Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
05-04-2016 18:15:06 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի Խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Վրաստանում բնակվող ադրբեջանցիների վերջերս դրսևորվող ակտիվության կապակցությամբ:
«Կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին` հատկապես մեր հայ և ադրբեջանցի քաղաքացիներին, խաղաղություն պահպանել և զերծ մնալ այնպիսի բնույթի հայտարարություններ և գործողություններ անելուց, որոնք կարող են վնասել Վրաստանի տարածքում այդ երկու ազգային խմբերի գոյակցության բազմադարյա ավանդույթին:
Վրաստանը միշտ էլ տարբերվել է բազմամշակութային հարստությամբ և բարիդրացիական հարաբերություններով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակցել տվյալ ավանդույթի պահպանմանը», -ասված է Վրաստանի Խորհրդարանի հայ և ադրբեջանցի պատգամավորների համատեղ հայտարարությունում: