Բացի մեզնից՝ ոչ մեկի վրա հույս չդնենք.Արամ Աբրահամյան


Բացի մեզնից՝ ոչ մեկի վրա հույս չդնենք.Արամ Աբրահամյան

  • 05-04-2016 10:58:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Առավոտ. Եթե ժամանակին Արցախը զինված ինքնապաշտպանություն չկազմակերպեր, նրա բնակչության հետ կլիներ այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Թալիշ գյուղի բնակիչների հետ:
 
Ակնկալել ներկայիս Ադրբեջանից այլ վերաբերմունք՝ նույնն է, թե սպասել «Իսլամական պետության» գրոհայիններից, որ նրանք գթասիրտ կգտնվեն քրիստոնյաների, քրդերի, եզդիների, շիաների նկատմամբ: Կամ՝ երիտթուրքերի կառավարությունից սպասել, որ նրանք կխնայեին հայերին: 1988 թվականին մենք որոշեցինք, որ այլեւս նման միամտություն մեզ թույլ չենք տա: Ահա թե ինչու է պետք, որ արցախցու կողքին խրամատում կանգնի գյումրեցին, սիսիանցին, տավուշցին: Ոչ մի միջազգային կառույց իրավունք չունի ասելու, թե ինչ են նրանք այնտեղ անում: Ճիշտ այնպես՝ եթե Արցախի պաշտպանական բանակը վաղը գրավի բնակավայր, բարձունք կամ բնագիծ՝ որտեղ էլ այն գտնվի, դա իր իրավունքն է, ուրեմն այդ բանակն այս կերպ է որոշել պաշտպանել իր քաղաքացիներին: Միջազգային կառույցները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ մնացածը մորթողներին եւ նրանցից պաշտպանվողներին լավագույն դեպքում դնում են մեկ հարթության վրա եւ խաղաղության կեղծավոր կոչեր են անում: Վատագույն դեպքում, ինչպես որ դա անում են, մասնավորապես, մեր ԵԱՏՄ-ական եւ ՀԱՊԿ-ական «ախպերներ» Բելառուսը եւ Ղազախստանը, ասում են՝ ապրե՛ք, մորթողներ, իսկ դուք, պաշտպանվողներ, զենքերը վայր դրեք ու գնացեք: Դա է առաջարկում նաեւ ԵԽԽՎ-ի ոչ անհայտ Պեդրոն: Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»: Ինձ թվում է՝ այո: Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Ադրբեջանին, որ նա դադարեցնի իր նկրտումները: Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, ինչ մեզ է պետք: Իհարկե, նման բան կարող եմ ես ասել՝ պետական պաշտոնյաները, դիվանագետները՝ չեն կարող: Կարելի է չասել, բայց անել: Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի ռազմավարական կամ նույնիսկ մարտավարական դաշնակից չունեն: Փոխարենն այդ երկու պետություններն ունեն շատ հզոր ներքին դաշնակիցներ: Նրանք այն երիտասարդներն են, որոնք իրենց հստակ պատասխանն են տալիս հակառակորդի ոտնձգություններին: Նրանք այն արցախցիներն են, որոնք այդ ոտնձգություններին նայում են շատ հանգիստ, նույնիսկ, իմ տպավորությամբ, թեթեւ արհամարհանքով, եւ ամեն մեկը զբաղված է իր գործով: Նրանք այն հազարավոր հայերն են, ովքեր հերթ են կանգնում՝ ռազմաճակատ գնալու համար: Հայաստանի եւ Արցախի այս դաշնակիցները շատ ավելի հզոր են, քան ամենահզոր գերտերությունները, եւ ավելի վտանգավոր են հակառակորդի համար, քան ամենաժամանակակից զենքը: Այս օրերին եւս մեկ անգամ դրանում համոզվեցինք:  
 
 
 
 
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play