Հայկական կողմը պետք է նոր դիրքեր գրավի.Արա Պապյան


Հայկական կողմը պետք է նոր դիրքեր գրավի.Արա Պապյան

  • 03-04-2016 01:22:01   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Շատ կարևոր է, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ընթացող այս մարտերի ժամանակ հայկական կողմը նոր դիրքեր գրավի՝ պատժելով Ադրբեջանին: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ նկատելով, որ այս լարվածությունն աննախադեպ է:

 

«Այստեղ շատ անհրաժեշտ է, որպեսզի մերոնք, եթե իսկապես հակահարձակման են անցել, որոշ նոր դիրքեր գրավեն, որպեսզի հստակ լինի Ադրբեջանի համար, որ իր ամեն գործողություն պատժվելու է: Ճիշտ է, այդ դիրքերը գրավելով՝ մենք գուցե զոհեր կտանք, բայց խնդիրն այն է, որ սրանով մենք կկանխենք հետագա զոհերը: Այդ երկիրը պետք է հասկանա, որ ինքը պատժվելու է, իսկ եթե գործողություն է անում և չի պատժվում, էլի կփորձի: Հետաևաբար, մեր զինվորական ղեկավարության վերլուծությամբ քաղաքական ղեկավարությունը պետք է որոշում ընդունի նոր դիրքեր գրավելու վերաբերյալ»,- ասաց Պապյանը:

 

Նա նկատում է, որա այսօր գիշերվանից սկսված սահմանային բախումներն աննխադեպ են, քանի որ նախկինում օդուժի, համազարկային զինատեսակների կիրառման դեպքեր չեն եղել: Պապյանի խոսքով, եթե չասենք՝ սա լայնածավալ պատերազմ է, ապա հաստատ պատերազմական գործողություն է, գոնե ճակատային գծով այդպես է:

 

Իրավիճակի սրումը հակառակորդի կողմից, Արա Պապյանի խոսքով, պայմանավորված է արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական մի շարք գործոններով: Արտաքին քաղաքականն այն է, որ տեղի ունեցած տարբեր հանդիպումները Ալիևին ցույց տվեցին, որ ինքը չի կարող հույս ունենալ, թե ինչ-որ մեկը հայերին իր փոխարեն պետք է ինչ-որ բան պարտադրի, և իր տեսակետը հալած յուղի տեղ չեն ընդունում:

 

«Մյուս պատճառն այն է, որ Էրդողանի հետ հանդիպումն ու վաշինգտոնյան քննարկումներն ինչ-որ տեղ գործընթացի վրա ազդել են: Մյուս կողմից, վիճակն Ադրբեջանում օրեցօր վատանում է, իրենց հսկայական պահուստային ֆոնդից գրեթե ոչինչ չի մնացել, տնտեսական խնդիրներ է ունենում այդ երկիրը, ինչպես նաև սոցիալական ու էթնիկ: Հետևաբար սա հանրությանը շեղելու և հայերի դեմ հասարակությանը համախմբելու ձև է»,- նկատեց մեր զրուցակիցը:

 

Միաժամանակ Արա Պապյանն ասում է, որ անկասկած, Ադրբեջանը որևէ լուրջ ռազմական հաղթանակի չի կարող հասնել, որովհետև այսօր էլ տեսնում ենք, որ այդ երկիրն իր առջև դրված որևէ խնդիր չի կարողացել լուծել: Ադրբեջանն անգամ տեղային դիրքեր չի կարողանում գրավել, հակառակը, հայկական ուժերն են հակահարձակման անցել:

 

Արա Պապյանը նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը կոչ է անում հնարավոր բոլոր խողովակներով բարձրացնել հարցը, որ Ադրբեջանը թիրախավորված հարվածում է հայկական խաղաղ բնակավայրերին:

 

«Քաղաքացիական բնակչության թվում արդեն մեկ հաստատված զոհի և վիրավորների մասին տեղեկություն կա: Մեր արտաքին գործերի նախարարությունը պարտավոր էր բոլոր հնարավոր տարբերակներով աղմուկ բարձրացնել սրա շուրջ, որովհետև սա բազմաթիվ միջազգային կոնվենցիաների խախտում է: Անգամ պատերազմների դեպքում դու իրավունք չունես քաղաքացիական բնակչությանն այսպես թիրախավորված հարվածել: Իհարկե, զոհեր լինում են, բայց դա պատահաբար է լինում, բայց այս դեպքում հստակ է, որ թիրախավորված են հարվածում, ինչի մասին պետք է բարձրաձայնվի»,- ընդգծեց Պապյանը: 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play