Լիտվայի Սեյմասի փոխնախագահը պարգեւատրվել է Հայաստանի ԱԺ Պատվո մեդալով<br />


Լիտվայի Սեյմասի փոխնախագահը պարգեւատրվել է Հայաստանի ԱԺ Պատվո մեդալով

  • 18-10-2010 14:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ-ում լիտվացի հյուրին հանձնելով պարգեւը, Հ.Աբրահամյանը բարձր է գնահատել Ա.Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ նշել, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը: Հաշվի առնելով, որ Ա.Կաշետան Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ այցը լուրջ ազդակ կլինի նաեւ միջխորհրդարանական կապերի աշխուժացման առումով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատգամավորների պարգեւն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Նա հայտարարել է, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, եւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, որում, դատապարտելով 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը: Ա.Կաշետան վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանան:
Նոյյան տապան  -   Քաղաքական