Գեղամ Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրա արվեստակիցների և սերունդների հուշերում


Գեղամ Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրա արվեստակիցների և սերունդների հուշերում

  • 24-03-2016 13:55:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

          Կյանքի 65-րդ տարում վախճանվեց հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: 
 
Գեղամ Գրիգորյանն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նա այն երջանիկ հայորդիներից էր, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 
          Գեղամ Գրիգորյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1971 թվականից, իսկ 1975 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երգչի դեբյուտը: Գ. Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը: Գրիգորյանական մատուցմամբ ներկայացված Սարոն, Տիրիթը, Սայաթ-Նովան, Ֆաուստն ու տասնյակ այլ կերպարներ մշտապես համարվել են հայկական օպերային արվեստի բարձրակետը: 
         Գ. Գրիգորյանն իր ստեղծագործական գործունեության առաջին տարիներից սկսած արդեն հայտնի անուն էր Խորհրդային Միությունում:  1980 թվականից հայազգի երգիչն աշխատել է Լիտվայի օպերային թատրոնում: 1989 թվականից նա հանդես է եկել Ռուսաստանի հեղինակավոր «Մարիինյան» թատրոնում: Գ. Գրիգորյանը ելույթներ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում: Աշխարհահռչակ տենորի յուրաքանչյուր ելույթ մշտապես բացառիկ իրադարձություն է համարվել համաշխարհային օպերային կատարողական արվեստի բնագավառում: Իտալական թերթերից մեկը ժամանակին նրա ելույթից հետո հիացական գրել էր. «Իտալիայում հիմա այսպիսի տենոր չկա»: 
          Գեղամ Գրիգորյանն ունենալով հրաշալի ձայնային տվյալներ և հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ փայլուն կերպով ներկայացրել ու հանրահռչակել է թե' հայկական, թե' համաշխարհային օպերային երգարվեստը: Ներկայանալով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում` Գ. Գրիգորյանն իր հարուստ երգացանկով ու տպավորիչ դերերգերով հանդիսատեսի համար նորովի է բացահայտել հայտնի ստեղծագործությունները` տաղանդաշատ երգչին իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման և օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին: 
          Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: 
          Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստիարարողությունը տեղի կունենա մարտի 24-ին,   ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին,ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի ազգային ակադեմիական թատրոնում:Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվանպանթեոնում:
 
Կառավարական հանձնաժողով
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն