Հավային Ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախությունը


Հավային Ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախությունը

  • 30-03-2016 16:13:18   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
-Միաձայն Քվեարկություն եւ Արցախի Ազատությանն Ուղղված Հնչեղ Աջակցություն` Միացյալ Նահանգներ Ադրբեջանի Նախագահ Ալիեւի այցի նախօրեին
 
Հոնոլուլու, Հավայի - Հավային դարձավ ԱՄՆ յոթերորդ նահանգը, որ համախմբվեց  ի աջակցություն Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, եւ միաձայն քվեարկեց ` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտնում են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանից:
 
Հավայիի Ներկայացուցիչներ Տան 167 բանաձեւն ընդունվեց` չնայած Ադրբեջանի դեսպանատան կողմից օրինագծի տապալմանն ուղղված հսկայական ճնշումների: Գլխավոր քվեարկությունը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Վաշինգտոն այցից 24  ժամ առաջ, որտեղ նա պետք է միանա նախագահ Օբամային եւ աշխարհի այլ առաջնորդների` միջուկային գագաթաժողովի շրջանակներում:
 
Պատմական քվեարկությունը հատկապես քաջալերում է Արցախի` (Լեռնային Ղարաբաղի) որպես ազատ ու անկախ պետություն զարգանալու շարունակական ջանքերը, եւ պաշտոնական կոչ է ուղղում միջազգային հանրությանը`ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն որպես ազատ, անկախ, եւ ինքնիշխան ժողովրդավարական երկիր: 
 
«Այսօր Հավայիի ժողովուրդը զորակցում է Արցախի ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումներին` հաստատակամորեն դեմ լինելով այն զորեղ լոբբիստական շահերին, որոնք ուղղված են քայքայելու ժողովրդավարության եւ ինքնորոշման ամերիկյան եւ հայկական գլխավոր սկզբունքները: Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում  Ներկայացուցիչների Տան անդամ Անգուս ՄըքՔելվիին եւ Ջոն Միզունույին` առաջնորդելու համար Ներկայացուցիչների Տանն իրականացված աշխատանքները, եւ ստանձնելու համար նման աննկուն դիրքորոշում, մեր համայնքի հետ միասին», նշում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:
 
Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ողջունել է որոշումը` նշելով, «Ես երախտապարտ եմ  Հավայիի նահանգային խորհրդարանի Ներկայացուցիչների Տանը, անդամներ` ՄըքՔելվիին, Միզունոյին եւ նրանց բոլոր գործընկերներին, ովքեր աջակցել են այս շարժմանը: Նրանք ամրապնդել են արցախիների վստահութունն առ այն, որ մեր հաջողություններն աննկատ չեն անցնում,  եւ որ ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջապես կճանաչվի որպես այդպիսին ողջ աշխարհի քաղաքակիրթ համայնքի կողմից»:
 
Ավետիսյանն ու Ասատրյանը շնորհակալություն են հայտնել համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանին, ով ջանասիրաբար աշխատել է օրինագծի անցկացման ուղղությամբ` Հավայիում աճող հայ բնակչության աջակցությամբ: 2014թ-ին, տեղական համայնքի ջանքերով, Հավայիի օրենսդիր մարմինը հանրային քննարկում սկսեց եւ մերժեց Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական օրինագծեր` արգելափակելով  ԱՄՆ օրենսդիրներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ  իրենց թշնամական արշավում  ներգրավելու Բաքվի լավ ֆինանսավորված ջանքերը: Արթենյանն ու Ռուդի Դեքեմերջյանը ներկա էին նահանգային խորհրդարանում` օրինագծի ներկայացման եւ քվեարկության ժամանակ:
 
167 բանաձեւի քվեարկությանը նախորդող օրերին, Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանից աշխատանքներ էին տարվել` Արթենյանին եւ Ներկայացուցիչների Տան օրենսդիրներին տեղեկացնելու երկու տասնամյակների ընթացքում Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ու տնտեսական առաջընթացի մասին` Ադրբեջանի ռազմական հարձակումների  ֆոնին, որոնք իրենց բարձրակետին հասան 2015թ-ին:
 
Այսպիսով, Հավային միացավ  Ռոդ Այլենդին, Մասաչուսեթսին, Լուիզիանային, Մեյնին, Կալիֆորնիային և Ջորջիային` ընդունելով օրենք, որն աջակցում է Արցախի  անկախությանը: Բանաձեւին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ առցանց, հետեւյալ կայքում` https://legiscan.com/HI/text/HR167/id/1378938:
 
Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանը, ամենամեծ եւ ամենաազդեցիկ կազմակերպությունն է Արեւմտյան Ամերիկայում: Համագործակցելով ցանցային գրասենյակների, մասնաճյուղերի, աջակիցների ու համախոհ կազմակերպությունների հետ,  Հայ Դատի հանձնախումբը ողջ երկրում արծարծում է ամերիկահայ համայնքի շահերը բազմաթիվ հարցերի շուրջ:  
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play