«Թեև գրում եմ ռուսերեն. երազներս մնում են հայկական». Մարգարիտա Գևորգյան (տեսանյութեր)


«Թեև գրում եմ ռուսերեն. երազներս մնում են հայկական». Մարգարիտա Գևորգյան (տեսանյութեր)

  • 13-01-2016 14:23:30   | Հայաստան  |  Մշակույթ



«Իմ կյանքում շատ հրաշքներ են տեղի ունեցել, դրանցից մեկն էլ «Ծիրանագույն եղյամ» (Абрикосовый иней) ժողովածուի ծնվելն էր»,- պատմում է բանաստեղծ, թարգմանիչ, կոլաժիստ Մարգարիտա Գևորգյանը:
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ նշյալ ժողովածուն ստեղծվել է 20 տարիների ընթացքում և ընդգրկում է իր բազմաթիվ  մտորումներն ու ինքնաբուխ ստեղծագործությունները: 
 
«Ես երբևիցէ չեմ ենթադրել, որ մի օր կգրեմ բանաստեղծություններ, քանի որ պատանեկան տարիներին ինձ ավելի շատ լրագող էի պատկերացնում և երբեմն էսսեններ էի գրում»,- հիշում է Մ. Գևորգյանը` հավելելով, որ բուռն գրական գործունեություն չի ծավալում, այլ տվյալ պահին իր հոգեվիճակին համահունչ ստեղծում է կոլաժներ կամ գրում բանաստեղծություններ:
Նրա փոխանցմամբ`  «Абрикосовый иней» ժողովածուի մեջ ընդգրկված ստեղծագործությունները երկարատեև դադարից հետո հոգեւոր պոռթկումների արդյունք են. այդ ընթացքում Մ. Գևորգյանը զբաղվել է իր երկու որդիների դաստիարակությամբ. «Տնային տնտեսուհու կարգավիճակում եղած շրջանում ծնվեցին այդ ստեղծագործությունները, ի դեպ դրանք գրում էի լուսաբացին. պարզապես գրելն ինձ համար բավարար չէր և ես որոշեցի  գրածս ներկայացնել մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի դատին, ում կարծիքն ինձ համար որոշիչ էր գրելը շարունակելու առումով»,- նշեց նա:
Մ. Գևորգյանը հիշում է Ս. Կապուտիկյանի հետ առաջին իր հանդիպումը, որը դարձել է նրանց հետագա ջերմ հարաբերությունների սկիզբը:
Բանաստեղծուհու խոսքերով` Ս. Կապուտիկյանը, ծանոթանալով ռուսերենով գրած իր ստեղծագործություններին,  դրանք փոխանցել է «Լիտերատուրնայա Արմենիա» (Литературная Армения) ռուսալեզու միակ գրական հանդեսի գլխավոր խմբագրին` Ալբերտ Նալբանդյանին՝ մասնագիտորեն գնահատելու համար դրանց գրական արժեքը: 
Թբիլիսիում ծնված, ապա Երևան տեղափոխված  բանաստեղծուհուն մինչ օրս տանջում է մայրենի լեզվով  չստեղծագործելու հանգամանքը, ինչը պայմանավորված է նրա ռուսական կրթությամբ. «Լեզվի առումով մեղքի զգացումը դարձավ մի տեսակ պատիժ ինձ համար և անգամ գրել եմ մի բանաստեղծություն, որի միջոցով փորձում եմ մեղքս խոստավանել ու բացատրել  ճակատագրի բերումով ինձ պարտադրված այդ իրողությունը՝ գրել ոչ մայրենի լեզվով»,- ընդգծեց Մ. Գևորգյանը,  ով մեջբերելով իր բանաստեղծություններից մի հատված` ասաց. «Թեև գրում եմ ռուսերեն, երազներս մնում են հայկական»:  
Անդրադառնալով իր հեղինակած կոլաժներին` Մ. Գևորգյանը համեստորեն նշեց, որ կոլաժներով սկսել է զբաղվել 2006 թվականից՝ շատ պատահականորեն, երբ ափսոսել է դեն նետել տարիներ շարունակ հավաքած և խնամքով պահպանած Երևան ամսագրի համարները. «Մի պահ այլևս հնարավոր չեղավ ֆիզիկապես պահպանել ամսագրի բոլոր համարները և ի վերջո դրանցում առկա արժեքավոր նյութերը վերածեցի կոլաժների,  հետագայում դրանց ավելացվեցին լրացուցիչ այլ դետալներ` հուլունքներ, ժապավեններ, քարեր, ասեղնագործ տարրեր և այն ամենը, ինչը հնարավոր է պահել ապակու տակ»:
Մ. Գևորգյանի խոսքերով` յուրաքանչյուր կոլաժը ոչ մտացածին մի պատմություն է,  որի ստեղծմանը նպաստում է ենթագիտակցությունը: 
Նրա կարծիքով` կոլաժները և բառերը դաստիարակում են մարդուն` նրան դարձնելով ավելի ուշադիր արտահայտած սեփական բառերի, խոսքի նկատմամբ,  սովորացնում տարբերել արժեքավորն ու անարժեքը:
Վերջերս  նկարիչներ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ Մ. Գևորգյանի առաջին գրական երեկոն, որի ընթացքում հեղինակի կողմից ընթերցվեց շուրջ 30 ստեղծագործություն, զուգահեռ ցուցադրվեց 14 կոլաժ: Գրական երեկոյին մասնակցում էին բանաստեղծուհու ընկերները և հարազատները, որոնց հետ անկեղծանալու և կիսվելու առիթն էլ դարձավ գրական երեկոն: 
Ամանորի կապակցությամբ  Մ. Գևորգյանը շնորհավորեց հայ ժողովրդին`  վերջինիս մաղթելով Սեր արած գործի, հայրենիքի, բնության, մարդկության նկատմամբ, համերաշխություն, անտարբերության վերացում, բաց չթողնել ամենօրյա փոքրիկ երջանկության ակնթարթները:   
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութերը և լուսանկարները` «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ