Գլոբալ կոնֆլիկտ՝ նոր աշխարհակարգի համար


Գլոբալ կոնֆլիկտ՝ նոր աշխարհակարգի համար

  • 05-04-2016 01:41:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Այսօր Վիեննայում հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում են Բաքու:
 
Կրակն անհապաղ դադարեցնելու, հրադադար հաստատելու կոչեր են հնչեցրել Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, Թեհրանը, Մոսկվան:
Առայժմ այդ ամենը չի տվել անհրաժեշտ արդյունք, եւ թեժ մարտերը շարունակվում են, Ադրբեջանը շարունակում է իրավիճակի լարումն ու հայկական դիրքերի եւ բնակավայրերի հրետանակոծումը:
Այն, որ Ալիեւի համար դա վաղուց ռազմավարություն է, աներկբա է: Բաքուն վերջին տարիներին քայլ առ քայլ գնացել է այդ ճանապարհով, ավելի ու ավելի մեծացնելով լարվածության աստիճանն ու մասշտաբները: Դրա պաճառն իհարկե այն է, որ Բաքվի այդ ռազմավարությունը թե միջազգային մակարդակում, թե նաեւ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական մակարդակում չի արժանացել համարժեք գնահատականի եւ պատասխանի: Ավելին, Ադրբեջանի այդ ռազմավարության պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը թույլ է տվել մի շարք խոշոր վրիպումներ եւ կոպիտ սխալներ, որոնք էլ ավելի են խորացրել իրավիճակը եւ բարդացրել այն:
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը գնացել է որեւէ նոր եւ նախորդից ավելի մասշտաբային սադրանքի, փորձ է արվել հասկանալ, թե ինչն էր Բաքվին տվյալ պահին մղել դրան, ինչն է տվել դրան գնալու հնարավորություն: Այս դեպքում էլ, շատերը փորձում են հասկանալ, թե ինչու, ով մղեց կամ հովանավորեց Բաքվին հերթական եւ աննախադեպ խոշոր սադրանքին, գրեթե լայնամասշտաբ պատերազմին ձեռնամուխ լինելու հարցում:
Ենթադրությունները, վարկածները տարբեր են եւ դժվար է իհարկե հստակ ու միարժեք իմանալ ճշմարտությունը, թե ով է խրախուսել, հովանավորել կամ թելադրել Ալիեւին: Մի բան թերեւս հստակ է, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, եւ Ալիեւն էլ ինքնասպան չէ, որ ինքնուրույն գնար այդօրինակ քայլի, չունենալով առավել ազդեցիկ որեւէ երաշխիք կամ երաշխավոր:
Միաժամանակ, աներկբա է սակայն, որ առանձին իրավիճակներով հանդերձ, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության գլխավոր երաշխիքը ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակն է: Ադրբեջանը դրանում հայտնվել է փակուղում, սակայն միեւնույն ժամանակ փակուղային է ոչ միայն Բաքվի դիրքը, այլ գործնականում միջազգային իրավիճակն ընդհանրապես:
Առկա է գլոբալ կոնֆլիկտ, որը դսեւորվում է մի քանի թեժ կետերով կամ հանգույցներով, որոնք գտնվում է թեժացման շեմին: Այդպիսին էր Կովկասը, որը կարծես թե առնվազն մի ոտքով անցել է այդ շեմը: Գլոբալ կոնֆլիկը նոր աշխարհակարգի համար է, քանի որ հինը բերել է ինչ որ տեղ գուցե նաեւ բնական, եւ գործնականում անհաղթահարելի համակարգային ճգնաժամի: Նոր աշխարհակարգի դեպքում է հնարավոր ձեռնամուխ լինել տարբեր տնտեսա-քաղաքական ճնաժամերի հանգուցալուծմանը, որոնք փաստացի վերածվել են հին աշխարհակարգի քաղցկեղի:
Ստացվել է այնպես, որ այդ կոնֆլիկտի առանցքային կողմերը կամ հիմնական սուբյեկտ հանդիսացող աշխարհքաղաքական կենտրոնները կոնկրետ Արցախի հակամարտության հարցում հայտնվել են հակամարտող կողմերից ընդհանուր առմամբ հավասար հեռավորության վրա: Գլոբալ կոնֆլիկտի պարագայում այդ հանգամանքը Բաքվի համար դառնում է ռազմատենչության երաշխիք, դրա միջոցով խնդիր լուծելու պատեհ առիթ, քանի դեռ կոնֆլիկտն առավել գլոբալ մակարդակում չի ունեցել որեւէ էական հանգուցալուծում:
Բանն այն է, որ հանգուցալուծման միտումներն ու վեկտորը Բաքվի համար խիստ անբարենպաստ է, որն արտահայտվում է Կովկասում ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքի թուլացման, Իրանի դերակատարության աճի, Կովկասը ռազմա-քաղաքական լարվածության եւ շանտաժի ռեժիմից դեպի տնտեսական գեներացիայի ռեժիմ բերելու մղումներով, որոնցից առաջին եւ նկատելի քայլը շփման գծում հրադադարի միջազգային մեխանիզմի հաստատման ամերիկյան առաջարկն է, որը Բաքուն մերժել է: Այդ առաջարկը որեւէ կերպ չի ողջունում նաեւ Մոսկվան, թեեւ թվում է, թե «դաշնակից» Մոսկվայի համար պետք է ողջունելի լինի այն, ինչ վաղուց ողջունել է Հայաստանը:
Ընդհանրապես, ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի պահվածքը չափազանց էական ու առանցքային նշանակություն ունի գլոբալ միջազգային կոնֆլիկտի պայմաններում Ադրբեջանի սացած «երաշխիքի» առումով: Բանը միայն այն չէ, որ Ռուսաստանը կոնֆլիկտի հակադիր բեւեռն է, որը մեծ հաշվով փորձում է իր շուրջը ձեւավորել նոր աշխարհակարգի դիմադրության առանցքը, մեծ հաշվով չունենալով որեւէ գաղափարա-արժեքային փաստարկ այդ հարցում եւ հիմնվելով լոկ պրոպագանդիստական կեղծ ու հետադեմ շահարկումների վրա:
Խնդիրն այն է, որ գլոբալ կոնֆլիկտի պայմաններում Ռուսաստանը բացահայտորեն վարել է քաղաքականություն, որի հաջորդական քայլերը եղել են Հայաստանի սուբյեկտության չեզոքացումն ու դա Ադրբեջանի հետ գործընկերության համոզիչ փաստարկի եւ առհավատչյայի վերածումը: Ընդ որում, Ռուսաստանը դրան քայլ առ քայլ սկսել է գնալ 2004 թվականից, երբ ռուս-ադրբեջանական հարաբերության տիրույթում ի հայտ եկավ «ռազմավարական գործընկերություն» հասկացությունը, երբ Պուտինը սկսեց ծաղիկներ դնել Բաքվի «շահիդների ծառուղում», որտեղ թաղված են «դաշնակից» Հայաստանի դեմ պատերազմի ադրբեջանական «հերոսները»: «Ռազմավարական գործընկերությանը» սկսեց լրացնել ռազմա-տեխնիկական գործակցությունը, նախ միլիարդի, հետո արդեն միլիարդների:
Այդ ամենի հանդեպ Հայաստանում առաջացավ ոչ թե քաղաքական դիմադրություն, այլ հպատակության «շքերթ»: Հայաստանի սուբյեկտությունը Մոսկվային հանձնելու համար մրցակցում էին քաղաքական իշխանությունն ու ոչիշխանությունը, ընդդիմություն գործնականում չկար: Հասարակական մի ստվար հատված զբաղված էր քարոզչական մանիպուլյացիայով, հայտարարելով, թե նույնիսկ լավ է, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների սպառազինություն է գնում մեր դաշնակից Ռուսաստանից, ոչ թե այլ երկրից, որովհետեւ Ռուսաստանը թույլ չի տա այդ սպառազինությունն օգտագործել հայերի դեմ:
Ներկայում հայերի դեմ դուրս են եկել ռուսական արտադրության, նոր ձեռք բերված ուղղաթիռներն ու արդիական տանկերը: Հայերը ներկայում երիտասարդ կյանքերի զոհաբերման, հերոսության գնով կռվում են ռուսական միլիարդանոց զինտեխնիկայի դեմ, որը դաշնակիցը մեծահոգաբար վաճառել է Բաքվին՝ Հայաստանի եւ Արցախի հասցեին Ալիեւի ռազմական ագրեսիվ սպառնալիքների տարափի տակ:
Դժվար է ասել, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցությունն այդօրինակ ստոր հավանության եւ արդարացման արժանացնողները եւ Հայաստանի սուբյեկտությունը տարատեսակ արդարացումներով Մոսկվային հանձնելու հարցում մրցակցող իշխանական եւ ոչիշխանական շրջանակներն այժմ հասկանու՞մ են, թե ինչպես են նպաստել Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմը մոտեցնելուն, հատկապես այն բանից հետո, երբ դաշնակիցը այժմ անգամ շարունակում է հավասարության նշան դնել կողմերի միջեւ:
Սակայն ստեղծված իրավիճակն առավել քան ակնհայտ է դարձրել, որ Ադրբեջանի համար հատկապես կարեւոր է եղել սպառազինությունը ձեռք բերել Ռուսաստանից, որովհետեւ այդ տարբերակում դրա հետ մեկտեղ ձեռք է բերվել նաեւ այն կիրառելու իրավունքը: Քանի որ ի տես աշխարհի պատերազմի շանաժով ու սպառնալիքով Հայաստանը ԵՏՄ կայսերական նախագծին բռնակցող, եւ ի տես աշխարհի Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելով, Ռուսաստանը փաստացի ցույց է տվել, որ եթե դաշնակից համարվող պետությունն է այդպես ոտնահարում եւ արհամարհում դաշնակցի շահն ու կարծիքը, դա կարող է անել ցանկացած այլ ոք:
Ահա թե որն էր խնդիրը ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության հարցում: Ոչ թե այն, որ Ադրբեջանը զինվում էր, այլ այն, որ զինվելով Ռուսաստանի թիվ մեկ մատակարարության պարագայում, նա զենքի հետ ձեռք էր բերում նաեւ այն օգտագործելու քաղաքական իրավունքն ու «երաշխիքը»: Առավել եւս այն պարագայում, երբ Մոսկվան այդ ամենին զուգահեռ գործնականում բացահայտորեն ձեռնամուխ էր եղել «տարածք խաղաղապահների դիմաց» գործարքի իրականացմանը:
Ահա թե ինչու Կրեմլը որեւէ կերպ չի ողջունել իր իսկ դաշնակցի ողջունած հրադադարի միջազգային մեխանիզմի գաղափարը, որովհետեւ այն էապես արգելափակում է շանտաժի ու խաղաղապահների հնարավորությունը շփման գծում:
Եվ այդ առումով, նաեւ ըստ երեւութին այստեղ է գլոբալ իրավիճակի եւ Ադրբեջանի հերթական կոնկրետ ու աննախադեպ սադրանքի հատման կետը, որը համընկավ Վաշինգտոնում միջուկային անվտանգության Վեհաժողովի հետ, որին կանչվել էր նաեւ Ալիեւը: Բավական է հետեւել ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ Ալիեւի ճեպազրույցի կադրերին, մասնակիցների դեմքի արտահայտությանն ու միյանց հետ հաղորդակցվելու տոնին, հասկանալու համար, որ Վաշինգտոնում Ալիեւին ցուցաբերվել է մեղմ ասած ոչ այնքան հաճելի ընդունելություն, թերեւս փորձելով նրան բերել կառուցողական դաշտ եւ ստանալ համաձայնություն հրադադարի միջազգային մեխանիզմի հարցում, երկարատեւ առումով արգելափակելով Բաքվի ռազմատենչությունն ու լիցաքաթափելով Կովկասի լարվածությունը, տարածաշրջանը բերելով առավել ստեղծարար, քան հակամարտ ռեժիմի:
Ալիեւն ըստ ամենայնի որոշեց գնալ վա բանկ, քանի դեռ գլոբալ կոնֆլիկտը տալիս է դրա համեմատաբար անպատիժ հնարավորությունը: Ի դեպ, այդ առումով չափազանց խորհրդանշական է այն, ինչ հայտարարել է Ալիեւը նախօրեին Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, թե Ադրբեջանի համար ողջունելի առաջարկներ է արել Ռուսաստանը, որոնք հիմնված են Ադրբեջանի տարածքային ամբողջության սկզբունքի վրա:
Ներկայիս իրավիճակում Ալիեւին կարող է պատժել միայն Հայաստանը: Եվ պետք է արձանագրել, որ կա այդ պատժի աշխարհքաղաքական պահանջը, եթե Հայաստանը սկսի դաշնակցել իր շահի եւ անվտանգության հրամայականի, ոչ թե պատմաբարոյագիտական անհեթեթությունների եւ տարրական իշխանատենչության բնազդի հետ, որը մեծ հաշվով հանգեցրել է միայն հակառակորդ Ադրբեջանի սանձարձակությանը, նպաստել հայության հանդեպ Ադրբեջանի վախերի թուլացմանը:
Ադրբեջանի ռազմատենչությունը մեկ այլ էական հարթության վրա հետեւանք է այն ինքնապաշտպանական բնազդների թուլացման, որ պարտադրվել էին Բաքվին Արցախի առաջին պատերազմի արդյունքում: Գուցե թվա տարօրինակ, բայց Բաքուն սկսել է առաջնորդվել ոչ թե բնազդով, այլ գիտակցությամբ, ինչի արդյունքում էլ տարիների ընթացքում կայացվել ու ամրացվել  է «ռազմական դիվանագիտության» անցման որոշումը:  Ինքնապաշտպանության բնազդով առաջնորդվելու դեպքում Ադրբեջանը չի անի Հայաստանի ուղղությամբ որեւէ քայլ:
Ներկայում խնդիրը Ադրբեջանի բնազդների վերականգնումն է, ինչի իր բաժինը ներկայում լիովին կատարում է զինուժը եւ ինչը երկարաժամկետ առումով արդյունավետ կարող է լինել միայն Հայաստանում քաղաքական ինքնագիտակցության եւ պետական արժանապատվության վերականգնման համալիր քայլերի զուգորդմամբ:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play