07-03-2016 10:45:35 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադիգենում հիմա հանգիստ է:
Տեղի քրիստոնյաների և մուսուլմանների միջև երկօրյա կոնֆլիկտից հետո իրավապաշտպաններն ու լրագրողները լքեցին ավանը, չնայած որ ոստիկանական մեքենան դեռևս շարունակում է մնալ այստեղ: Վերջին երեք տարվա մեջ սա կրոնական հողի վրա ծագած երրորդ կոնֆլիկտն է Ադիգենում: Եթե առաջին ու երկրորդ դեպքերում վեճերի պատճառը մուսուլմանական աղոթատեղին էր, ապա այս անգամ քրիստոնյաների ու մուսուլմանների կռվախնձորը գերեզմանատան տարածքն է եղել:
Տվյալ պահին կոնֆլիկտը լուծված է՝ մուսուլմանական համայնքում գերեզմանատան համար տարածք են առանձնացրել, որը հարում է քրիստոնեականին: Երկու գերեզմանատներն էլ առանձին մուտքեր կունենան, իսկ մեջտեղում առանձնացված կլինեն միջնորմով: Սակայն իրավապաշտպանները այս որոշման մեջ լավատեսության հիմքեր չեն տեսնում: Նրանց խոսքով, վերջին տարիներին շատացած կրոնական կոնֆլիկտները վկայում են համակարգային խնդիրների մասին:
Իրավիճակն Ադիգենում սրվեց այն բանից հետո, երբ նախորդ տարվա գարնանը մահացավ մահմեդական Ռևազ Միքելաձեն, որի թաղման համար տեղ չգտնվեց գյուղում:
Ադիգենում ավելի քան 20 մահմեդական ընտանիք է ապրում, որոնք Աջարիայից 30 տարի առաջ են եկել այստեղ: Այս 3 տասնյակ տարիների ընթացքում մուսուլմանները հնարավորություն չեն ունեցել թաղելու իրենց մահացածներին. ոմանք ընտանիքի անդամներին թաղել են լեռնային Աջարիայում, մյուսները՝ սեփական բակերում:
Մուսուլմանական համայնքի՝ նախորդ տարի մահացած ներկայացուցիչ Ռևազ Միքելաձեի ընտանիքի անդամները որոշել են այլ կերպ վարվել. թաղման համար նրանք գյուղի տարածքում հատված են ընտրել: Որոշվել է, որ այսուհետ մուսուլմաններն այստեղ իրենց գերեզմանատունն են ունենալու:
Սա մեծ խառնաշփոթ առաջացրեց գյուղում:
Քրիստոնյա համագյուղացիները Միքելաձեի ընտանիքին թույլ չտվին թաղել մահացածին ընտրված տեղում՝ առաջարկելով դա անել գյուղի գերեզմանատանը: Միքելաձեների ընտանիքը հրաժարվեց, քանի որ մահմեդականին քրիստոնյայի կողքին չի կարելի թաղել: Ի վերջո, մահացածին տեղափոխեցին հարևան Զանավի գյուղ, որտեղ և հուղարկավորեցին: Այս դեպքից մի տարի է անցել, սակայն գերեզմանատան հարցի լարվածությունը չի թուլացել: Նախորդ շաբաթ բանը հասավ զանգվածային ծեծկռտուքի: Ստիպված եղան շտապօգնություն կանչել գյուղ: Իրավիճակը հանդարտեցրեց իրավապահ մարմինների միջամտությունը:
«Մեր գյուղում մուսուլմանական գերեզմանատուն չի կարող լինել: Մենք՝ քրիստոնյաներս, հստակ ենք դա ասում, և ոչ ոքի թույլ չենք տա ինչ-որ բան անել: Գյուղում գերեզմանատուն կա, թող այնտեղ էլ հուղարկավորեն իրենց մահացածներին: Եթե մենք նրանց առանձին տարածք հատկացնենք, հետագայում նրանք այնտեղ մզկիթ էլ կսարքեն», -ասում է Ադիգեն գյուղի բնակիչ Թինա Ջանաշիան:
Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ խնդրում են միայն գերեզմանատան համար տարածք հատկացնել և ասում են, որ այստեղ մզկիթ չեն կառուցելու: Այս գործընթացին մասնակցում են երկու կողմերի կրոնական առաջնորդները:
«Մեր կրոնի օրենքների համաձայն գերեզմանատան տարածք թույլ չի տրվում գինի կամ այլ ալկոհոլային խմիչքներ մտցնել կամ խաչ դնել: Ինչպես քրիստոնյաների համար Ղուրանի ընթերցումն ընդունելի չէ, այնպես էլ մեզ համար՝ Աստվածաշնչինը: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում չի կարելի քրիստոնյաներին ու մուսուլմաններին կողք կողքի թաղել: Ապագայում դա շատ ավելի մեծ խնդիրների կբերի», -ասում է Ջավախքի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն:
Այլ դիրքորոշում ունի Ջավախքի հոգևոր առաջնորդ հայր Անթիմոզը. «Գյուղում մեկ ընդհանուր գերեզմանատուն կա՝ և՛ քրիստոնյաները, և՛ մուսուլմանները պետք է թաղվեն այնտեղ, դա այդպես է և՛ պետական, և՛ մարդկային տեսանկյունից: Կրոնական տեսանկյունից քրիստոնյաների և մուսուլմանների հուղարկավորումը կողք կողքի ոչ մի խնդիր չի ներկայացնելու»:
Մուսուլմանական համայնքն արդեն մի քանի ամիսների ընթացքում պետությունից պաշտոնապես խնդրում է գերեզմանատան համար հողատարածք առանձնացնել: Փետրվարի 25-ին համայնքի ներկայացուցիչները պաշտոնական պատասխան ստացան, որում ասվում էր, որ Կրոնի հարցերով Ազգային Գործակալությունն իրենց խնդրանքը կատարել է և Ադիգենի մունիցիպալիտետին հանձնարարվել է մուսուլմանական համայնքին գերեզմանատան տարածք տրամադրել: Հենց այս պատասխանն է կոնֆլիկտի սրման պատճառ դարձել:
«Դուք ուզում եք ունենալ սեփական աղոթատեղին, սակայն չի հաջողվի, քսան հոգով գնացեք և ստորագրություններ հավաքեք, բայց ոչինչ չի ստացվի: Դուք այս գյուղում առանձին տեղ չեք ստանա: Եթե ինչ-որ մեկն էլ ուզում է դա անի, թող տեղ հատկացնի իր տանը, բակում կամ կաբինետում», -նման խոսքերով գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիներին դիմեց տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Բեքա Թաբիձեն:
Ադիգենում իրավիճակը սրվեց երբ գյուղ եկավ Ադիգենի մունիցիպալիտետի վարչական ղեկավար Զաքարիա Էնդելաձեն: «Մուսուլմաններն են նրան բերել, ցանկացել են այսօր ամեն ինչ որոշել: Իսկ ես զգուշացրել եմ, որ մեր տղաներն այսօր խմում են, և այս գործը խաղաղությամբ չի ավարտվի: Սակայն նրանք ինձ չլսեցին: Եկավ Էնդելաձեն և սկսվեց այս ամբողջ ծեծկռտուքը: Շտապօգնություն և ոստիկանություն եկավ», -պատմում է քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Զուրաբ Թաբիձեն:
Ծեծկռտուքի մասնակիցները վնասվածքներ են ստացել. ոմանց աչքերն են վնասվել, մյուսները ուղեղի ցնցում են ստացել: «Ես գլուխս եմ վնասել: Չգիտեմ՝ ինչով են խփել: Ուշագնաց եմ եղել իսկ շտապօգնությունն ինձ հիվանդանոց է տարել», -հիշում է Ավթանդիլ Իակոբիձեն:
Վրաստանի ՆԳՆ քրեական գործ է հարուցել: Մի քանի գյուղացիներ հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկ չի ձերբակալվել:
Այդ օրը Ադիգեն գյուղը կռվի դաշտ էր հիշեցնում և բաժանվել էր երկու մասի: Ի աջակցություն տեղի մուսուլմանական համայնքի` Ադիգեն էին եկել այլ գյուղերի մուսուլմաններ ևս՝ Մոխեից, Իփիեթից, Ցիխիսուրից, Դերցելից, Զեդուբնից, Չելայից, Չեչլայից և այլն: Իսկ ճանապարհի վերին հատվածում հավաքվել էին տեղի քրիստոնյաները: Կռվող կողմերի միջև կենդանի պատ էին կազմել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Իրավիճակը շտկվեց միայն երկու օրից. երկու համայնքների ներկայացուցիչները և դրանց կրոնական առաջնորդները հավաքվել էին Ադիգենի մունիցիպալիտետի շենքի առջև: «Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք այդ մասին: Սակայն թյուրիմացություն տեղի ունեցավ, որին հետևեց ընդհարումը», -ասում է մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Ավթանդիլ Կոչալիձեն:
Գյուղում սկսեցին խոսել այն մասին, որ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ ինչ-որ մեկն ուզում է քաղաքական դիվիդենդներ շահել: Այդ մասին ասում են ինչպես մուսուլմաններն, այնպես էլ քրիստոնյաները: Սակայն թե ո՞վ է իրականում անկարգությունների հեղինանկը, ոչ ոք չկարողացավ նշել: «Արդեն 30 տարի է կողք կողքի ենք ապրում… Երևի քաղաքականությունն է մեղավոր, որ ինչ-որ մեկը խառնվեց այս գործին, թե ո՞վ, չգիտեմ», -ասում է քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Մերաբ Կուրաշվիլին:
Մուսուլմաններն իրավիճակի սրման համար մեղադրում են քրիստոնյա երիտասարդներին, ովքեր հարբած հարձակվել են իրենց վրա: «Նրանք մոտեցան մեզ ու սկսեցին հայհոյել, մեզ թաթարներ անվանել: Այսքան տարի մենք այստեղ ապրում ենք, դեռևս ոչ մի անգամ մեծ սերնդի ներկայացուցիչներից նման բան չենք լսել: Նրանք հարբած էին: Իսկ հարբած մարդն ինչ ասես, կանի», -ասում է մահմեդական Մզիուրի Վաշակմաձեն:
Մեղավորներին պետք է պարզեն իրավապահները: Չնայած ներկա պահին ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել:
Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ուշադրությունը սևեռում են տվյալ փաստի վրա. հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) հայտարարության մեջ ասվում է, որ «մինչ այժմ ոչ մի անձի տուժածի կարգավիճակ չի տրվել: Բժշկական փորձաքննություն չի անցկացվել, ինչը չհիմնավորված փաստ է: Դա կասկածների հիմք է տալիս, որ պետությունը մտադիր է օբյեկտիվորեն և ժամանակին հետաքննել տվյալ դեպքն այնպես, ինչպես մուսուլմանների հանդեպ վերջին տարիներին իրականացրած հետապնդման դեպքերը»:
Տվյալ պահին երկու համայնքների ներկայացուցիչները հայտարարում են, որ կատարվածը չի ազդի իրենց բարիդրացիական հարաբերությունների վրա: «Մեր կողմից ոչ մի բարդություն չի սպասվում, կարծում եմ՝ նրանց կողմից ևս», -ասում է մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Բադրի Կախաձեն:
Չնայած իրավապաշտպանները չեն կիսում այս լավատեսությունը և իշխանություններին կոչ են անում ավելի խորքային հետազոոտել կրոնական փոքրամասնությունների խնդիրները, «Սա հատուկենտ դեպք չէ: Կրոնական հողի վրա ծագող կոնֆլիկտները հաճախակի են դարձել, ինչը մատնացույց է անում խնդրի համակարգային բնույթը», -կարծում են Մարդու իրավունքների մոնիտորինգի և ուսումնասիրման կենտրոնի իրավաբանները: