Մերձավանում առաջին անգամ մեծ շուքով ազդարարվեց Ամանորյա միջոցառումների մեկնարկը. (տեսանյութեր)


Մերձավանում առաջին անգամ մեծ շուքով ազդարարվեց Ամանորյա միջոցառումների մեկնարկը. (տեսանյութեր)

  • 28-12-2015 14:19:19   | Հայաստան  |  Բարեգործություն



Մերձավանում առաջին անգամ մեծ շուքով ազդարարվեց  ամանորյա միջոցառումների մեկնարկը: Տոնական լույսերով զարդարված Մերձավանի գլխավոր այգում կայացավ  մեծ համերգ` հայտնի մուլտհերոսների, Ձմեռ Պապերի և Ձյունանուշների  մասնակցությամբ. վերջիններս համյանքի փոքրիկներին հանձնեցին շուրջ 350 ամանորյա նվերներ: 
Մերձավանցիների համար տոնական ուրախ և բարձր տրամադրության ապահովողը Մերձավանի բնակիչ Գագիկ Ախտոյանն էր, ով դեռ տարեկսզբին սեփական միջոցներով բարեկարգել էր Մերձավանի կենտրոնական այգին` այնտեղ տեղադրելով  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Խաչքար-հուշարձան: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Ախտոյանը, տոնական միջոցառումների նպատակն է համախմբել ու ուրախացնել համայնքի բնակիչներին: 
«Ճիշտ է, առաջին անգամ է նման տոնական միջոցառում անցկացվում, սակայն այն շարունակական է լինելու»,- ասաց Գ. Ախտոյանը:
Վերջինս, շնորհավորելով համայնքի և համայն հայության գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, նշեց. «Ուզում եմ սրտանց շնորհավորել ինչպես մերձավանցիներին, այնպես էլ ամբողջ հայությանը գալիք տոների կապակցությամբ` նրանց մաղթելով առողջություն, երջանկություն.  թող իրականանան բոլորի երազանքները»:
 
 
«Նոյյան Տապանի» հետ իրենց տպավորություններով կիսվեցին նաև գյուղի բնակիչները. նրանցից Աստղիկը, ով Մերձավանում հարս է եկել Գյումրիից, առանձնակի ոգևորությամբ նշեց. «Շատ ուրախ եմ հենց Մերձավանում մասնակցելու նման տոնական միջոցառման, որին կարող եմ ներկա գտնվել ամուսնուս և  բալիկիս  հետ. Ցանկալի է, որ դրանք շարունակական լինեն, որովհետև թեկուզ մեկ օրով կտրվում ենք կենցաղային հոգսերից»,-ասաց նա` շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչ Գ. Ախտոյանին և նրա որդիներին:
Նրա փոխանցմամբ` Ամանորին պատրաստվում են ինչպես բոլորը, ավանդական ձևով պատրաստելու են համեղ և միայն հայկական ավանդական  ուտեստներ, որոնցով զարդարելու են ամանորյա սեղանները:
 
 
Մերձավանցիների համար կազմակերպված տոնական գեղեցիկ միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:  
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութերը և լուսանկարները` «Նոյյան Տապանի»
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն