Հրադադարը չի կարող լինել երկարատեւ․ Փորձագետներ


Հրադադարը չի կարող լինել երկարատեւ․ Փորձագետներ

  • 07-04-2016 13:44:45   | Հայաստան  |  Քաղաքական

Փորձագետների կարծիքով` մեկ օր առաջ հաստատված հրադադարը հուսալի չէ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այս առիթով նշեց. «Այն չի կարող լինել երկարատև, քանի որ Ադրբեջանն ունի կրակելու ռացիոնալ պատճառներ: Առաջինը, նավթի գների անկումն է: Մյուս պատճառը ուշադրություն գրավելն է. եթե չլինեն կրակոցներ, կմոռանան կոնֆլիկտի մասին: Ադրբեջանի վերնախավի էմոցիոնալ վիճակը նույնպես դերակատարություն ունի»:
 
Ըստ քաղաքագետի` դեռ երկար չի հաջողվի հաստատել հրադադար: Իսկանդարյանը նկատեց. «Ադրբեջանին Ստեփանակերտը պետք չէ, նա դրան հասնել չէր էլ կարող: Նա ցանկանում էր ուղղակի հեռուստատեսությամբ ներքին լսարանի համար խաղալ 21-րդ դարի հերոս սցենարը, ու ցույց տալ, որ իրենք էլ կռվել գիտեն»:
 
Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն այս ամենի հետևում տեսնում է Ռուսաստանին. «Հենց այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, ինձ ցույց է տալիս Մոսկվայի դերակատարությունը: Քանի դեռ հետաքրքրությունները և նպատակները չեն բավարարվել, հրադադար լինել չի կարող: Կան նաև Ադրբեջանի հետաքրքրությունները, բայց ինձ համար ակնհայտ են Ռուսաստանի հետաքրքրությունները ևս: Եթե Ադրբեջանի համար միգուցե այս գործողությունները տվեցին ներքին սպառման տեսանկյունից որոշակի արդյունքներ, ապա ՌԴ-ի նպատակն է ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը, բայց այդ նպատակին չհասան: Այն պատասխանը , որ տվեց հայկական կողմը, դա թույլ չտվեց: Ուստի քանի դեռ այդ նպատակին չեն հասել, ապա նման միջադեպեր էլի կարող են լինել»:
 
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` իրավիճակը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը չի կարող առաջ գալ, ավելին, կորցրեց այն, ինչին հասել էր ապրիլի 2-ի դրությամբ: Նա պատահականություն չի համարում այն, որ ապրիլի 3-ին միակողմանի հրադադարի մասին հայտարարություն էր անում, քանի որ ցանկանում էր պահել գրավված Թալիշ և մյուս գյուղերը: Իսկ հայկական կողմը նպատակ չունի հակահարձակման անցնել:
 
Սահմանային սրացման դրդապատճառներին անդրադառնալով` պարոն Սաֆարյանը նշեց. «Կարևոր է`արդյոք բավարարվել են նրանց նպատակները, որոնք կանգնած են այս սրման ետևում: Ամենևին էլ այդ իրավիճակը չէ: Ցանկություն է եղել Ադրբեջանի կողմից ազատվել 1994 համաձայնագրից, որտեղ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը կողմ է»:
 
Պարոն Սաֆարյանը վտանգավոր է համարում զինադադարի նոր պայմանագրի կնքման հավանականությունը, որին ձգտում է Ադրբեջանը. «Եթե հրադադարի պայմանագիր, ապա այն արդեն ստորագրված է, այն պետք է պարզապես պահպանել: Իսկ եթե ուժի չկիրառման պայմանագիր է, այլ խնդիր է սա, ապա այդ խնդիրը չպետք է լուծվի Մոսկվայում, դրանով պետք է զբաղվի Մինսկի խումբը»:
 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հիշեցրեց, որ Մոսկվայում տեղի ունեցածը կրակի դադարեցման համաձայնություն է, որին, ի դեպ, Արցախը չի մասնակցել, և ԼՂՀ ՊԲ-ն որևէ կերպ պարտավոր չէ այդ համաձայնությունը կատարել: Հայկ Խանումյանը ԼՂՀ-ում ներկայումս գոյություն ունեցող իրավիճակի մասին տեղեկացրեց. «Մշտական հրետակոծություն է տեղի ունենում, կողմերը վերադիրքավորվում են, դիվերսիոն ներթափանցման փորձեր են արվում: Քաղաքացիական բնակավայրերն այն ինտենսիվությամբ չեն ռմբակոծվում, սակայն կողմերը շարունակում են պայքարը դիրքային առավելության համար: Տեղի են ունենում հարձակումներ դիրքերի վրա, տեղի են ունենում արկակոծություններ, հրետակոծություններ»: Հայկ Խանումյանը շեշտեց, թե Սեյսուլան բնակավայրի մասին հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը գրավել է, ընդամենը Ադրբեջանական կողմից լրահոս ներմուծված բան է: Նա շտկեց. «Սեյսուլանի հետ կապված ոչինչ չի փոխվել: Թեև Թալիշում սկզբից դիրքեր ենք կորցրել, բայց երբեք էլ այդ գյուղը չի եղել ադրբեջանական վերահսկողության տակ: Թալիշի դիրքերը մեծ մասամբ հետ են վերցված և թշնամին հետ է շպրտված»: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play