IBM Watson տեխնոլոգիաների մուտքը Հայաստան


IBM Watson տեխնոլոգիաների մուտքը Հայաստան

  • 10-02-2016 11:58:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 8-11-ը Երևանում իրականացվելու են արագացված դասընթացներ՝ IBM Watson համակարգի ուղղվածությամբ: Դասընթացները վարելու է նշված ոլորտում առաջատար մասնագետ, ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը: Այս չորսօրյա դասընթացը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար: Այն կլինի տարածաշրջանում առաջինը, որտեղ կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:
 
Դասընթացին ներգրավված են դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից և ոլորտի այն փորձագետները, ովքեր աշխատում են և մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, ովքեր կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին և հետաքրքրված մասնագետներին:
2016 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա Watson Day Yerevan 2016 միջոցառումը:
Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը կներկայացնի IBM Watson և IBM BlueMix համակարգերը, ինչպես նաև կքննարկվեն բիզնես-մոդելներ, որոնք, օգտագործելով նշված համակարգերը, մեծ հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսի զարգացման հարցերում:
Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ, առողջա-պահության ոլորտի մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ և այլն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ