Իրանցի մանրանկարիչների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվելու են Հայաստանում


Իրանցի մանրանկարիչների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվելու են Հայաստանում

  • 10-03-2016 16:37:19   | Հայաստան  |  Մշակույթ

Առաջին անգամ հայ արվեստասերները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու իրանցի չորս տասնյակից ավելի ժամանակակից մանրանկարիչների 54 ստեղծագործություններին. «Իրանական մանրանկարչություն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը բացվելու է մարտի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
 
Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ով հայ իրանական համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրեց իրանցի իր գործընկերոջ` Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզիի հետ:
Ըստ Արման Ծատուրյանի ` երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է հայ և իրանցի նկարիչների ցուցահանդեսների կազմակերպում: 
«Այսօր այն պատմական պահերից է, երբ մենք մեր հարևան իրանցի ժողովրդի հետ մշակութային կապերն ավելի ամրապնդելու նպատակով ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր»,- ասաց նա` հավելելով, որ առաջին համագործակցությունն իրանական կողմի հետ ավելի վաղ է սկսվել: 
Նրա փոխանցմամբ` մեկ տարի առաջ երկկողմ մշակութային կապերը խորացնելու համար ԻԻՀ մշակութային կենտրոնի հետ բացել են իրանահայ նկարիչ Էդման Այվազյանի ցուցահանդեսը, որի արձագանքը թե Իրանում, թե Հայաստանում գերազանցել է սպասելիքները:
Ա. Ծատուրյանի խոսքերով` հենց այդ ցուցահանդեսի նկատմամբ եղած հետաքրքրությունն է պատճառ դարձել, որպեսզի հարևան ժողովուրդների համագործակցությունը շարունակվի և կազմակերպվեն այլ նկարիչների ցուցահանդեսներ ևս: 
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի գնահատմամբ` ստորագրված հուշագիրը կարևոր փաստաթուղթ է Հայաստանի համար այն առումով, որ այդպիսով սկիզբ է դրվում  Իրանի խոշորագույն թանգարաններից մեկի հետ սերտ համագործակցության: 
«Ուրախ եմ գտնվել Հայաստանում և հայտկապես Հայաստանի ազգային պատկերասրահում, որն աշխարհի լավագույններից է. Մեծ պատիվ է նման պատկերասրահում կազմակերպել  իրանցի մանրանկարիչների ցուցահանդեսը»,- ասաց Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին: 
Ըստ նրա` «Իրանական մանրանկարչություն» խորագրով եզակի ցուցահանդեսի ընթացքում հայ արվեստասերները ծանոթանալու են իրանական մանրանկարչության լավագույն նմուշներին: 
«Իրանական մանրանկարչությունը բավականին մեծ համբավ է վայելում և մենք հպարտանում են դրանով, քանի որ իրանական մանրանկարչության միջոցով հնարավոր է ծանոթանալ իրանական մշակույթի, փիլիսոփայության, մտքի, գրականության հետ»,- ընդգծեց  Մաջիդ Մոլլա Նորուզին և ավելացրեց, որ իրանական մանրանկարչության անբաժան մաս են կազմում հավքը եւ վարդը` որպես երկրի և երկնքի միջեւ ներդաշնակության խորհրդանիշ, իսկ գույները խաղաղ են եւ հուշում են երկխոսության խաղաղության կարեւորության մասին:  
 Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքիի կարծիքով` հայկական և իրանական կողները պարտավոր էին նման երկխոսության գնալ ավելի շուտ, քանի որ երկու ժողովուրդներն էլ խաղաղության կարիք ունեն: 
«Մենք ունենք մեծ հնարավորություններ հայ իրանական մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար և կարծում եմ մենք կարող ենք դա անել»,- ընդգծեց Մ. Մեշքին: 
Նրա փոխանցմամբ` մանրանկարչությունն ստեղծվել է Իրանում, ապա զարգացում ապրել Չինաստանում, այնուամենայնիվ, իրանական մանրանկարչությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային նկարչական արվեստում:  
Նշենք, որ իրանցի ժամանակակից մանրանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը նախաձեռնվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի կողմից: 
Կազմակերպիչները վստահեցրեցին, որ նմանատիպ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում կանցկացվեն  ավելի հաճախ:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ