Ի՞նչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Ատլանտյան խորհրդում


Ի՞նչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Ատլանտյան խորհրդում

  • 30-03-2016 17:25:32   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Նոր Հայաստան միավորումը եւ Ժառանգություն կուսակցությունը  հաղորդագրություն են տարածել կուսակցության նախագահ եւ միավորման խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի ամերիկյան այցի եւ Ատլանտյան խորհրդում ելույթի մասին: Հաղորդագրությունը բավական համառոտ է ներկայացուցչականության այն պատկառելի ֆոնի համեմատ, որ Հովհաննիսյանի այցի ու ելույթի կապակցությամբ ապահովվում է նկարագրության մեջ:
 
Ըստ համառոտ հաղորդագրության, Րաֆֆի Հովհաննիսյանը Ատլանտյան խորհրդին է ներկայացրել հայկական քաղաքական լանդշաֆտը:
Ատլանտյան խորհուրդը, օրինակ Ժառանգության տարածած հաղորդագրության մեջ գնահատվում է որպես աշխարհահռչակ: Փաստորեն ստացվում է, որ մի նախադասությամբ բարձրացնելով այդ խորհուրդը, մյուսով Ժառանգության հաղորդագրությունը ցած է նետում այն: Որովհետեւ առնվազն պարադոքս է, եթե աշխարհահռչակ որեւէ խորհուրդ հետաքրքրվում է Հայաստանի քաղաքական լանդշաֆտով:
Թեեւ ավելի հավանական է, որ խորհուրդը դրանով չի էլ հետաքրքրվել, պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանն է փորձել դրանով լցնել իր ելույթը, առավել հստակ եւ կոնկրետ քաղաքական դիրքորոշումներից խուսանավելու համար:
Ցավոք, թե բարեբախտաբար, բայց Հայաստանի հանրությունը տեղյակ չէ ելույթի մանրամասներից եւ հայտնի չէ, թե ինչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի թե ներքին, թե արտաքին շատ կոնկրետ խնդիրների կապակցությամբ, խոսել է միայն իր կուսակցությա՞ն, թե Նոր Հայաստան միավորման անունից, ինչ հարցեր են տվել խորհրդի անդամները, ինչ պատասխաններ է հնչեցրել Հովհաննիսյանը:
Մոտավորապես նույն պատկերն է, ինչ 2013 թվականին նրա Մոսկվա այցելության պարագայում, երբ հետընտրական զարգացումների ամենաթեժ փուլում նա հայտարարեց, թե հաղթանակ բերելու համար մեկնում է Մոսկվա: Մոսկվայից վերադարձից հետո հետընտրական շարժումը սահուն տեղափոխվեց Ծիծեռնակաբերդ, իսկ հետո Երեւանի Ավագանի:
Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ուր գնաց Հովհաննիսյանը, ում հետ հանդիպեց, ինչի՞ համար գնաց, ինչ խոսեց Մոսկվայում, ինչ ասացին իրեն:
Ի վերջո, Հայաստանի քաղաքական ուժերը, առավել եւս նոր քաղաքական մշակույթի եւ նոր պետության հայտ ներկայացնողները սովորելու՞ են հասարակության առաջ լինել ավելի պատասխանատու եւ հաշվետու:
Ինչ խոսք, գուցե Հովհաննիսյանի հանդիպումներն անցնում են այսպես ասած չհրապարակման պայմանով: Չկա որեւէ խնդիր: Նա ունի այդպիսի հանդիպումների իրավունք, ինչպես ցանկացած քաղաքացի:
Բայց, այդ դեպքում ինչու՞ ընդհանրապես հրապարակել այցի եւ հանդիպումների, ելույթների մասին որեւէ հաղորդագրություն, եթե հանրությանը քիչ թե շատ հասանելի չի դառնալու դրա կոնկրետ բովանդակությունը, առավել եւս կարեւոր հարցերի վերաբերյալ:
Բանն այն է, որ դրա բացակայության դեպքում այդօրինակ հաղորդագրությունները ընդամենը հանրային գիտակցության մանիպուլյացիայի միջոց են, որոնց նպատակը ցույց տալն է, թե կա այս կամ այն մայրաքաղաքում առկա է «բարձր մակարդակի» ընդունելություն կամ աջակցություն:
Քաղաքական ուժերը, որոնք խոշոր հաշվով չունեն հասարակությանը առաջարկելու որեւէ պրակտիկ, համոզիչ մեթոդաբանություն, չունեն հանրությանը որեւէ հստակ ներքին կամ արտաքին հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումով հանդես գալու կարողություն, չունեն որեւէ թեկուզ փոքր խնդիր սեփական ուժով լուծելու եւ հանրության առաջ դնելու կարողություն, փորձում են հասարակության վրա տպավորություն թողնել զանազան մայրաքաղաքներում ընդունելության արժանանալու մասին հաղորդագրություններով:
Այն, ինչով խոշոր հաշվով զբաղված է Հայաստանի իշխանությունը, որը եւս ներքին ու արտաքին կոնկրետ տնտեսա-քաղաքական հարցերում լինելով լիակատար սնանկ, չկարողանալով լուծել որեւէ հանրային եւ պետական խնդիր, փորձում է ընդամենը ցույց տալ, թե ինչպիսի մեծ ընդունելությունների է արժանանում Սերժ Սարգսյանը Մոսկվայում կամ Վաշինգտոնում:
Փաստացի, այդ երեւույթը Հայաստանի քաղաքական դաշտի համար դարձել է գործնականում համատարած: Ըստ այդմ, ներքաղաքականության փոխարեն Հայաստանում ձեւավորվում է խաբեության եւ ինքնախաբեության համատարած մթնոլորտ, որը պետությունը մտցնում է փակուղի եւ նպաստում է ազգային անվտանգության սպառնալիք դարձած համակարգի վերարտադրությանը, հանրային դիմադրունակության անկմանն ու հասարակությանը քաղաքականություն երեւույթից հիասթափեցնելուն:
Կասկած չկա, որ քաղաքականությունը լինելով ներքին ու արտաքին հարցերի ամբողջական շղթա, ենթադրում է ոչ միայն ներքին կյանքում գործողություններ, այլ նաեւ սերտ գործակցություն աշխարհքաղաքական կենտրոնների հետ՝ պատասխանատու գործակցություն: Բայց, այդ առումով արտաքին գործընկերության հայտերը պետք է ներկայացվեն ներքին կյանքում հասարակությանը մատուցված հայտերի բավարարվածության եւ ընկալվածության հիմքով:
Այսինքն, արտաքին կենտրոններում կարող է որեւէ արժեք կամ կշիռ ունենալ այն ուժը, որն այդպիսին ունի նախ եւ առաջ սեփական հասարակության մոտ՝ լինի դա ընդդիմություն, թե իշխանություն: Եվ ոչ թե հակառակը, երբ սեփական հասարակության վրա են փորձում տպավորություն թողնել արտաքին «ընկալվածության» մասին դրսեւորումներով, անկախ, թե որ երկրի մասին է խոսքը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play