Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը հանրության դատին հանձնեց իր «Խորանարդ» ֆիլմը


Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը հանրության դատին հանձնեց իր «Խորանարդ» ֆիլմը

  • 24-02-2016 15:33:56   | Հայաստան  |  Մշակույթ

Բրիտանական ֆիլմերի 14-րդ` «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը կրող փառատոնի շրջանակում Սայմոն Ուիլքինսոնը փետրվարի 23-ին և 24-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ, ինչպես նաև ներկայացրեց  «Խորանարդ» ֆիլմը։
 
«Խորանարդ» ֆիլմը  վիրտուալ իրականության փորձ է, որը ձգտում է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝  անհետացածների թողած ութ նամակ-ապացույցի հիման վրա: Ներկայացումը պատմում է  1959 թ․ Մոգական հովտի Այդահոյի Հումանիտար գիտությունների քոլեջի ութ ուսանողների խորհրդավոր անհետացման մասին։ Ուսանողների՝ իրենց  ծնողներին գրած նամակները նրանցից մնացած միակ իրն էր: Նամակները հայտնաբերվել են սև փայտե խորանարդում։ Այս խորանարդից է սկսվում պատմության նոր հետազոտությունը։ «Խորանարդը» բազմազգայական վիրտուալ իրականության փորձառություն է, որը Ձեզ դնում է անհետացածներից մեկի դերում։
 
circa69 անվան տակ հանդես եկող Սայմոն Ուիլքինսոնը իրեն բնորոշում է որպես միջպլատֆորմային արվեստագետ: Արվեստագետի  աշխատանքըիր մեջ  ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները։ 
 
  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ուրախալի է այն հանգամանքը, որ  Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի են ոչ միայն հետաքրքիր և որակյալ ֆիլմերը, զանազան մրցույթներին մասնակցելու բազմաթիվ հնարավորությունները, այլ նաև արհեստավարժ մասնագետի դասախոսությունն ու խորհրդատվությունը, որն էլ իր հերթին նպաստում է մարդկանց կյանքն էլ ավելի լավ դարձնելուն:
 
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն էլ նշեց, որ  ֆիլմը տաբեր արտահայտչամիջոցների միաձուլման հրաշալի օրինակ է. «Այս ֆիլմը տաբեր արտահայտչամիջոցների միաձուլման հրաշալի օրինակ է: Այն նորարարական մոտեցում է և ներկայացնում է Միացյալ Թագավորությունում կինոարվեստի զարգացման նոր հնարավորությունները»:
 
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: 
 
Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կրում է  «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ