Ո՞րն է Հայաստանի փրկության ուղին


Ո՞րն է Հայաստանի փրկության ուղին

  • 24-03-2016 18:05:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

 

Պարոն Արշակյան, «Նոր Հայաստան» ճակատը արդեն երրորդ անգամ հրապարակում է իր իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզը, առաջարկում է հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել և հետո արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նշում են, որ ժողովուրդը իր պահանջի կատարմանը հասնելու համար պետք է դիմի քաղաքացիական անհնազանդության միջոցների՝ վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների և փողոցների փակում՝ կաթվածահար անելու ռեժիմի կառավարման համակարգը։ Արդյոք նման տեքստերը կարո՞ղ են համախմբել հանրությանը, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել նման ճանապարհային քարտեզը։

 

Բացի բալթյան նախկին երեք հանրապետություններից, հետխորհրդային մյուս երկրներում, այդ թվում Հայաստանում, ժողովրդավարական ազատ և արդար ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի եղել. մենք հենց այդ եղբայրությամբ բախտակից ժողովուրդներ ենք անազատության մեջ։ Այս ժողովուրդները ոչ մի անգամ իրենց կամքով իշխանություն չեն ձևավորել հետխորհրդային շրջանում։ Հայաստանում, կարող եմ ասել, իշխանափոխություն եղել է միայն 1990-91 թվականներին, իսկ դրանից հետո ժողովրդավարական իշխանափոխություն չի եղել, ոչ Հայաստանում, ոչ էլ մեր բախտակից երկրներում։ Բախտակից այն իմաստով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ԱՊՀ անդամ ենք, ԵՏՄ անդամ ենք, և շղթայված ենք միասին։ Հիմա առանձին վերցրած այս շղթայական երկրներում ժողովրդավարություն անհնար է։ Եթե մենք ռազմական, տնտեսական, քաղաքական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում շղթայված ենք այդ միություններում, առանձին վերցրած Հայաստանում անհնար է ժողովրդավարություն, ժողովրդավարական ընտրություններ, իշխանափոխություն:

 

Քանի դեռ Կրեմլում ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն չի եղել, մենք ռուսական այդ մատրյոշկայի մեջ ենք։ Այսինքն՝ մեր խնդիրն է առաջին հերթին ազատվել այդ շղթաներից, ազատվել էներգետիկ, քաղաքական, ֆինանսական, տնտեսական կախվածություններից համաժողովրդական ընդվզումով, ճիշտ այնպես, ինչպես եղավ 90-91թթ.։ Այսինքն՝ օրակարգը մեզ միավորող պետք է լինի, առաջին կետը համաժողովրդական շարժում՝ հանուն անկախության։ Հենց սա' կարող է լինել համաժողովրդական շարժում, իսկ «Նոր Հայաստանի» առաջարկությունն է փոխել մի խմբի իշխանությունը մի ուրիշ խմբի իշխանությունով, ինչն անթույլատրելի է: Մեզ համար միևնույն է, թե որ կողմն է առանց ժողովրդի կամքի տնօրինում իշխանությունը։ Սա ռեվկոմ է, հեղկոմ, եւ դա անթույլատրելի է Հայաստանում։ Իսկ եթե իրենք շատ են ուզում, ուրեմն նախևառաջ պետք է կատարեն մոբիլիզացիա՝ քաղաքական օրակարգով, ստանան ժողովրդի կամքը, կատարեն ժողովրդավարական ընտրություն՝ վարդերի հեղափոխություն, կամ նարնջագույն հեղափոխություն, կամ արաբական գարուն: Բայց այսպիսի բաներ Հայաստանում անթույլատրելի են, պետք է ամեն ինչ անել ժողովրդավարական ճանապարհով, ինչպես 1990-ին, կատարել ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորել իշխանություն, օրինական ճանապարհով փոխել օրենքները, փոխել Սահմանադրությունը, Հայաստանում հաստատել ինքնիշխանություն, ընտրել տնտեսական և ռազմական անվտանգության համակարգեր և այլն։ Իշխանությունը պետք է լինի օրինական, լեգիտիմ, այսինքն՝ ընտրությունների միջոցով։ Իսկ մնացած բոլոր ակցիաները հարկավոր է ուղղել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, Մաքսային միության և մեզ շղթայակապ անող, մեր ազատությունը կաշկանդող բոլոր մյուս իմպերիալիստական ինստիտուտների դեմ։

 

Ես դեմ եմ «Նոր Հայաստանի» առաջարկած ֆորմատին։ «Նոր Հայաստանն» իր համար հեղկոմի հարթակն է ընտրել: Դա քարոզչական հնարանք է ԱԺ-ում տեղ զբաղեցնելու համար: Այդ իմաստով ես ողջունում եմ իրենց, խճանկարի այդ հատվածը իրենցն է, թող օգտագործեն, իրենց հնարածն է, հեղինակային իրավունքը իրենց է պատկանում, ինքս չեմ գնա նրանց հետ հեղկոմ։

 

Կարծում եք, ժողովրդի քվեն կարելի՞ է ստանալ ընտրությունների միջոցով, երբ ամեն կերպ իշխանությունը կարողանում է կեղծել ընտրությունները, հանրաքվեն էլ վերջին օրինակն էր, որ Հայաստանում ընտրությունների  միջոցով այդ փոփոխություններին հասնելու ճանապարհ չի երևում։

 

Այսօր դեռ շուտ է, որովհետև հասկանում ենք՝ վտանգավոր է դուրս գալ անվտանգության գործող համակարգից, որովհետև մեզ չի առաջարկվում այլ անվտանգության համակարգ: Մեզ չի առաջարկվում ՀԱՊԿ-ի փոխարեն ՆԱՏՕ, չի առաջարկվում էներգետիկ անվտանգության այլ ծրագիր, և ժողովուրդն այսօր չի կարող հեղափոխություն անել առանց որևէ հեռանկարի։ Մենք սպասողական վիճակում ենք, բայց մենք կունենանք ԵՏՄ-ին փոխարինող այլ տնտեսական և քաղաքական համակարգ։ Հայաստանին պետական անվտանգությունը երաշխավորող ինտերնացիոնալ է պետք։ Մենք գիտենք, որ լուսնի վրա միայնակ չենք, և հենց ցնցվեց մեր երկիրը, ռուսական իմպերիան դուռը շխկացնելով կհեռանա: Ռուսաստանը դուռը շրխկացնելով հեռանալ գիտի, ինչպես դա արել է 1915, 1917, 1920 թվականներին, նա կշխկացնի դուռը և կհեռանա։

 

Այսինքն՝ պետք են այնպիսի ուժեր, որոնք մեզ կներկայացնեն այդ այլընտրանքն ու հասարակությանը կպատրաստեն փոփոխությունների:

 

Այո, մեզ պետք է այդ գյուտը, հրաշքը, մենք պետք է գտնենք օրակարգը՝ ո՞րն է ՀՀ համար փրկության ուղին, ես դա չգիտեմ։ Ես ասում եմ, որ մենք պետք է անկախ լինենք, տնօրինենք մեր բախտը, բայց գիտեմ նաև, որ մենք կղզի չենք, մեզ դաշնակիցներ են պետք, պետք է կարգավորվեն մեր հարաբերությունները մեր հարևանների, նաև գերտերությունների հետ: Ես համարում եմ, որ այսօր Մինսկի խումբը Հայաստանի անվտանգության երաշխավորներից է, սակայն բոլոր հարցերում չէ, որ նրանք համակարծիք են: Ռուսաստանը շատ հարցերում ունի իր առանձին կարծիքը։ Օրինակ՝ Ռուսաստանը պնդում է, որ ինքը պետք է ունենա արտոնյալ կարգավիճակ իր հարևան երկրների նկատմամբ, իսկ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտոնյալ ազդեցության գոտիներին: Նրանք հետիմպերիական երկրներ են և չեն ճանաչում ազդեցության գոտիները, այսինքն՝ նրանք համարում են, որ  բոլոր երկրները ազատորեն պետք է ընտրեն իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանը դա չի ճանաչում, համարում է, որ ինքը կարող է իր համար ընտրել  դաշնակիցներ և վասալներ, հպատակ պետություններ։ Նրանք միասին ապահովում են ՀՀ անվտանգությունը, բայց այդ հարցում նրանց մեջ համաձայնություն չկա: Մեզ պետք է, որ նրանց մեջ գոնե Հայաստանի ներկա կարգավիճակի և ապագայի վերաբերյալ լինի համաձայնություն։

 

Կարծում եմ, որ նրանք առնվազն պետք է համաձայնության գան, որ ռուս-թուրքական 1921թվականի մարտի 16-ի պայմանագիրն ապօրինի էր, անարդարացի, և դա պետք է չեղյալ հայտարարվի։

 

Հենց հիմա ՀՀ-ն գտնվում է այդ ռուս-թուրքական դաշինքի կործանարար ազդեցության գոտում։ Այդ երկու պետությունները տնօրինում են հայ ժողովրդի ներկան, ռուս-թուրքական դաշինքով այդ երկու պետությունները որոշում են Հայաստանում ինչպիսին պետք է լինի կյանքը, ինչպիսի իշխանություն պետք է լինի Հայաստանում: Այդ մանդատը նրանց ձեռքին է: Վուդրո Վիլսոնի մանդատը չի գործում, և քանի դեռ Հայաստանը գտնվում է Աթաթուրք-Լենին մանդատի ազդեցության տակ, մենք չենք կարող զարգացնել մեր երկիրը, մենք կարող ենք միայն հրաշք գործել, օրինակ՝ 21 թվականից հետո կարողացանք պահպանել, ռեզերվացնել հայկական պետությունը՝ թեկուզ կիսանկախ, թեկուզ սովետական: Ավտոնոմ մարզը դարձավ Սովետական Հայաստան, ապա՝ Հայաստանի Հանրապետություն: Մեր նախնիները հրաշք գործեցին, նրանք գտան բանաձևը, սարքեցին պետություն, ռեզերվացիան դարձավ պետություն։

 

Հիմա մեր առջեւ խնդիր է դրված՝ ռուս-թուրքական դաշինքի պայմաններում գտնել բանալին, բանաձևը։ Մեր օրակարգը պետք է լինի Հայաստանը հանել այդ երկու-երկրների՝ Ռուսաստան- Թուրքիա մարտի 16-ի դաշինքից։ Թող մեկը գա ասի՝ ես գտել եմ բանալին, մենք դուրս ենք գալիս այդ դաշինքից։ Այդ դեպքում հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, ինձ նմանները կգնան այդ դրոշի տակ կկանգնեն։

 

Հայաստանն ունի այդ պոտենցիալը, հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, կամ կան ինչ-որ մի տեղ մարդիկ, հավաքվել են մի նոր Մարտիրոս Սարյան, մի նոր Արամ Խաչատրյան, մի նոր Վիկտոր Համբարձումյան, նրանք նստած հայկական պետության գաղափար են սարքում։ Հայ ժողովուրդն ունի այդ պոտենցիալը և սպասում է նրանց հայտարարությանը։ 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play