Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից


Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից

  • 02-02-2016 12:05:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով եւ սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով:
 
2015 թ.-ը բեկումնային տարի էր կենտրոններ այցելած աշակերտների քանակի իմաստով. Երեւանից, Կոտայքից ու Արմավիրից Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասերին մասնակցել են 64 խմբեր՝ 1646 աշակերտներով. մի թիվ, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների տվյալները: Մարգահովտում Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոններում անցկացվողղ դասընթացներին Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի դպրոցներից հաճախել է 74 խումբ՝ 1971 աշակերտներով:
 
«Մենք համոզված ենք, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, երբ երկրում առկա է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սահմանափակ իրազեկվածություն»,- պարզաբանում է բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը: «Բնապահպանական կրթության ծրագրի միջոցով  «Էյ Թի Փի»-ն փորձում է կրթել այնպիսի պատասխանատու սերունդ, որը հոգ կտանի շրջակա միջավայրի մասին եւ կպաշտպանի այն»:
 
Մելանյա Սարուխանյանը Մարգահովիտ գյուղի դպրոցի 13-ամյա աշակերտուհի է եւ Օհանյան կենտրոնի այցելուներից: Նա «Էյ Թի Փի»-ի էկո-ակումբի ակտիվ անդամներից է, որի բացումը 2012 թ.-ին ոգեւորության առիթ հանդիսացավ աշակերտների շրջանում: Մելանյան էկո-ակումբի մասին տեղեկացել է դպրոցում՝ իր ուսուցչուհի Գայանե Մարգարյանից, որը, միաժամանակ, էկո-ակումբի դասավանդողն է: 35 անդամ ունեցող (տարիքային երկու խումբ) էկո-ակումբը  շաբաթական 3 հանդիպում է կազմակերպում: «Աշակերտները հաճույքով են դասերից հետո ժամանակ տրամադրում էկո-ակումբի հանդիպումներին. այստեղ նոր գիտելիքներ ստանալու համար միջավայրը խրախուսող է եւ հետաքիքիր», - ընդգծում է Ալլա Սահակյանը:
 
Օհանյան կենտրոնը, կարծես, դպրոցական գրքից վերցված նկարազարդ պատկեր լինի: Շենքի պատերի գունազարդումն իրականացվել է այնպես, որ արտացոլում է կենտրոնը օղակող սարերի ողջ գունապնակը: Կենտրոնի առջեւում բացվող կանաչ այգիների ֆոնին Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանն է ծաղկում, իսկ Կենտրոնի ետնամասում թիկնած սարալանջին արագորեն թափ է առնում «Էյ Թի Փի»-ի հիմնած՝ Հրանտ Դինքի անվան հուշահամալիր-անտառը: Շենքի դիմաց գեղեցիկ ձեւավորված, փորձարարական այգին է, որ, միաժամանակ, վերածվել է աշակերտների աշխատանքների յուրօրինակ ցուցահանդեսի: Այստեղ նրբորեն ձեւավորված ծաղիկները, աճեցված բույսերն ու բանջարեղենը արդյունքն են այն գիտելիքների, որ երեխաները ձեռք են բերում էկո-ակումբի շրջանակներում:
 
Էկո-ակումբում Մելանյան սովորել է, թե ինչպես կարելի է ճիշտ կոմպոստացում իրականացնել, ծառեր տնկել, պատվաստել եւ, վերջապես, խնամել դրանք: Նա արդեն գիտի՝ ինչպես օրգանական եղանակով պայքարել միջատների դեմ եւ մաքուր ու անվտանգ բանջարեղեն աճեցնել: Հետաքրքրական է, որ «Էյ Թի Փի»-ի շնորհիվ գյուղում մեծ տարածում գտան բրոկոլին եւ բրյուսելյան կաղամբը, այն դեպքում, երբ այստեղ ավանդաբար աճեցվում էին սովորական կաղամբ եւ կարտոֆիլ:
 
Օհանյան կենտրոնում տեղադրված է մեղվի փեթակ, որի շնորհիվ աշակերտները ծանոթանում են մեղուների աշխատանքին, իրականացնում են դրանց խնամքը: Այս գիտելիքները հնարավորություն են տալիս ճիշտ պատկերացում  կազմել  էկո-համակարգում մեղուների կատարած կարեւոր դերի մասին: 
 
«Մեր վերջնանպատակը երեխային շրջակա միջավայրի հետ կապելն է: Մենք ցանկանում ենք նրանց սովորեցնել գնահատել բնությունը», - հավելում է Սահակյանը:
 
Երբ Մելանյային հարցնում ենք, թե ի՞նչն է հատկապես հավանում էկո-ակումբում, նա պատասխանում է. «Ակումբում գործնականում կիրառում ենք մեր տեսական գիտելիքները: Կենտրոնում օգտագործում ենք ժամանակակից, բայց միեւնույն ժամանակ, բնությունը չվնասող տեխնոլոգիաներ, ինչպիսիք բացակայում են մեր դպրոցներում», նշում է Մելանյան ու հավելում. «Այստեղ հետաքրքիր տեսանյութեր եւ ֆիլմեր ենք դիտում…կենտրոնում շատ ավելի զվարճալի է գիտելիքներ ձեռք բերելը: Ես հիմա գիտեմ, որ բնությունը մեզ կյանք է պարգեւում, ուստի մենք պարտավոր ենք հոգ տանել դրա համար»:
 
«Էյ Թի Փի»-ի Բնապահպանական ծրագրի կարեւորագույն մասն աշակերտների համար այն է, որ ապահովվում է կապը նրանց սովորածի եւ առօրյա գործունեության միջեւ: Նրանք կիրառում են ստացված գիտելիքներն՝ իրենց այգիներում կոմպոստաացում իրականացնելու, թուղթը վերամշակելու եւ պլաստիկ շշերը վերաաօգտագործելու միջոցով: «Ես հաճախ եմ հեռախոսազանգեր ստանում մեր աշակերտների ծնողներից, որոնք բողոքում են, թե իրենց երեխաները թույլ չեն տալիս աղբը դեն նետել»,- կատակում է Սահակյանն ու գոհունակությամբ ժպտում. «ահա եւ մեր աշխատանքի արդյունքը»:
 
Տեղի աշակերտների ներգրավմանը զուգահեռ, «Էյ Թի Փի»-ն նաեւ հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդների՝ որպես մեր ամերիկյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կառուցե՛նք կամուրջներ» ծրագրի բաղադրիչ: Հայաստանցի աշակերտներն այստեղ ծանոթանում են սփյուռքից ժամանած իրենց տարեկիցների հետ՝ միաժամանակ ստանալով բնապահպանական կարեւոր գիտելիքներ: Այսպես, 2015 թ.-ին «Էյ Թի Փի»-ն հյուրընկալել է սփյուռքի 6 դպրոցների աշակերտների, նրանց մասնակից դարձնելով Սարդարապատի եւ այլ պատմամշակութային վայրերում իրականացվող ծառատունկներին: 
 
Կարեւոր է նշել, որ բնապահպանական կրթության ծրագիրը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում նաեւ ուսուցիչների համար, ինչը թույլ է տալիս նրանց դպրոցում կիրառել «Էյ Թի Փի»-ի հրապարակած եւ Կրթության նախարարության կողմից հաստատված «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» ուսումնական ձեռնարկը: Ծրագիրը նաեւ իրականացնում է դասընթացներ՝ տարբեր սեմինարների եւ ամառային ճամբարների շրջանակներում: 
 
Հիմնադրման օրվանից «Էյ Թի Փի»-ն նկել է ավելի քան 4.9  միլիոն ծառ, հիմնել է երեք տնկարան, երկու կրթական կենտրոն եւ կանաչապատել է գյուղեր, վանքեր ու վանական համալիրներ, այգիներ ու ազատ տարածքներ` Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում: Այս ընթացում հիմնադրամն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ կենսական կարեւորության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.armeniatree.org:
 
 
Անի Մելքոնյան
 
ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մելանյա Սարուխանյանը «Էյ Թի Փի»-ի՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում գտնվող Էկո-ակումբի ակտիվ անդամներից է
«Էյ Թի Փի»-ի Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթության կենտրոնը, կարծես, Հայաստանի հյուսիսում բնապահպանական կրթության «կենդանի լաբորատորիա» լինի։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ