Հայաստանի նոր վարչապետը. Մեկնաբան


Հայաստանի նոր վարչապետը. Մեկնաբան

  • 26-02-2016 19:12:42   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ՀՅԴ գործակցության պտուղները կերեւան մեկ տարի հետո:
 
Մինասյանը հայտարարում է, թե ՀՀԿ-ն ոչ թե անկարող էր միայնակ լուծել պետության խնդիրները, այլ հավելյալ ջանք է գումարվում ՀՀԿ-ի ջանքին, որը կօգնի ավելի արագ ու արդյունավետ լուծել խնդիրները:
Զուտ տրամաբանության, քաղաքագիտության տեսանկյունից ծիծաղելի է, երբ իբր հասարակության մեծամասնության քվեն վայելող, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն տնօրինող ուժը ավելի արդյունավետ լինելու համար գործակցում եւ իշխանությունը կիսում է խորհրդարանում 5 տոկոս անգամ չունեցող ուժի հետ:
Բայց, Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական կյանքը զարգանում է հակաքաղաքագիտական եւ հակատրամաբանական ընթացքով, առաջին հերթին հենց այն պատճառով, որ Հայաստանում կեղծվում է ընտրությունը, խեղվում է հանրային քվեն:
Հակառակ դեպքում, Դաշնակցությունն օրինակ, խորհրդարանում կունենար անկասկած ավելի մեծ ներկայացվածություն, քան ՀՀԿ-ն: Անգամ ՀՀԿ-ի հետ երեք անգամ կոալիցիա կազմած լինելուց հետո:
Եվ, հենց այստեղ է թերեւս ՀՀԿ-ՀՅԴ գործակցության «գաղտնիքը»: ՀՅԴ ջանքը ՀՀԿ-ին պետք է ընտրական արդյունքի համար: Եվ բոլորովին պատահական չէ, որ Մկրտիչ Մինասյանը ասում է, թե մեկ տարի հետո կերեւա գործակցության պտուղը: Մեկ տարի անց Հայաստանի խորհրդարանի նոր ընտրությունն է: Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր ելույթում պարզ եւ ուղիղ հայտարարեց, որ Հայաստանը պետք է լիարժեք կատարի միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունը: Այստեղ իհարկե պատրանք չկա, թե միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությունից պահանջում է ազատ, արդար եւ օրինական ընտրություն:
Խնդիրն այն չէ, որ միջազգային հանրությունը Հայաստանում դա չի ցանկանում: Պարզապես օբյեկտիվորեն ակնհայտ է, որ Հայաստանում չկա դրա նախադրյալը, որքան էլ ցավալի է արձանագրել դա: Հետեւաբար, միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությունից ակնկալում է թերեւս այնպիսի ընտրություն, որում հնարավորինս քողարկված կլինեն ընտրակեղծիքները, կլինեն անաղմուկ, իշխող համակարգը հնարավորինս «անարյուն» կհավաքի իր քվեաթերթիկները:
ՀՅԴ-ն ՀՀԿ-ին անհրաժեշտ է այդ խնդիրը լուծելու համար: Պատահական չէ, որ ՀՅԴ-ին տրվում են կառույցներ, որոնք էական նշանակություն ունեն այդ խնդրում՝ տարածքային կառավարման նախարարություն, կրթության ու գիտության նախարարություն, Շիրակի մարզ, որտեղ իշխանության վարկանիշը թերեւս ամենացածրն է:
ՀՅԴ-ն իր կուսակցական, գաղափարական, կազմակերպական ռեսուրսների շնորհիվ ՀՀԿ-ի համար ապահովելու է հնարավորինս անաղմուկ ընտրություն: Դա է գործակցության առանցքային նշանակությունը: Ի դեպ, հենց դա է նաեւ պատճառը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կոալիցիայի առաջարկ արվեց միայն ՀՅԴ-ին, իսկ ԲՀԿ-ն մնաց դուրս: Չէ՞ որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էին այն երկու խոշոր անունները, որոնք սատարել էին այդ փոփոխությունը:
Պարզապես, ՀՅԴ-ն, անունից բացի, ռեալ կազմակերպական եւ քաղաքական ռեսուրս է, կարգապահ ռեսուրս, իսկ ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի միայն անունն է: Գագիկ Ծառուկյանը, այսինքն ԲՀԿ ռեսուրսը, արդեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ տրամադրության տակ է, հետեւաբար ԲՀԿ-ն այլեւս պետք չէ:
Միաժամանակ, ՀՅԴ-ն իհարկե պետք է ոչ միայն ընտրական արդյունիք համար: Այդ կուսակցությունը ՀՀԿ-ի, կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել Սերժ Սարգսյանի համար կարող է ունենալ նաեւ հետընտրական նշանակություն: Գործակցության հուշագրում չկա այդ մասին որեւէ խոսք, բայց Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ իր քաղաքական ծրագրերը կախված են 2017 թվականի ընտրությունից: Շատ հավանական է, որ Սարգսյանը միջազգային հանրության հետ քննարկում է նախագահի պաշտոնից հետո վարչապետ մնալու հնարավորությունը: Եվ հավանական է, որ այդ հարցում հենց էական նշանակություն ունի այն, թե Սարգսյանը ինչպես կկատարի միջազգային հանրության առաջ ընտրական հանձնառությունը: Եվ եթե Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական դաշտում շարունակվում է ճահճացումը, ապա քիչ չէ հավանականությունը, որ, օրինակ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը ստանա իր նախագահությունից հետո վարչապետ մնալու միջազգային հավանություն:
Այդ հավանությունը ստանալուց հետո, Սերժ Սարգսյանն իհարկե կփորձի լինել ոչ թե միայն ՀՀԿ, այլ այսպես ասած լայն գործակցության, «համազգային» վարչապետ: Եվ այդ հարցում էլ ՀՅԴ-ն կարող է նրան լինել օգտակար:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play