ՀՀ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունն անհիմն կերպով հրաժարվում է վիզա տրամադրել ՏՏ ոլորտի աշխատակիցներին


ՀՀ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունն անհիմն կերպով հրաժարվում է վիզա տրամադրել ՏՏ ոլորտի աշխատակիցներին

  • 11-03-2016 14:32:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վտանգում է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը` անհիմն պատճառաբանություններով մերժելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիցչների այցը գործընկեր երկիր: Նման ահազանգով մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը և «gg Taxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը: 
 
Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խնդիրը ծագել է դեռ 2014 թվականին` նախկին հյուպատոսի պաշտոնավարման վերջին ժամանակահատվածում և ավելի խորացել ներկայինիս հյուպատոսի պաշտոնավարման շջանում. Այդ ժամանակից ի վեր հայաստանյան ՏՏ ընկերությունների շատ  աշխատակիցներ ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստացել: 
«Մեր ոլորտն էականորեն կապված է ամերիկյան շուկայի հետ, Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարեկան  արտահանումների 70 տոկոսը բաժին է ընկնում հենց ԱՄՆ-ին, ուստի Հայաստանում հիմնական գործընկեր երկրի հյուպատոսական ծառայության աշխատակիցների սուբյեկտիվ որոշումներով պայմանավորված մերժումները մեծ վնաս են հասցնում ինչպես ՏՏ ոլորտի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- ասաց Կ. Վարդանյանը` հավելելով, որ ՏՏ ոլորտում աշխատում են 15 հազարից ավելի աշխատակիցներ, որոնք գործի բերումով հաճախ պետք է մեկնեն արտերկիր, մասնավորապես, ԱՄՆ:
Վերջինիս խոսքերով` խնդրի առնչությամբ 10 –ից ավելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ դեսպանի, հյուպատոսի, պետդեպարտամենտի ներկայացուցիչների  հետ, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել: 
Կ. Վարդանյանի փոխանցմամբ` ՏՏ ոլորտի աշխատակիցներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու հիմնավորումները տարբեր են և բացարձակապես անհիմն. «Մերժումը երբեմն չի համընկնում տվյալ անձի ԱՄՆ մեկնելու նպատակի հետ»:
ԻՏՁՄ ղեկավարի կարծիքով` մերժումների պատճառները կարող են լինել երեքը` քաղաքական` Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը , բյուրոկրատական և հյուպատոսի ծառայության ղեկավարի սուբյեկտիվ կարծիքը կամ ցանկությունը: 
«Առաջարկել ենք  IT ոլորտի համար հատուկ պայմաններ ստեղծել վիզաներ տրամադրելու համար, որի օրինակները կան: Քանի որ մերժումը էականորեն կախված է լինում հարցազրույցը վարող հյուպատոսական ծառայության աշխատակցի սուբյեկտիվության հետ, ուստի առաջարկվել է նշանակել մի մարդու, ով կմասնագիտանա IT ոլորտի մեջ և ավելի օբյեկտիվ որոշումներ կկայացնի»,- փոխանցեց Կ. Վարդանյանը: 
Հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանի փոխանցմամբ` իրենց ընկերությունը կանադական ընկերության մասնաճյուղ է, որը սերտ համագործակցության մեջ է ամերիկյան ընկերությունների հետ, ուստի ընկերության աշխատակիցները ստիպված են հաճախակի մեկնել ԱՄՆ: 
«Կանադայի դեսպանատան հետ ևս նման խնդիր առաջացավ, սակայն մեր բարձրաձայնումից հետո խնդիրը շատ կարժ ժամանակահատվածում լուծվեց, մեր ընկերության համար ստեղծվեց հատուկ ընթացակարգ մուտքի արտոնագրեր ստանալու համար, սակայն ԱՄՆ հյուպատոսական ծառայության հետ համագործակցության եզրեր այդպես էլ չեն գտնվում»,- ընդգծեց Ս. Մեհրաբյանը` հավելելով, որ միայն այս տարի մուտքի արտոնագիր ստնալու համար ԱՄՆ դեսպանատուն դիմաց  ընկերության 10 աշխատակիցներից մերժվել են վեցը:
Նրա փոխանցմամբ` մերժումներ միշտ էլ եղել են. «Եթե նախորդ տարիներին մերժում էին 10-ից 8-ին, ապա վերջին երկու տարիների ընթացքում ճիշտ հակառակն է կատարվում»: 
«gg Taxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանն էլ ավելացրեց, որ իրենց ընկերության աշխատակիցները երկու անգամ են դիմել և երկու անգամ էլ մերժում են ստացել: 
«Գաղտնիք չէ, որ մեր ընկերությունը երկու տարի է, ինչ աշխատում է և ունի բավականին լուրջ արդյունքներ` Հայաստանում աճող ստարտափերի թոփերի մեջ ենք: Քանի որ սիլիկոնյան հովտում են գտնվում ներդրողների մեծ մասը, ուստի նրանց հետ պլանավորած հանդիպումներ ունենք, որոնք շատ լուրջ եկամուտներ կարող են ապահովել, սակայն երկու անգամ է արդեն մերժվում ենք»,- ասաց Ա. Թովմասյանը: 
Նրա կարծիքով` հյուպատոսարանի կողմից մերժումների պատճառաբանումների անհիմն լինելը թույլ է տալիս ենթադրելու, որ հյուպատոսական ծառայությունում բացարձակապես չեն էլ ստուգում ՏՏ ընկերությունների աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը: 
«Չեն էլ ստուգում, որ հասկանան ով ես, ինչու ես ուզում մեկնել, այստեղ ինչ ես թողնում, ինչ հրավեր ունես. Ուղղակի ասում  են, որ անվստահություն չեք ներշնչում, որ հետ եք գալու Հայաստան»,- նշեց բանախոսը և ավելացրեց, որ նույն վերաբերմունքը դրսևորվում է ինչպես ընկերության սովորական աշխատակցի, այնպես էլ ղեկավարների նկատմամբ` առանց հաշվի առնելու, որ մարդիկ այստեղ բիզնես ունեն, նորմալ վարձատրվում են և հեռանալու պատճառ չունեն: 
 ՏՏ ոլորտի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ մինչ օրս  Հայաստանի արտգործնախարարությանը դիմելու անհրաժեշտություն չեն տեսել, քանի որ անմիջականորեն խնդրի առնչությամբ խոսել են  դեսպանի հետ, սակայն այժմ կմտածեն ՀՀ ԱԳՆ-ին դմելու մասին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ