Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների համատեղ համերգը


Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների համատեղ համերգը

  • 10-02-2016 17:54:17   | Հայաստան  |  Մշակույթ

     Ս. թ. փետրվարի 10-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը:
 
     Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել    11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը: Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:
     Համերգը ինքնատիպ ստուգատես է կատարված աշխատաքների, որոնք ներկայացրել է ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
     Համերգի ավարտին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է պատանի երաժիշտներին, մանկավարժներին, ծնողներին: Հ. Պողոսյանը գոհունակությամբ նշել է հայաստանյան և միջազգային բեմերում տաղանդավոր երեխաների փայլուն կատարումների և բազմաթիվ մրցույթներում տարած հաղթանակների փաստը: «Շնորհակալություն բոլոր այն մանկավարժներին, ովքեր անձնվիրաբար աշխատում են տաղանդավոր երեխաների հետ, նրանց ուղեկցում արվեստում հաջողությունների հասնելու դժվարին ճանապարհին»,- նշել է մշակույթի նախարարը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play