Քաղաքագետները նահանջ են տեսնում 1994-ի համաձայնագրից


Քաղաքագետները նահանջ են տեսնում 1994-ի համաձայնագրից

  • 07-04-2016 17:41:43   | Հայաստան  |  Քաղաքական

Փորձագիտական շրջանակները վտանգավոր են համարում Ստեփանակերտի բացակայությունը կրակի դադարեցման շուրջ բանակցություններում:
 
Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հիշեցնում է` Ռոբերտ Քոչարյանի օրոք Ստեփանակերտը դուրս մնաց բանակցային սեղանից, հիմա էլ կասկածի տակ է դրվում Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի տակ:
 
«Եթե նոր հրադադար կնքվի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, Ադրբեջանը կարող է ասել, որ իր նպատակին հասավ: Այսինքն` այն զոհերը, այն կորուստները, որ մենք ունեցանք և այն հաջողությունները, որ մենք ունեցանք ռազմի դաշտում մեր զինվորի քաջության, մեր ժողովրդի ոգեղենության շնորհիվ, էլի դիվանագետները մսխում են` տուրք տալով ադրբեջանական պահանջներին: Ես վստահ եմ, որ Ադրբեջանն է պահանջել, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասում է Խուրշուդյանը:
 
Արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը տարակուսած էր` այս օրերի պատերազմը հնարավորություն էր ստեղծել վերջապես ուղղել դիվանագիտական սխալը` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ասպարեզ բերել, բայց տեղի է ունենում հակառակը. - «Լեռնային Ղարաբաղն է այս ամեն ինչի տերը և դա իրենց բախտն է որոշվում: Ես, համենայնդեպս, զգացի միանշանակ աջակցություն Արևմուտքի կողմից նրա, որ Լեռնային Ղարաբաղը ավելի շատ հնչի և Լեռնային Ղարաբաղը նորից վերադառնա բանակցությունների սեղան: Միջազգային լրատվամիջոցները շատ տեղ տվեցին հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին` և՛ արտաքին գործերի նախարարին, և՛ խոսնակին: Այնպես որ, այս ամենի ֆոնի վրա, երբ Հայաստանը գնում և բանակցում է առանց ներգրավելու Լեռնային Ղարաբաղին, ես համարում եմ դա բացարձակ սխալ»:
 
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում, որ հենց Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները. - «Ռուսաստանը շահագրգռված է մնում կառավարելի շիկացման մոդելի հարցում, երբ թույլ է տալիս, որպեսզի լարվածությունը հասնի գագաթնակետին, որից հետո հանդես է գալիս այսպես ասած միջնորդական և խաղաղապահական առաքելություններով»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play