Քաղցկեղով հիվանդ երեխաներին հնարավոր է փրկել անգամ 100 դրամ նվիրաբերելով. Մեկնարկել է «Ֆոնդ 100» բարեգործական նախաձեռնությունը (տեսանյութ)


Քաղցկեղով հիվանդ երեխաներին հնարավոր է փրկել անգամ 100 դրամ նվիրաբերելով. Մեկնարկել է «Ֆոնդ 100» բարեգործական նախաձեռնությունը (տեսանյութ)

  • 31-03-2016 16:56:00   | Հայաստան  |  Բարեգործություն



Յուրաքանչյուր ոք, եթե ամսական «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամին նվիրաբերի առնվազն 100 դրամ, ապա հնարավոր կլինի ամեն ամիս փրկել քաղցկեղով հիվանդ 10-ը երեխայի: «Ֆոնդ 100» բարեսիրական նախաձեռնության մեկնարկն արդեն տրված է և ապրիլի 4-ից բոլոր օգնել ցանկացողները կարող են կատարել փոխանցումներ: Ինչպես մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, նախագծի նպատակն է միավորել բարեսիրտ և հոգատար մարդկանց` կոչ անելով չլինել անտարբեր և միավորվելով իրականացնել զգալի ու անհրաժեշտ փոփոխություններ քաղցկեղով հիվանդ երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքում: 
 
Ըստ նրա` հինադրամը յուրահատուկ հարթակ է բուժվելու համար օգնության կարիք ունեցողների և օգնել ցանկացողների միջև, իսկ նպատակն է ակտիվ աշխատանքի, հրապարակայնության, կազմակերպվածության և ազնիվ ու արդար գործելաոճի շնորհիվ նպաստել ամսական առնվազն տասը երեխայի առողջության վերականգնմանը: 
«Տեխնոլոգիական զարգացվածության այս դարում մենք որոշեցինք ստեղծել www.f100.am կայքը, որպեսզի մարդիկ հնարավորինս մատչելի կերպով կարողանան իրականացնել փոխանցումներ, հետևել իրենց կողմից նվիրաբերված թեկուզ 100 դրամի «ճակատագրին»»,- ասաց Տ. Բալոյանը` հավելելով, որ մուտք գործելով կայքի համապատասխան էջ հնարավոր է վճարումներ կատարել երկու տարբերակով` քարտերով և բանկային հաշվեհամարով:
Նրա խոսքերով` «Ֆոնդ 100» հիմնադրամը գործելու է բացարձակապես թափանցիկ. Այդ իսկ պատճառով հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակվելու է Հոգաբարձուների խորհրդի անդամների բոլոր որոշումները, Բժիշկ խորհրդատուների եզրակացությունները, փոխանցված գումարի քանակը և բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: Բացի այդ, իրականացվելու է նաև տարեկան միջազգային աուդիտ, որի եզրակացությունը կտեղադրվի կայքում տարեկան հաշվետվության հետ միասին: 
«Ֆոնդ 100» բարեգործական նախագծի հիմնադիրներն են հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), ռադիոհաղորդավար Արամ Կարախանյանը (Մաքս): 
Լուսինե Բադալյանի փոխանցմամբ` բարեգոծական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է իր շուրջը ծավալվող իրադարձություններից. «Երբ ամուսնուս բուժելու նպատակով տեղափոխեցինք Գերմանիա, հասկացա, որ քաղցկեղով հիվանդներին բուժվելու համար անհրաժեշտ են ֆինանական մեծ հնարավորություններ, ուստի մի տեսակ ուխտ արեցի. Ամուսնուս բուժվելու դեպքում, խոստացա անպայման փորձել օգնել մյուս բոլոր օգնության կարիք ունեցողներին»:
Նրա խոսքերով` մինչ ինքը մտածում էր քաղցկեղով հիվանդներին օգնելու հանարավորությունների մշակման մասին, իր ընկերները, մասնավորապես, Տիգրան Բալոյանը ներկայացրել է «Ֆոնդ 100» նախագիծը, որն ամբողջությամբ համապատասխանել է իր պատկերացումներին: 
«Այսօր բարեգործական բազմաթիվ ֆոնդեր կան, որոնք հրաշալի կերպով աշխատում են, սակայն ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում չնչին գումարներով օգնել քաղցկեղով հիվանդներին, իսկ այս դեպքում առանց առանձնապես նեղություն չտալով մարդկանց` կարող ենք փրկել բազմաթիվ կյանքեր»,- ընդգծեց Լ. Բադալյանը: 
Հեռուստահաղորդավար Գոռ Գլյումովի գնահամամբ` այսօրվանից մեկնարկում է մի շատ կարևոր գործ, որի շուրջը համախմբվող մարդիկ նայելու  են դեպի ապագա` տարանջատում չդնելով երեխաների միջև. «Չկա իմ ու քո երեխա, կան մեր հայ մանուկներ, որոնք հիվանդ են քաղցկեղով և մեր օգնության կարիքն ունեն»: 
Նրա վստահեցմամբ` նորաստեղծ բարեգործական ֆոնդը գումարների հավաքման դեպքում կկարողանա ապահովել հիվանդ երեխաների` եվրոպական լավագույն կլինիկաներում բուժումը, որը կատարվելու է սկսզբից մինչև վերջ: 
«Կայքում ամեն ինչ լինելու է պարզ և թափանցիկ. Յուրաքանչյուրը կարող է անձամբ հետևել, թե որքան գումար է հավաքված կամ իր փոխանցած գումարն ուր է գնում, ամեն ամիս կայքում և անձնական հեռախոսներում տեսնելու է, թե քանի հոգու կամ ում է փրկել»,- ընդգծեց Գ. Գլումովը: 
Ի դեպ` օգնության կարիք ունեցող հիվանդներին կամ նրանց ընտանիքներին գումարները չեն տրամադրվելու առձեռն, այլ բանկային հաշվից միանգամից փոխանցվելու է տվյալ հիվանդի բուժումամբ զբաղվող հիվանդանոցի հաշվեհամարին, իսկ բուժման կարիք ունեցող երեխաների ընտրությունը կատարելու է  բժիշկների կոնսիլիումը, ովքեր մասնագիտորեն կորոշեն, թե որ երեխան որքան գումարով և որ երկրում պետք է բուժվի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն