Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչինի մասնակցությամբ երկրորդ համերգը կայանալու է ապրիլի 2-ին


Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչինի մասնակցությամբ երկրորդ համերգը կայանալու է ապրիլի 2-ին

  • 30-03-2016 13:59:07   | Հայաստան  |  Հասարակություն

«Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած երկրորդ անակնկալն է հայ հանդիսատեսի համար: Իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար, մենակատար Ֆեդերիկո Մոնդելչինի մասնակցությամբ համերգը կայանալու է ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: 
 
Ինչպես մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, համերգի ընթացքում հնչելու է Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Թարիվերդիևի, Շոստակովիչի, Իրադյերի ստեղծագործությունները: 
«Սա մեր երկրորդ ծրագիրն է այս տարվա համերգաշրջանի ընթացքում, «Չորս դաշնամուր»-ից հետո Ֆեդերիկոն եկավ և երկար ժամանակ է, մտածում էինք ծրագրի շուրջ. Այս ծրագիրը հենց Ֆեդերիկոն էլ էր շատ ցանկանում, որ կայանար, որովհետև շատ է սիրում Հայաստանը և հայկական երաժշտությունը»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Սաքսոֆոնահար, «Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգի մենակատար Ֆեդերիկո Մոնդելչինի խոսքերով` համերգում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկման գաղափարն իրենն է, քանի որ վաղուց ծանոթ է հայկական երաժշտությանը, մշտապես լսում է, անգամ սիրահարված է հայկական երաժշտությանը: 
«Խոսելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետ` որոշեցինք ի սկզբանե համերգ տալ 2015-ին և այն նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն համեգն ավելի կոնկրետացավ հիմա»,- ասաց Ֆ. Մոնդելչինին` հավելելով, որ 2015 թվականին Իտալիայում հանդես է եկել հայկական որոշ ստեղծագործությունների կատարմամբ:
Նրա փոխանցմամբ`  «Հավերժական մեղեդիներ» խորագրով համերգում ընդգրկված ստեղծագործությունները բխում են հոգուց և շատ հուզիչ են. «Անչափ ուրախ եմ, որ այսօր վերջապես սկսելու ենք համերգի փորձերը, հոգու խորքում ես դրանք նվիրելու եմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն