Երևանում մեկնարկեց ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի 12-րդ տոնավաճառը
18-02-2016 17:33:47 | Հայաստան | Նոր գրքեր
Գիրք-ընթերցող կապն ամրապնդելու, ՀՀ հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակությունները ներկայացնելու նպատակով Երևանում փետրվարի 18-20-ն անցկացվեու է Մանկապատանեկան գրքի 12-րդ եռօրյա ցուցահանդես-վաճառք: Ավանդական դարձած տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:
Ինչպես փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, եռօրյա տոնավաճառի շրջանակներում նախատեսվում են իրականացնել անհատական և խմբային այցելություններ, բարձրաձայն ընթերցանություններ, զրույցներ, գրքերի նվիրատվություններ, շնորհանդեսներ, էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, երաժշտության կոլեկտիվ ունկընդրումներ, զրույց-վիկտորինաներ, նոր գրքերի տեսություններ, էլեկտրոնային և ընտանեկան ընթերցանություններ և կինոդիտումներ:
Ըստ նրա, վերջին տասը տարիների ընթացքում համեմատաբար ավելի կայուն են դարձել գրադարանային հաճախությունները. « Ամեն տարի մեր գրադարան հաճախողների թիվը հասնում է 20 հազարի, իսկ դա գոհացուցիչ է»,- ասաց նա` հավելելով, որ գիրքը միշտ էլ ունի իր ընթերցողը:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքերով` այս տարի մեծացել է ինչպես մակապատանեկան և ուսումնական, այնպես էլ գեղարվեստական այնպիսի գրքերի պահանջարկը, որոնք ինչ-ինչ պատճառներով հայերեն հրատարակված չեն եղել:
Նրա փոխանցմամբ` այս օրերին հրատարակության են պատրաստում Հարրի Փոթերի առաջին գիրքը` «Փիլիսոփայական քարը», որը պատրաստ կլինի 3-4 շաբաթ հետո. «Չեք պատկերացնի, թե որքան են մեզ դիմում, հիշեցնում, պահանջում, որ ժամ առաջ մենք ներկայացնենք գիրքը, ինչը շատ ոգևորիչ է և ուրախալի»:
Կարևորելով Մանակապատանեկան գրքի 12-րդ ցուցահանդես-վաճառքի անցկացումը` Է. Մկրտչյանը նկատեց, որ ի տարբերություն այլ երկրների` Հայաստանում գործող սակավաթիվ գրախանութներում չկան մանկական բաժնի հատուկ սրահ, ինչն ըստ նրա` որոշակի անհրամարություններ է առաջացնում երեխաների համար այն առումով, որ ծնողներն են դառնում երեխաների համար գիրք ընտրողը:
Մանակապատանեկան գրքի տոնավաճառին այս տարի մասնակցում են «Զանգակ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունները, որոշ գրախանութներ, ինչպես նաև Իրանի դեսպանատունը»:
Միջոցառումն իրականացվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի և IBBY Հայաստանի նախաձեռնությամբ, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ Մշակույթի նախարարությունը: