Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների


Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների

  • 11-02-2016 15:44:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու էր մեծ հաշվով շուկայի և խաղատան: Եվ այս ամենը այն վայրում, որտեղ հիշում և սգում են Մեծ Եղեռնի զոհերին: Ընկերությունը ստեղծվել էր գործարքից ընդամենը մի քանի օր առաջ և գրանցված էր մասնավոր բնակարանի հասցեում: Զարմանալի է այն փաստը, թե ինչպես է կառավարությունը վստահել այդ անհայտ ընկերությանը ժողովրդի կողմից սիրված և մշակութային արժեք ունեցող օբյեկտը: 
 
Մեկ այլ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտի ճակատագիրը գտնվում է կառավարության ձեռքերում և յուրաքանչյուր պահին կարող է զոհ դառնալ օտարերկրյա գործարարի ձեռքերում: Խոսքը գնում է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մասին: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը հանդիսանում է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի սեփականատերը կառավարության որոշման հիման վրա ստացել է թույլտվություն նոր մասնաշենքը ընդլայնել` քանդելով հին մասնաշենքի էստակադան: Սակայն, հանրության պահանջից ելնելով, կառավարությունը որոշեց քննարկել այդ հարցը ճարտարապետների հետ: 
 
Թե Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի և թե Զվարթնոց օդանավակայնի դեպքերում մենք գործ ունենք ռացիոնալ կապիտալիստական հաշվարկների և անողոք բիզնեսի հետ: Նույն սկզբունքով մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին հին Երևանի փողոցները (Բյուզանդի և Արամի փողոցների շենքերը), և այսօր մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են վերանում Երևանի արժեքները: Մեր սփյուռքահայ բարեկամները` մասնավորապես բարեգործ-գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, այսօր փորձում են ոչնչացնել Երևանի պատմական վայրերը: Իմ կարծիքով որքան կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Զվարթնոցի ապամոնտաժման որոժումը, այնքան էլ արգենտինահայ գործարար Էռնեկյանը հրաժարվի իր նպատակից և քանդելու փոխարեն վերականգնի Զվարթնոցի հին մասնաշենքը, ինչպես որ ի սկզբանե նշված է եղել կառավարության հետ պայմանագրի մեջ: 
 
Ամբողջ զարգացած աշխարհը պահում և պահպանում է իր պատմությունը, և միայն Հայաստանում կարելի է տեսնել թե ինչպես են վայրենաբար ոչնչացվում հնությունը: Եկել է ժամանակը, որպեսզի երիտասարդ սերունդը տեր կանգնի իր պապերի և տատերի հուշերին, տեր կանգնի իր ապագային, որը չի կարող լինել առանց ամուր անցյալի: 
 
 
Արման Ղուկասյան` Հանուն
օրենքի հասարակական շարժման համակարգող խմբի անդամ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play