Ամերիկացի համանախագահ Ուորլիքը չի վայելում Ադրբեջանի վստահությունը. Մեկնաբան


Ամերիկացի համանախագահ Ուորլիքը չի վայելում Ադրբեջանի վստահությունը. Մեկնաբան

  • 13-01-2016 16:37:34   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապի պատասխանատուն panorama.am-ի հարցմանն ի պատասխան ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի պատրաստվում թողնել պաշտոնը եւ վայելում է թե ԱՄՆ կառավարության, թե ԵԱՀԿ վստահությունը:
 
Ամերիկացի համանախագահ Ուորլիքը չի վայելում Ադրբեջանի վստահությունը: Հենց ադրբեջանական մամուլն էր նախորդ տարեվերջին տարածել, թե Ուորլիքը առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Սակայն, ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր դա, հայտարարելով, որ ամերիկացի համանախագահը վայելում է պետքարտուղարության վստահությունը:
Ջեյմս Ուորլիքն առանցքային դերակատարում է ստացել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում: Երբ տարիներ առաջ նա նշանակվեց համանախագահ, փոխարինելով ԱՄՆ նախկին ներկայացուցչին, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ Ուորլիքը նոր էներգիա եւ նոր լիքց կհաղորդի կարգավորման գործընթացին:
Այդ իմաստով, ամերիկացի համանախագահն իսկապես նորություն բերեց, առնվազն աշխատանքային ոճի առումով: Նա աչքի է ընկնում կարգավորման գործընթացի վերաբերյալ աշխույժ գրառումներով, Թվիթեր սոցցանցում պարբերաբար հանդես գալով այս կամ այն հաղորդագրությամբ: Դրանք կամ լինում են ուղղակի որեւէ տեղակատվություն, կամ պարունակում են ուշագրավ ակնարկներ, որոնք հանրությանը ստիպում են ուշադրություն դարձնել կարգավորման գործընթացին:
Մեծ հաշվով, ամերիկացի համանախագահը կարծես թե դարձել է Մինսկի խմբի «հանրային խոսնակ»: Միեւնույն ժամանակ, ամերիկացի համանախագահը բավական հաճախ է խոսում նաեւ այն մասին, որ կարգավորման գործընթացում պետք է բարձրացնել հանրային դիվանագիտության, հանրային երկխոսության դերը:
Ներկայում իհարկե կարգավորման օրակարգում ԱՄՆ շեշտադրում է մեկ այլ հանգամանքի՝ հետաքննության մեխանիզմի ներդրման վրա, որի միջոցով պետք է ամրագրվի կայունությունը հակամարտության գոտում, հրադադարի պահպանումը, բայց արդեն ոչ միայն հակամարտ կողմերի «ազնիվ խոսքի», այլ միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմի հիմքով: ԱՄՆ-ն, օգտվելով ռուս-թուրքական գժտության ներկայիս փուլից, Ադրբեջանի ֆինանսա-տնտեսական խնդիրներից, փորձում է առաջ մղել այդ գաղափարը, որը խոշոր հաշվով կարեւոր ռազմավարական քայլ է ոչ միայն Արցախի հակամարտության, այլ ընդհանրապես տարածաշրջանային վերափոխման իմաստով:
Հրադադարի պահպանման ինստիտուցիոնալ վերահսկողության մեխանիզմի առկայությունը լիովին նոր փուլ կբերի թե հակամարտության կարգավորման գործընթացը, թե իրավիճակը եւ ուժերի դասավորությունն ու հարաբերակցությունը տարածաշրջանում:
Եվ այստեղ, այդ փուլում, կարող են բացվել հանրային դիվանագիտության, հանրային երկխոսության գործոնի աշխուժացման նոր, ավելի գործնական եւ առարկայական հեռանկարներ: Երբ էապես, մեխանիզմների մակարդակում սահմանափակվի ռազմական շանտաժի եւ սադրանքների ճանապարհը, դա կարող է անմիջականորեն ազդել հանրային երկխոսության ճանապարհին:
Աներկբա է, որ Արցախի հակամարտությունը դիվանագիտական մակարդակում չունի այլ լուծում, քան հասարակություններին խաղաղ համակեցության բերելը: Իսկ դրա համար պետք է հրաժարվել ստատուս-քվոյի փոփոխության հիմքով կարգավորման հեռանկարից, քանի որ այդ հիմքը անընդհատ բերելու է ռազմա-քաղաքական շանտաժի եւ շահարկումների նորանոր առիթների:
Արցախի հակամարտության դիվանագիտական կարգավորումը պետք կառուցվի հասարակությունների արժեհամակարգային փոփոխության սկզբունքների վրա, որի շնորհիվ հանրությունները, եւ առաջին հերթին իհարկե ադրբեջանական հանրությունը, առավել դիմադրունակ կլինեն տարատեսակ ռազմա-քաղաքական շահարկումների եւ սադրանքների հանդեպ:
Ստատուս-քվոյի փոփոխության վրա հիմնված կարգավորման փիլիսոփայությունն ակնհայտորեն սպառել է իրեն եւ բերել փակուղու: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Արցախի հակամարտության այդօրինակ կարգավորման միջոցով տարածաշրջանը փոխելու ռազմավարությունն անարդյունավետ էր ու ձախողված:
Առնվազն պետք է անցնել «հակառակ» ռազմավարության: Պետք է փոխել հասարակական արժեհամակարգը եւ մտածողությունը տարածաշրջանում, հասարակություններին պետք է բերել համակեցության նոր պատկերացումների, որոնցում ռազմա-հայրենասիրական պաթոսը կփոխարինվի պրագմատիկ եւ արդիական արժեքներով, բերելով մի իրավիճակի, երբ հասարակությունների համար խնդիրները կչափվեն արդեն այլ հարթության վրա, որտեղ ներկայում ձեւավորված ստատուս-քվոն արդեն կլինի ընդունելի, եւ բոլորը կհասկանան, որ տարածաշրջանային արդիականացմանը այդ ստատուս-քվոն չէ, որ խանգարում է: Այլ խանգարում են նրանք, ովքեր շահարկում են ստատուս-քվոն:
Այդ ռազմավարությունն իհարկե ժամանակատար է, կպահանջի տարիներ, նաեւ մի շարք «հարակից» տնտեսական եւ քաղաքական գործընթացներ: Սակայն, հեռանկարի եւ պոտենցիալի առումով այն անհամեմատ ավելի տարողունակ է, քան կարգավորման այն փիլիսոփայությունը, որն անարդյունավետ կերպով կիրառվել է անցնող քսան տարում եւ իրավիճակը մտցրել նախապատերազմական փակուղի:
Գլխավորը, ներկայում ստատուս-քվոյի կայունությունն ապահովող հնարավորինս երկարաժամկետ եւ արդյունավետ մեխանիզմի ներդրումն է՝ նոր փուլի, նոր ռազմավարության անցումն ապահովելու համար: Կստացվի՞ դա, թե ոչ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն