Ավարտվել է «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը


Ավարտվել է «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը

  • 29-12-2015 17:44:51   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի շուրջ 250 նամակագիր երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր: 
 
Նամակագիր երեխաներն աննախադեպ ոգևորություն ու հրճվանք են ապրել, քանի որ նախաձեռնությունն իրականացնող «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը հաջողվել է  բազմաթիվ բարեգործ անհատների ու կազմակերպությունների աջակցությամբ նվերներ պատրաստել նամակագիր բոլոր երեխաների համար` ըստ նրանց ցանկության` գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, նոութբուքեր և համակարգիչներ, գրասեղաններ և գրենական պիտույքներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ:
 
Հատկանշական է «Արմսվիսբանկ» ՓԲԸ ողջ անձնակազմի ներդրումը «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրում, ինչի արդյունքում անհատական նվիրատվությունների միջոցով շուրջ 100 նամակագիրների համար պատրաստվեցին նվերներ: Այդ բանկի հրաշալի անձնակազմի՝ ծրագրին մասնակցությունը դարձել է ավանդական ու ամենամյա:
Տարիներ շարունակ ծրագրին մեծ աջակցություն է ցուցաբերում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի շուրջ 500 երեխաների համար նախապատրաստել էր հրաշալի գնդակներ և պայուսակներ:
Նամակագիրների համար անսպասելի և աննախադեպ նվերներ էր պատրաստել Ռոստելեկոմը, որի միջոցով 8 նամակագիրներ ստացան իրական բարձրորակ պլանշետներ:
Մեծ ոգևորությամբ Ծրագրին մասնակցել են նաև մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպիսիք են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը, «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ն, Web Shutter, SCDM ընկերությունները, Թեքեյան կենտրոն հիմնադրամը, պետական մի շարք հաստատություններ և այլք:
 
Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք մեկ կամ մի քանի նվերներ էին պատրաստել նամակագիրների համար՝ իրենց ողջ սերն ու հոգատարությունը ներդնելով յուրաքանչյուր նվերում:
Ծրագրին 50 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել «Արցախբանկ» ՓԲԸ կողմից, իսկ մնացած ֆինանսական ծախսերը կատարվել են Ծրագրի կազմակերպիչների անձնական միջոցներով:
 
Բոլոր նվիրատուները հնարավորութուն ունենwww.santaclaus.am կայքում ստեղծված նվիրատուների էջերում տեսնել նվիրատվության պահին կատարված լուսանկարները, դրանցում նաեւ իրենց երազած նվերները ստացող փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Ուրախալի է կատարել փոքրիկների երազանքները, բայց խիստ ցավալի է նկատել, թե ինչ են երազում սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերում բնակվող մեր երեխաները` ամենաանհրաժեշտը` տաք հագուստ, կոշիկ, համակարգիչներ ու գրքեր: 
«Սա նվիրատվություն չէր զուտ ձևի համար, այլ այնպիսի միջոցառում, որի շրջանակներում իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք, շատերի մոտ մնացին անջնջելի տպավորություններ»,-ասում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ նախագահՄակար Եղիազարյանը: 
 
«Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ` մենք նամակագիր փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ այն փոքրիկների մասին, որոնց համար ուշադրությունն ու ջերմությունն ունեն առանձնահատուկ նշանակություն: Չէ որ նրանք հրավառությունների փոխարեն լսում են միայն իրական կրակոցների ձայներ, և նույնիսկ նվիրատվությունն իրականացնելու պահին նրանց ուղղությամբ կրակում էին:Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր ընկերներին ու աջակիցներին, ովքեր նախատոնական ծանր օրերին, թողած իրենց առօրյա հոգսերը, անձնվիրաբար աշխատում են ծրագրի համար»:
 
Հ.Գ. Ծրագրի 7 տարվա պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 17 հազար երեխաների համար: Ծրագրի մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ,որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատուները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ ևնվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւնվիրատուների միջև: 
Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ www.santaclaus.am կայքում կամ զանգահարել 094889488 հեռախոսահամարով:
 
«Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ
Նախագահ` Մակար Եղիազարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play