  
 
Նրա փոխանցմամբ` ինքը չի պատրաստվում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, քանի որ այդ դեպքում տպավորություն կստեղծվի, թե ինքը աթոռի կռիվ է տալիս:
Կ. Դուրգարյանը ` ընդգծեց,  որ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր լինելը պաշտոնի հետ ոչ մի կապ չունի. «Դիրիժորն ընդամենը նվագախմբին ուղղորդողն է և նվագախմբի մի մասնիկը, հետևաբար ես պատրաստ եմ պայքարել հաստիքի վերակագնման համար և կապ չունի, թե ով կստանձնի այդ հաստիքը»: 
Կ. Դուրգարյաի խոսքերով` օրեր առաջ ստացած ծանուցագիրը, որով նրան տեղեկացրել են Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարման եւ իր` այդ պաշտոնից հեռացնելու մասին, ցնցել է իրեն, քանի որ որպես պատճառաբանություն նշվել է Օպերային թատրոնի կառուցվածքային փոփոխությունը, որի պարագայում գլխավոր դիրիժորի կարիք չկա: 
«Իսկ թե ինչու գլխավոր դիրիժոր չպետք է ունենա Օպերային թատրոնը, ես չեմ կարող ասել. բոլոր այդ հարցերով պետք է դիմել թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրերնին»,- ասաց Կ. Դուրգարյանը` չցանկանալով մեկնաբանել իրեն գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացնելու մասին հանրության շրջանում տարածված տարատեսակ կարծիքներն ու ասեկոսեները: 
Նրա խոսքերով` իրեն որևէ մեկը չի կարող հանել կամ իր մասնագիտությունը խլել:
«Դասական արվեստը միջազգային լեզու է և ես ունեմ իմ  աշխատանք նաև դրսում»,- ընդգծեց Կ. Դուրգարյանը` հավելելով, որ  այսուհետ ևս շարունակելու է ներկայացնել Հայաստանը: 
Անդրադառնալով ծանուցմանը` գլխավոր դիրիժորը նշեց, որ իրեն աշխատանքից ազատելու դեպքում չեն հետևել համապատասխան օրենքի պահանջներին, քանի որ ըստ օրենքի` մարդուն աշխատանքից ազատելուց 2-3 ամիս առաջ նրան պետք է տեղեկացնեն այդ մասին, ինչն այս դեպքում չեն արել և պետք է փոխհատուցեն:
Վերջինս ուրախությամբ արձանագրեց այն փաստը, որ Օպերային թատրոնն այսօր Հայաստանում ունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչը նշանակում է, որ փոխհատուցումը չի ուշանա:  
Ասուլիսին ներկա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մեկնաբանելով կատարվածը` նշեց. «Կարենի անվան  շուրջ անթույլատրելի, հակամասնագիտական իրողություն է ստեղծվել, և օպերայի թատրոնը, կարծում եմ, մի փոքր շեղվել է իր ֆունկցիաներից: Հիմա ինտրիգային հարաբերություններ են, և բացահայտ երևում է, որ նրա փոխարեն մեկ ուրիշին են որոշ ժամանակ անց նշանակելու, սակայն Դուրգարյանն, իրոք, ամենից շատ արժանիքներ ունեցող մարդն է այդ պաշտոնի համար: Եթե դրսից ինչ-որ մեկին բերեն ղեկավար, առաջինը ես դրան դեմ կլինեմ, քանի որ դրսի մարդը մեր արվեստի խնդիրներով չի կարող ապրել, առավել ևս պահպանել մեր ավանդույթները»:
Ռ. Ամիրխանյանի պնդմամբ` հայ օպերային արվեստը տեղից շարժելու և առաջ տանելու համար առաջնային խնդիր է տեղի մասնագետների պաշտպանվածության բարձրացումը ստեղծագործական նախաձեռնություններ ձեռնարկելու և ցուցադրելու իմաստով: 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ևս անդրադարձավ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնի լուծարմանը և նշեց, որ դիրիժորի հաստիքը վերացնելը նման է նրան, որ ֆուտբոլի թիմում մարզիչի փոխարեն թիմին մարզի  դաշտի տնօրեն: 
Նրա պնդմամբ` Կ. Դուրգարյանն ունեցած մասնագիտական որակներով և փորձառությամբ շատ հանգիստ կարող է աշխատել արտերկրում, շատ բարձր աշխատավարձով, սակայն այստեղ կորցնողը հայ ժողովուրդն է լինելու. «Կ.Դուրգարյանի նման դիրիժոր մենք շատ երկար տարիներ կամ էլ ընդհանրապես չենք ունենա»:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play