20-ամյա մարմնավաճառի կյանքի կտրուկ շրջադարձը «Մարիամի մեկ կիրակին» նոր ֆիլմում (տեսանյութ)
23-03-2016 13:22:28 | Հայաստան | Մշակույթ
«Մարիամի մեկ կիրակին». այսպես է կոչվում քսանամյա մարմնավաճառ աղջկա մասին պատմող հայկական արտադրության ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա մարտի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը, ֆիլմը մարմնավաճառի, բայց ոչ մարմնավաճառության մասին է. այն պատմում է մարմնավաճառությամբ զբաղվող աղջկա կյանքում կատարված կտրուկ շրջադարձի մասին այն բանից հետո, երբ նա առավոտյան հանդիպում է իր մտքերի հետ քաղաքում շրջող նկարչին:
Ըստ նրա` 45 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ. Գլխավոր հերոսներն են` Ռուզան Վիթը (Մեսրոպյան) և Աշոտ Ադամյանը, Արա Սարգսյանը, Քրիստինա Ադամինյան, Աննա Գևորգյանը:
«Նախապատրաստական աշխատանքները հաշվի առնելով` պետք է նշեմ, որ ֆիլմը նկարահանվել է երկուս ու կես տարի առաջ, գաղափարը ծնվել է մի փոքրիկ միջադեպից, երբ ես մի քանի տարի առաջ ձեռքս կրծքիս քայլում էի փողոցով, որտեղ մարմնավաճառներն էին կանգնում և ինձ մոտեցան մի խումբ մարմնավաճառներ. Նրանցից մեկը նայեց ինձ ու ասեց. «Հա, այս կյանքին սիրտ կդիմանա»,- նշեց Ա. Ամիրբեկյանը:
Նրա տեղեկացմամբ` ֆիլմն անկախ է բոլոր ստուդիաներից և հիմնականում նկարահանվել է իր անձնական միջոցներով: Այն ցուցադրվելու է տարբեր փառատոնների շրջանականերում, ապա տրվելու է վարձույթով:
«Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի գլխավոր հերոսուհի, դերասանուհի Ռուզան Վիթի փոխանցմամբ` տասը տարվա լռությունից հետո մեծ դժվարությամբ է համաձայնվել նկարահանվել սերիալում, քանի որ մշտապես սկզբունքորեն մերժել է նմանատիպ առաջարկները:
«Այնպես ստացվեց, որ 33-ամյակս լրանալուն պես կայացավ «Քրմուհու» պրեմիերան, ինչը ինձ համար մեծ երջանկություն էր, քանի որ հինգ տարի անընդմեջ Փարիզում նկարահանվում էի և երկու տարին մեկ ունենում էի պրեմիերա»,- ասաց Ռ. Վիթը` հավելելով, որ հայրենիք վերադառնալուն պես կարծես թե հայտնվել է ստվերում:
Նրա կարծիքով` դա երևի պայմանավորված է նրանով, որ մարդիկ մտածում են, թե ինքը դեռ Փարիզում է ապրում կամ ինչ-ինչ պատճառներով չեն առաջարկում իրեն նկարահանվել ֆիլմերում:
Դերասանուհու խոսքերով` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով որոշել է ընդունել Արշակ Ամիրբեկյանի առաջարկը և նկարահանվել «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմում:
Անդրադառնալով ֆիլմի էությանն ու գեղարվեստական արժեքին` Ռ. Վիթը նշեց. «Արվեստում մի այսպիսի արտահայտությւն կա.«Կարևոր չէ, թե դու ինչ ես անում, կարևոր է, թե ինչպես ես դու դա անում», հետևաբար մի փոքր համեստորեն պետք է նշեմ, որ մեր ֆիլմում այդ «ինչպես»-ը ստացվել է, քանի որ կարողացել ենք մոտենալ «ինչպես» հասկացողությանը. «ինչպես»-ը պետք է զգալ, դա բառերով ասել չես կարող, ուստի բոլորիդ հրավիրում ենք տեսնելու և գնահատելու ֆիլմը»:
Ռ. Վիթի փոխանցմամբ` ճիշտ է ինքը բավականին մեծ է իր մարմնավորած կերպարից, սակայն կարողացել է դերն այնպես կատարել, որպեսզի հանդիսատեսն այդ տարբերությունը չզգա:
Նրա կարծիքով` իրեն մարմնավաճառի դերը հաջողվել է խաղալ այն պարզ պատճառով, որ որպես հայ կին մշտապես շատ ցավով է անդրադարձել այդ թեմային: Վերջինս համոզված է` յուրաքանչյուր արտիստի պարտականությունն է անդրադառնալ մարմնավաճառությանը` այդ կերպ փորձելով փրկել խեղված ճակատագրեր: