Ալիեւը ծանր վիճակում է հայտնվել. Մեկնաբան


Ալիեւը ծանր վիճակում է հայտնվել. Մեկնաբան

  • 07-04-2016 18:04:19   | Հայաստան  |  Վերլուծություն

Ահա արդեն երկու տարի է՝ միջազգային փորձագետներն ու քաղաքական գործիչները գրեթե զարմացած ասում են, որ Հայաստանն, ըստ երեւույթին, որոշել է հրաժարվել տարածքների հանձնումից:
 
Շատ փորձագետներ նշում են Հայաստանի անդրդվելիությունը, չնայած Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ բանակցությունների հիմք է ընդունում մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են տարածքների հանձնում:
Բանակցությունների ամբողջ ընթացքում տարածքների հանձնման հարցը քննարկվել է, պարզապես կողմերը չէին կարողանում համաձայնության գալ, թե քանի շրջան պետք է հանձնի Ղարաբաղը: Սկզբում խոսքը ԼՂԻՄ շուրջ 7 շրջանների մասին էր, հետո Լաչինն ու Քարվաճառը դուրս եկան ցուցակից, հետո Թուրքիան խոսեց 2-3 շրջանի մասին, իսկ Դավութօղլուի «վերջին» հայտարարությունը վերաբերում էր միայն մեկ շրջանի:
Փաստորեն, տարիներ շարունակ հայկական կողմից զիջվող շրջանների քանակի նվազման դինամիկա էր նկատվում: Դա տեղի էր ունենում հայկական բանակի գործողությունների եւ հայ հանրության համառության շնորհիվ, որը չէր տրվում կոլաբորացիոնիստների «հորդորներին»:
Ադրբեջանը վստահ էր, որ արտաքին խաղացողները կկարողանան համոզել հայկական կողմին, եւ դա պատճառներից մեկն էր, որ մինչեւ 2013 թվականն ազնիվ խոսքի վրա հիմնված Բիշքեքի հրադադարը հիմնականում պահպանվում էր:
2013 թվականին Ալիեւը սկսեց ինտենսիվորեն խախտել հրադադարը՝ մեծացնելով սպառազինության տրամաչափն ու կիրառելով դիվերսիոն մարտավարություն: Որոշ փորձագետներ դա գնահատել են որպես արձագանք միջնորդների պահանջների փոփոխությանը եւ հայկական կողմի ու հայկական բանակի դիրքորոշման կոշտացմանը:
Մադրիդյան սկզբունքների մասին չի դադարում խոսել միայն Հայաստանի ԱԳՆ-ն, սակայն ոչ ոք արդեն չի լսում նրան: Մյուսներն իրենց քաղաքականությունը հանգեցրել են ուժերի ներկայիս դասավորությունն արձանագրելուն:
Երկար ժամանակ բանակցություններում հստակություն չկար, թե կարգավորման դեպքում որ թվականի սահմաններին պետք է վերադարձ լինի՝ 1988, 1991, 1992, թե՞ 1994:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը թիվ է հնչեցրել՝ «պետք է խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ հայկական և ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները»: Բազմաթիվ ռազմական փորձագետներ կարծում են, որ այդ սահմաններն ամենաօպիտմալ տարբերակը չեն, եւ հայկական ուժերը պետք է հասնեն մինչեւ Կուր: Սակայն նշվում է, որ եթե Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրվի, 1994 թվականի սահմաններն ամենաընդունելին են:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ տանել իր դիրքերը եւ մի քանի պոստ է գրավել: Հայկական ուժերը չեն հերքում, որ Ադրբեջանի վերահսկողության տակ որոշակի տարածք է հայտնվել: Սերժ Սարգսյանը խոսում է 250-300 մետրի մասին: Սակայն, ակնհայտ է, որ ոչ թե շրջանները, այլ հենց այդ 300 մետրն է Ալիեւի բանակցությունների առարկան ու «փաստարկը» սեփական ժողովրդի հետ զրույցում:
Ինչի՞ կարող է հանգեցնել Ալիեւի զրույցը սեփական ժողովրդի հետ: Ինչպես 2008 թվականին Սաակաշվիլին «լուծեց» Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, այնպես էլ Ալիեւը կարող է ասել իր ժողովրդին, որ փորձել է ռազմական ճանապարհով լուծել հարցը, կարողացել է «հետ գրավել» մի քանի մետր, սակայն ամբողջ աշխարհն Ադրբեջանի դեմ է հանդես եկել: Ալիեւն այդպես կարող է բացատրել իր համաձայնությունը Ղարաբաղի հետ:
Դա կարող է լավագույն ելքը լինել Ալիեւի համար, որը ծանր վիճակում է հայտնվել: Վերջիվերջո, նրան բոլորից լավ է հայտնի, որ ղարաբաղյան ճակատում բոլոր շրջադարձային իրադարձություններն ավարտել են Ադրբեջանում իշխանափոխությամբ: Նրա հայրն իշխանության է եկել՝ համաձայնվելով «հանձնել» 4 շրջան: Հիմա էլ, իշխանության մնալու համար կրտսեր Ալիեւը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play