Սերժ Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Սերժ Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 30-11--0001 00:00:00   | Հունաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:
 
Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի:
 
Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքը պայմանավորված է նաև համամարդկային միևնույն արժեքներին հավատարմությամբ ու հարգանքով, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ արժեքների սերմանման ու պահպանման կարևորագույն առաքելությունը դարեր շարունակ իրականացրել է եկեղեցին, իսկ հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածում, երբ նա չի ունեցել պետականություն, հայոց եկեղեցին որոշ չափով իր վրա է վերցրել նաև պետության դերը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր օրերում էլ հոգևոր արժեքների ամրապնդման հարցն առանձնակի կարևորություն ունի, նկատի առնելով, որ համաշխարհայնացման գործընթացները լի են ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հետևանքներով, որոնց դիմակայելը ժամանակի հրամայական է հատկապես փոքր ժողովուրդների համար՝ ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման տեսանկյունից։
 
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին, եկեղեցուն և բարեկամ կիպրացի ժողովրդին` հայ ժողովրդի և հատկապես Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
 
Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը ուրախությամբ է փաստել, որ պատմականորեն եղբայրական ջերմ հարաբերություններ են հաստատվել հայերի հետ: Նրա հավաստմամբ, Կիպրոսի եկեղեցին գերազանց հարաբերություններ ունի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում` հայոց եկեղեցու հետ, և այդ հարաբերությունները նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ եղբայրական հայ և կիպրացի ժողովուրդներին ապագայում ավելի լավ օրեր են սպասվում և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանին և նրա բարեկամ ժողովրդին:
 
Սերժ Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակներում մարտի 16–ին մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է նաև հայկական «Նարեկ» վարժարան, ծանոթացել կրթական այդ հաստատության պայմաններին ու ծրագրերին, ունկնդրել վարժարանի սաների կատարմամբ ՀՀ Նախագահի այցի առթիվ պատրաստված մշակութային ծրագիրը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել վարժարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այցելել է եկեղեցի, ապա հանդիպում ունեցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Այս մասին հայտնում է  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական