Կառավարության աջակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներում բացվելու են ինժեներական լաբորատորիաներ


Կառավարության աջակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներում բացվելու են ինժեներական լաբորատորիաներ

  • 25-03-2016 17:38:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) և ՀՀ Կառավարության միջև մարտի 25-ին` ԻՏՁՄ 16-րդ համագումարի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր: Նպատակն է` մինչև 2019 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներն ապահովել ինժեներական լաբորատորիաներով, որոնք հնարավորություն կտան ՏՏ ոլորտը համալրել բարձրակարգ մասնագետներով:  
 
ԻՏՁՄ տարեկան համագումարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ողջունելով ԻՏՁՄ 16-րդ տարեկան համագումարի մասնակիցներին և կազմակերպիչներին նշեց. «ՀՀ կառավարությունն իրապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով ՀՀ Կառավարությունը ԻՏՁՄ-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժներական լաբորատորիաների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»:
ՀՀ Վարչապետի փոխանցմամբ`  ներկայումս ՀՀ Կառավարության և ԻՏՁՄ-ի կողմից համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: 
Հ. Աբրահամյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է և ն ՀՀ Կառավարության առանցքային ծրագրերի ուղղություններից մեկը: «ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: Վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. Գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ Կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ»,- ընդգծեց ՀՀ Վարչապետը` հավելելով, որ ԻՏՁՄ-ի հետ համագործակցությունը ևս շարունակական է լինելու:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play