Ֆրանսիահայ հայտնի դրամատուրգի «Վերագտնում» պիեսը հայ հանդիսատեսին կներկայացվի թատերական ընթերցմամբ


Ֆրանսիահայ հայտնի դրամատուրգի «Վերագտնում» պիեսը հայ հանդիսատեսին կներկայացվի թատերական ընթերցմամբ

  • 18-03-2016 16:26:19   | Հայաստան  |  Մշակույթ

Ֆրանսիահայ հայտնի դրամատուրգ Արթուր Ադամովին Հայաստանում ճանաչելի դարձնելու համար Գոյ թատրոնում թատերական ընթերցմամբ ներկայացվելու է վերջինիս հեղինակած  «Վերագտնում» պիեսը: Մինչ այդ «Համաշխարհային միգրացիոն կազմակերպության» աջակցությամբ «Արտասահմանում վերապատրաստված մասնագետների վերադարձ հայրենիք» ծրագրի շրջանակներում իրականացվելու են Ա. Ադամովի մասին զեկուցումներ: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ծրագրի իրականացնող, բեմադրիչ, դերասանուհի, թարգմանիչ և բանասիրական գիտությունների թեկնածու Սաթէ Խաչատրյանը, նախագծի նպատակն է կարճ աշխատանքային ժամանակում պատրաստել թատերական ընթերցում՝ հնչեցնելու համար ադամովյան խոսքը թատերական հարթակից:
Ըստ նրա` «Վերագտնում» թատերական ընթերցմանը մասնակցելու են Գոյ թատրոնի դերասանները՝ Էլիզա Մանթաշյան, Մարինե Պետրոսյան և Գուրգեն Սարգսյան, ինչպես նաև Նարեկ Բաղդասարյանը՝ Համազգային թատրոնից, իսկ զեկուցումներին` թատերական ինստիտուտի ուսանողներ և երիտասարդ դերասաններ Ստեփան Շահինյանը, Հռիփսիմե Շահինյանը և Նարեկ Բաղդասարյանը։
«Դժբախտաբար այս խոշոր դրամատուրգը մի փոքր մոռացության է մատնվել ինչպես հայերի, այնպես էլ ֆրանսիացիների կողմից, թեև նա հայտնի աբսուրդի դրամատուրգիայի ներկայացուցիչների` «Տրոյկայի»` Բեքեթ, Իոնեսկո, Ադամով,  մի մասն էր, սակայն չհասցրեց վայելել իր փառքն ու ճանաչումը»,- նշեց Ս. Խաչատրյանը` հավելելով, որ հայ հայասարկությունում Ա. Ադամովի մասին տեղեկատվության պակասը պայմանավորված է նրա ստեղծագործությունների չթարգմանված լինելու պատճառով: 
Ս. Խաչատրյանի փոխանցմամբ` ներկայումս հայերեն թարգմանված են Ա. Ադամովի 22 պիեսներից միայն 2-ը, սակայն նա հույս հայտնեց, որ այս զեկուցումներն առիթ կհանդիսանան ավելի մեծ հետքրքրություն ցուցաբերելու Ադամովի գրակական ժառանգության նկատմամբ և գուցե մասնավոր կամ պետական աջակցության շնորհիվ հնարավոր լինի  թարգմանելու նրա պիեսներից գոնե 16-ը: 
Անդրադառնալով մարտի 21-ին և 23-ին Թատերական և Գրականության ինստիտուտներում նախատեսված զեկուցումներին` Ս. Խաչատրյանը նշեց. «Այս զեկուցումները մի փոքր տարբերվում են մյուս նմանատիպ միջոցառումներից, քանի որ դրանցում ընդգրկված են նաև դերասաններ թատերական ինստիտուտից և նորավարտ դերասաններ. Վերջիններս ներկայացնելու են այն հատվածները, որոնց մասին ես իմ վերլուծական խոսքն եմ ասելու»:
Նրա խոսքերով` ազգությամբ հայ դրամատուրգը հայտնի և կարևոր երևույթ է եղել ֆրանսիական թատրոնի պատմության մեջ, ով, սակայն երբևէ Հայաստանում չի եղել և միայն իր ինքնակենսագրական վեպերից մեկում է նշել, որ արմատներով հայ է և ինչ-որ  ժամանակահատավածում խոսել է հայերեն:  
1908 թվականի օգոստոսի 23-ին ծնված ֆրանսիահայ դրամատուրգ Արթուր Ադամովը (իսկական ազգանունը Ադամյան) մահացել է 1970 թվականի մարտի 15-ին` հակադեպրեսսանտների չափաբաժնի չարաշահումից: Սերում է Կովկասում նավթի հանքեր ունեցող հարուստ հայ ընտանիքից։ Նա գրել է թատերգություններ, բանաստեղծություններ, ռադիոֆոնիկ պիեսներ, կատարել է նաև թարգմանություններ։
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play