Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է - «Դեպի Հայաստան». Վահան Տերյանը 131 տարեկան է
09-02-2016 19:00:07 | Հայաստան | Գրական էջ
Այսօր` փետրվարի 9-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու, Նաիրյան երկրի երգիչ Վահան Տեր-Գրիգորյանի` նույն ինքը Վահան Տերյանի 131 ամյակը:
1885 թվականին Ախալքալաքի Գանձա գյուղում ծնված բանաստեղծն ապրեց ու ստեղծագործեց ոգեշնչվելով հայրենի բնությունից, երգեց բնության, սիրո, թախծի և իր «Յոթնապատիկ խոցված Տիրամոր մասին»:
Իր ժամանակակիցների հուշերում Տերյանը դաջվել է որպես անմիջական, պարզ ու զրուցասեր մարդ` հակված դեպի քրիստոնեական հոգեբանությանը` հեզության, խոնարհության, հնազանդության…
Իր առաջին ` «Մթնշաղի Անուրջներ» ժողովածուով Վ. Տերյանն անմիջապես գտնում է իր տեղն ու դիրքը հայ գրականությունում: Մի առիթով Ստեփան Զորյանն անդրադառնալով այդ ժողովածուին ասել է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:
Վահան Տերյանը վշտի ու ցավի երգիչ է, նրա բանաստեղծություններում ներկայացվում է ցավը, վիշտը, տխրությունը, միայնությունը, անհուսությունը, օտարվածությունը, սիրո անհասանելիությունը, սպասումը։ Սակայն ինչպես Վ. Տերյանն ինքն է ասել. «Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպես լուսավոր... »:
Դժվար է եղել Վ. Տերյանի գրական ճանապարհը. Նա ժամանակակիցն էր այնպիսի մեծերի, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, սակայն ինչպես հենց ինքը` Ավետիք Իսահակյանն է գրել. «Տերյանը մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն: Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեք բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունք ու անխառն գեղեցկություն»:
Վ. Տերյանը ոչ պակաս սրտի թրթիռով և նվիրվածությամբ է գրել իր հայրենի երկրի մասին: Բանաստեղծի համար չափազանց թանկ է եղել Նաիրին և նաիրիականը, նա Նաիրիի ցավով էր այրվում ու նրա գալիքով մտահոգվում: Նվարդ Թումանյանին ուղղված իր նամակներից մեկում Վ. Տերյանը գրել է. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է ներքին մի դառը կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ, քանզի այն ունի իր խորին ու վսեմ իմաստը: Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին է այրվում»»: Այո, այրվում էր Վ. Տերյանը, այրվում էր իր Նաիրիի համար, ում իր «Երկիր Նաիրի» բանաստեղծական ժողովածուում խիզախեց և հանդգնեց համեմատել «Յոթնապատիկ խոցված Տիրամոր» հետ: Նա երազում էր Նաիրիի մասին ու գրում էր նրա մասին, ապրում էր Նաիրիով ու տենչում էր դեպ Նաիրիի պայծառ ապագան, տենչում էր դեպ Հոգևոր Հայաստան:
«Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:
Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել »:
Վ. Տերյանն ապրեց ու մինչև ի մահ հավատաց, որ կլինի Հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրեիքը, մի օր կստեղծվի այն Հայաստանը, որի համար մեր զինվորներն իրենց արյունն են թափել:
Եվ ահա հայ մեծանուն գրողի հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը կլինի հիշել նրա պատգամները, այդ կերպ կերտելով Նաիրյան երգչի երազած հզոր ու լուսավոր հայրենիքը: