«Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է ԼՂՀ Մատաղիսի սահմանապահ զինվորներին (տեսանյութ)


«Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է ԼՂՀ Մատաղիսի սահմանապահ զինվորներին (տեսանյութ)

  • 02-03-2016 17:45:37   | Հայաստան  |  Բարեգործություն



ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին առաջին անհրաժեշտության պարագաններով աջակցելու նպատակով Երևանում անցկացվելու է «Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական բարեգործական երեկո:
Ինչպես մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ, Վիվարտ ՄՀԿ-ի հիմնադիր, կազմակերպիչ Վարդուհի Գասպարյանը, նմանատիպ միջոցառումների միջոցով նպատակ ունեն ամրապնդել հասարակություն-զինվոր կապը` միաժամանակ չտարանջատելով Հայաստանի և Արցախի սահմանապահ զորամասերի զինծառայողներին: 
 
«Արդեն չորս տարի է, ինչ մեր կազմակերպությունը գործում է, սակայն բանակի հետ կապված նման միջոցառումներ անցկացնում ենք արդեն մեկ տարի և մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք աջակից լինել հայ զինվորին»,- ասաց Վ. Գասպարյանը` հավելելով, որ իրենց նախաձեռնությունների կայացմանն աջակցում է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ նրա` բարեգործական նախաձեռնությունների գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքն ազատամարտիկին նվիրված իր հեղինակային գիրքը գրելու համար անձամբ այցելել է գրքի հերոսի անցած զորամասեր` Մարտակերտ, Մադաղիս, Թալիշ, և հասկացել է, որ արցախյան շատ զորամասեր ունեն հասարակության լայն զանգվածների աջակցության կարիքը:
Վ. Գասպարյանի փոխանցմամբ` «Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական բարեգործական երեկոյի շրջանակներում հանդես են գալու մշակութային գործիչներ, մասնավորապես, ասմունքողներ, հեղինակ-կատարողներ, նաև Աշուղ Նազելի Գրիգորյանը: 
Վերջինիս խոսքերով` ոգևորիչ է հայրենասեր երիտասարդներ ունենալու փաստը, ինչի մասին են վկայում նմանատիպ բարեգործական միջոցառումներին իրենց փոքրիկ ներդրումն  ունենալու առումով:
«Մեր պարտքն ենք համարում այսպիսի հայրենասիրական և ազգանպաստ միջոցառումներին մասնակցելը. Երգիչ-երգչուհիներն իրենց երգերով ու դրանցում պարունակվող խորհուրդներով պետք է աջակցեն մեր երիտասարդներին»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտ է կոտրել մարդկանց անտարբերությունը:
«Ճերմակ անուրջներ»-ի մասնակից, ասմունքող Աննա Գարեգինյանի փոխանցմամբ` երեկոյի ընթացքում փորձելու են ցույց տալ ոչ միայն զինվորի և նրան սպասող աղջկա սիրո պատմությունը, այլև այդ կերպ ներկայացնել մարդկանց սերն ու հավատարմությունը զինվորի նկատմամբ:
«Կարծում եմ ակնկալվող օգնությունը կստանանք և կկարողանանք աջակցել զինվորին` վստահեցնելով նրան, որ մենք իր կողքին կանգնած ենք»,- ընդգծեց Ա. Գարեգինյանը` հուսալով, որ զինվորին աջակցել ցանկացողների շրջանակն ավելի կընդարձակվի:
««Ճերմակ կամուրջներ» ներկայացման մեջ հնչելու է իմ հեղինակած երգերից մեկը և Գուսան Հայկազունու «Պիտի գնանք վաղ թե ուշ» կատարումը»,- տեղեկացրեց երեկոյի հեղինակ-կատարող Արման Կարապետյանը:
Վերջինիս խոսքերով` բազմիցս մասնակցել է Վիվարտ ՄՀԿ-ի բարեգործական միջոցառումներին: 
Բարեգործական նախաձեռնության նպատակը և ծրագիրը ողջունեց նաև ասմունքող Նարեկ Մակարյանը: Ըստ նրա` վերոնշյալ նախագիծը շարունակական է լինելու, որպեսզի գոնե այս կերպ երիտասարդությունը հաճախի դահլիճ ասմունք ունկընդրելու: 
Նրա փոխանցմամբ` ծրագրում ընդգրկված են Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Աղվան Հարությունյանի, Նարինե Ավագյանի ստեղծագործությունները: 
Նշենք, որ «Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական բարեգործական երեկոն  տեղի կունենա մայիսի 4-ին Համազգային թատրոնում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն