Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները «Սան Ֆրանցիսկոյի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների» մրցույթում արժանացել են բարձր մրցանակների


Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները «Սան Ֆրանցիսկոյի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների» մրցույթում արժանացել են բարձր մրցանակների

  • 31-03-2016 18:19:12   | ԱՄՆ  |  Կազմակերպություններ

Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի: Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը: 
 
Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում:   
 
Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:   
 
Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ և մարմնավորում է Երևանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը: Այն սկիզբ է առել 2012 թվականին և յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի և հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին  «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին և Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլևիչն ու Գարեն Բեդրոսյանը:   
 
Ախթամարն ունի սաթի հիասքանչ գույն` պղնձային գուներանգներով: Աշխույժ և նրբագեղ բույր. փնջում գերիշխում են վանիլի և սալորաչրի նրբաբույրով մեղրամոմի, ընկույզի և կաղնու կեղևի երանգները: Ավարտուն, քաղցրավուն համը բացահայտվում է աստիճանաբար և պարգևում երկարատև, դյութող հետհամային զգացողություն: Հետհամային նուրբ չորությունը ստվերարկվում է դարչինի երանգներով:
 
Երևանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Չիվասը  (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):  
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ