Սերժ Սարգսյանն ապամոնտաժում է համակարգը. Վերլուծաբան


Սերժ Սարգսյանն ապամոնտաժում է համակարգը. Վերլուծաբան

  • 04-03-2016 17:15:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, ոստիկանությունում պաշտոնանկություններ են տեղի ունենում, նախարարություններ են կիսվում, բարձր պաշտոններում նոր նշանակումներ են կատարվում։ Արդյոք գործ ունենք քաղաքական նոր վերնախավի ձևավորման հետ: Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում քաղաքական դաշտում 2017-ի ընտրություններից մեկ տարի առաջ։

Այս պահին վերադասավորումներ են տեղի ունենում, և իշխանությունն ուղղակի ստեղծում է այն հիմքը, որն իր համար վստահելի կլինի և կապահովի իշխանության վերարտադրությունն ու ՀՀԿ-ի հաղթանակը։ Դա արվում է և' ընտրական օրենսգրքի ձևով, և' քաղաքական համաձայնություններ կնքելով, նաև ուժային կառույցներում կադրային վերադասավորումներով։ Սկսած հարկային ու մաքսային մարմինների անջատումից, վերջացրած ոստիկանության կազմում փոփոխություններով, տեղի ունեցող գործընթացները ոչ այնքան իշխանության գործունեությունից դժգոհության արդյունք են, որքան կապված են 2017-ի ընտրափուլերի հետ։

 

Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը յուրայիններին է հավաքում իր շուրջը։ Դուք նկատո՞ւմ եք նման սցենար։

Այո, Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դասեր է քաղել 2008-ից և 2013-ից։ Նախ խոսքը համակարգի առավել «անթերի» գործունեության մասին է, որն անակնկալներ չի մատուցի Սերժ Սարգսյանին։ Նա, ըստ երևույթին, և 2008-ին, և 2013-ին նկատել էր, որ ընտրական գործընթացներից հետո որպես վերջին քայլ իրեն մնացել էր ընտրությունների արդյունքների մանիպուլացումը, որոնք առաջ էին բերել և արտաքին, և ներքին դժգոհություններ։ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ թերևս իշխանության լուրջ վերադասավորման կոչնակ էր, որը նշանակում էր մաքսիմալ լոյալություն ունեցող մարդկանց միջոցով իշխանության ձևավորում։ Իշխանությունները չէին էլ թաքցնում, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված էին նախագահական ընտրություններին հաջորդած ցնցումներով։ Նրանք որդեգրեցին այդ ինստիտուտի ընտրությունը հանելու տարբերակը, բայց այս ամենը նաև ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն ուզում է 2017-ի և 2018-ի ՀՀԿ-ի և իր վերարտադրությունը մաքսիմալ տարբերվի նախորդ տարիների վերարտադրությունից:

 

Դուք նշեցիք, որ Սերժ Սարգսյանն այս կադրային փոփոխություններով իրեն շրջապատում է յուրայիններով։ Ի՞նչ է, Գագիկ Խաչատրյանը յուրային ու վստահելի գործընկեր չէ՞, որ նրա ձեռքից վերցվեց ՊԵԿ-ը։

Հիշենք, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին, որպես իր համար շատ վստահելի ֆիգուր, սուպերնախարար դարձրեց առավելապես կառավարության ներսում Հովիկ Աբրահամյանին հակակշռելու համար։ Այժմ, երբ այդպիսի անհրաժեշտություն չկա, անգամ հակառակը, 2017-ից հետո անհրաժեշտություն չկա, որ կառավարության ներսում լինեն խոշոր և ուժեղ պորտֆելներ, հիմա ուղղակի այդ սուպերկառույցն ապամոնտաժվում է: Այն ստեղծվել էր իշխանության ներսում եղած թևային պայքարում զսպումներ ապահովելու համար։ Սերժ Սարգսյանն, ակնհայտորեն, այլ պլաններ և այլ ճարտարապետություն է տեսնում 2017-ից հետո ձևավորվող իշխանության համար, հետևաբար իր համար այլևս այդպիսի սուպերնախարարությունը պահանջված չէ։  

 

Վերջերս մամուլը  գրեց, որ կարող է ՀՀ ոստիկանապետի փոփոխություն լինի, բայց տեսնում ենք, որ ոստիկանապետն ինքն է կադրային ջարդ իրականացնում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Ես այս պահին չեմ տեսնում որևէ անվստահություն Սերժ Սարգսյանի կողմից դեպի Վլադիմիր Գասպարյանի ծառայությունը: Ճիշտ հակառակը, մենք կարող ենք մի հետևության հանգել, որ, ըստ էության, Հայաստանին դեղին քարտ ցույց տրվեց, այդ թվում նաև Մոգերինիի այցի ընթացքում՝ կապված սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ արձագանքի հետ։ Եվ քանի որ իշխանությունը համարձակություն չունեցավ պատժելու յուրայիններին, որոնք կատարած ընտրակեղծիքների համար տուգանքներով ազատ արձակվեցին, Սերժ Սարգսյանը ոչ միայն ապագա զարգացումներում առավել կոնսոլիդացած ոստիկանական համակարգ ունենալու, առավել լոյալ անձանց իր շուրջ համախմբելու նպատակ ունի, այլ նաև խնդիր ունի ցույց տալու, որ արդարադատության համակարգում փոփոխություններ են ընթանում, թեև, իհարկե, որևէ մեկն այդպես էլ որևէ բացատրություն չի ստանում, թե ինչու հենց այդ մարդիկ են նշանակվում։ Սերժ Սարգսյանը հաստատ փորձելու է այս ամենը վաճառել որպես արտաքին, միջազգային քննադատությունը մեղմացնող հանգամանք՝ փաստարկելով, թե տեսեք՝ ես փորձում եմ փոխել ոստիկանության և արդարադատության  համակարգերը, սակայն այն իրականում բոլորովին այլ սկզբունքներով է գործելու։

 

Թեև մեծ դեր չի տրվում սահմանադրական փոփոխությունների հետ կապված արտաքին քննադատություններին, բայց քանի որ Սերժ Սարգսյանն այլ ճանապարհ էլ չունի, չի կարողանում պատժել յուրայիններին, որոնք ծառայություններ են մատուցել, մի ձևով ստիպված է հուսադրել հանրությանն ու միջազգային խաղացողներին, որ արդարադատության համակարգում կատարվում են արմատական քայլեր։ Պատահական չէր, որ նախօրեին անակնկալ ազատված ոստիկանապետերի և նրանց մերձավորների շրջանակներից, այդ թվում Գյումրիից, տարակուսանք էին հայտնել՝ որ լավ էլ ծառայեցինք «Նոր Հայաստանի» ցույցը ցրելու ժամանակ։ Այսինքն ակնարկեցին, որ այն, ինչ պետք է եղել իշխանություններին, իրենք ապահովել են ու հիմա չեն հասկանում, թե ինչու են իրենց հետ այդպես վարվում։ Ես կարծում եմ, որ այս ամենը բազմաթիվ շերտեր և խորություններ ունի։ Իհարկե, այս պահին դժվար է միարժեք ասել, թե ինչ առումով, բայց մի բան գրեթե ակնհայտ է, որ սա 2017-ի նախապատրաստությունն է։

 

Պարոն Սաֆարյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիրների հնարավորությունները 2017-ի ընտրությունների ժամանակ, հաշվի առնելով, որ այդպես էլ նրանց մոտ համախմբում տեղի չի ունենում։ Հնարավո՞ր է արդյոք գոնե 2-րդ, 3-րդ տեղին հավակնել։

 

Այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունն օրակարգ թելադրող չէ, ընդդիմության շանսերի մասին խոսելը պարզապես աբսուրդ է։ Այսինքն, պետք է ոչ միայն հավատ և վստահություն ներշնչող կազմակերպչական, վարչական, ֆինանսական ու ծրագրային ռեսուրսներ ունենա, որ իրեն իսկապես ասոցացնեն ուժի, այլընտրանքի ու հաղթանակի հետ, այլ նաև օրակարգ թելադրող լինի։ Առայժմ մենք տեսնում ենք, որ արդեն երրորդ տարին է՝ ընդդիմությունը պարզապես արձագանքում է նրան, ինչ իրեն առաջարկում է իշխանությունը՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական օրենսգիրք և այլն։ Այսինքն՝ ընդդիմությունը բացարձակապես դուրս մղված է և' որպես քաղաքական օրակարգ ձևավորող, և' որպես ուժի հետ ասոցացվող ինչ-որ միավորում։ Եվ նկատելի է, որ հասարակությունը դրա մեջ ոչ ուժն է տեսնում, ոչ այլընտրանքը և ոչ էլ օրակարգ թելադրողին։ Հետևաբար տխուր կլինի պատկերը 2017-ի համար, որովհետև այս պահի դրությամբ բացի այն, որ առանձին-առանձին վերցրած հասարակությունը գլոբալ առումով որևէ մեկի հետևից չի գնում, նաև, քանի որ տեղի չի ունենում այդ կոնսոլիդացիան, չի կարող ուղղակի նրանց հետ հավելյալ հույսեր կապել 2017-ի հետ կապված։ Հետևաբար վերին աստիճանի միապաղաղ վիճակ է ստեղծվում, և ընդդիմադիր ուժերն ավելի շատ պայքարելու են իրար դեմ, քան իշխանության:

 

Պարոն Սաֆարյան, որքանո՞վ են վարչապետի դիրքերը թուլացել իշխանության ներսում։

 

Կարծում եմ՝ չափազանց թուլացած են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, և խաղի դաշտերը նույնպես սահմանափակված են։ Այն դերակատարները, որոնք կարող էին օգտագործվել նրա կողմից, այլևս չկան։ Փետրվարի 12-ի իրադարձություններից հետո միանշանակ է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ն անցնում է Հովիկ Աբրահամյանի խնամակալության ներքո։ Հետևաբար, այսպիսի պայմանավորվածության պարագայում Հովիկ Աբրահամյանը չի կարող ԲՀԿ-ին իջեցնել Ազատության հրապարակ ռադիկալ ընդդիմության տրամաբանությամբ և փորձել դիրքերն ամրապնդել Սերժ Սարգսյանի վրա ուղղորդված ճնշումով, ինչպես դա արվում էր քառյակի ժամանակ։ Այսինքն՝ ԲՀԿ-ն չունի նախկին ազատությունը, ինչ ուներ, օրինակ, 2012-2014 թթ։ Մի խաղացող ուղղակի խաղից դուրս բերված է և պարտավորված է վերին աստիճանի լոյալ լինել Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Երկրորդ խաղացողը՝ ՀՅԴ-ն, որ կարող էր ստվերային խաղարկվել, այլևս չկա, նա նույնպես ազատությունից զրկված է և մտցված իշխանության մեջ։ ՀԱԿ-ը ոչ կարող է այդպիսի ուժ դառնալ, ոչ էլ, այսպես ասած, հարաբերությունների երևելի մակարդակը թույլ է տալիս անել այն, ինչը նրանք անում էին քառյակի շրջանակներում։ Հետևաբար այս ուժերին թելադրելու կամ խաղացնելու ունակ այդ գործիչների համար, ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանն է, գործողության դաշտն ուղղակի վերացված է։ Եվ Սերժ Սարգսյանը նուրբ կոմբինացիաներով փորձում է ուղղակի չեզոքացնել բոլոր այն սուբյեկտներին, որոնք կարող են օգտագործվել իր դեմ՝ հակառակորդների, այդ թվում սեփական թիմի և թիմից դուրս մրցակիցների կողմից։

 

Կոմբինացիան բազմաքայլ է և այս պահին դեռևս ավարտված չէ: Եվ այս ամենն ուղերկցվում է իշխանության ամրապնդմամբ։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի հույսերից մեկը համակարգի ճեղքումն էր, երբ անհրաժեշտ պահին համակարգը կճեղքվեր և իր ծպտված երկրպագուները գլուխ կբարձրացնեին։ Հիմա Սերժ Սարգսյանն այդ համակարգն ուղղակի ապամոնտաժում է։ Անշուշտ, նա չի նշանակում մարդկանց, որոնք այսպես ասած համապատասխանում են հանրային ծառայողի իր կողմից վերջերս տրված չափանիշներին, պարզապես մարդիկ են, որոնք, իր համոզմամբ, ծպտված չեն լինի, չեն երկպառակտվի, ինչպես նախկինում նման վտանգ կար, և իշխանության թիմը կլինի հնարավորինս միահեծան և մոնոլիտ, առանց ներքին կոնֆլիկտների։ Այս խնդիրը լուծեց Սերժ Սարգսյանը։ Եվ ներքին բոլոր դերակատարները, որոնք նախկինում համարձակություն ունեին ուղղակիորեն կամ ստվերային եղանակներով նրա դեմ խաղացնել որոշ շրջանակների և ուժերի, այժմ Սերժ Սարգսյանը փակում է բոլոր այդ հնարավորությունները։ 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play