Միջազգային հանրությունից պետք է պահանջել պատժել Ադրբեջանին և Թուրքիային. հայ մտավորականներ (տեսանյութ)


Միջազգային հանրությունից պետք է պահանջել պատժել Ադրբեջանին և Թուրքիային. հայ մտավորականներ (տեսանյութ)

  • 08-04-2016 18:28:18   | Հայաստան  |  Քաղաքական



«Մտավորականների խորհրդի» անդամներն առաջարկում են ՀՀ իշխանություններին ամբողջությամբ վերանայել իրենց քաղաքականությունը հատկապես միջազգային դիվանագիտության ոլորտում, քանի որ բոլոր իրավական հիմքերը կան Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ներկայացնելու որպես իրավական ճանապարհով կազմավորված պետություն և ճանաչել Արցախի անկախությունն Ադրբեջանից: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մտավորականների խորհրդի» անդամ,  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, վերջին իրադարձություններին,  հրադադարի և բանակցային գործընթացին և հնարավոր հետագա զարգացումներին: 
 
Ըստ նրա` Հայաստանն առ այսօր աշխարհին չի կարողացել ճիշտ ներկայացնել ԼՂՀ հիմնախնդրի բուն էությունը, մինչդեռ այս ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն ստահոդ ու կեղծ տեղեկություններ է տարածել, ինչն իր արդյունքն է ունեցել: 
«Երկրորդ խնդիրն այն է, որ մենք շատ լավ իմանալով, որ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին ԼՂՀ հողերն «ազատագրելու» հարցում, անգամ Դավութօղլուն հայտարարեց, որ այդ հողերն իրենց համար սուրբ են, իսկ դա նշանակում է, որ նրանք ջիհադ են հայտարարում»,- ասաց Ա. Մանուկյանը` ընդգծելով, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսի կողմից որևէ համարժեք արձագանք չեղավ այդ հայտարարություններին: 
Ա. Սարգսյանի փոխանցմամբ` մտավորականները գտնում են, որ անհրաժեշտ է մի կողմ դնել մադրիդյան սկզբունքները և ձևավորել նոր սկզբունքներ ու առաջարկներ: 
Վերջինիս խոսքերով` պետք է ԼՂՀ հարցը դուրս բերել Մինսկի խմբի անհասկանալի փակուղուց. «Անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել իրողությունը և, եթե Հայաստանի հանրապետությունը չճանաչի ԼՂՀ լիակատար անկախությունն Ադրբեջանից, ապա մենք չենք կարող որևէ բանակցություններում հաջողություն արձանագրել»:
ԼՂՀ  Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքերով` տեղի է ունենում բեկումնային անցում բոլորովին նոր որակի միջազգային հարաբերություններում. «Այսինքն` 21-րդ դարում հայտնվել է պետական մի կառույց, երկու պետական սուբյեկտ, մեկն Ադրբեջանն է, մյուսը Թուրքիան, որոնք հանդես են գալիս ամբողջ մի ազգի ոչնչացման դիրքերից»:
Նրա կարծիքով` այսօր շեշտը պետք է դնել նրա վրա, որ տեղի է ունենում միջազգային իրավունքի աղաղակող խախտում մի երկրի կողմից, որը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:  
Ա. Նավասարդյանի պնդմամբ` դիվանագիտության նոր պատմության մեջ հնարավոր չէ գտնել մի փաստաթուղթ, կամ մեկ դիվանագետ, ով հանդես գա ուժի դիրքի քաղաքականությունից, մինչդեռ Ադրբեջանն հենց այդպես էլ վարվում է: 
Արտակարգ և լիազոր դեսպանը ընթերցում է իր հեղինակած գրքերից մեկում տեղ գտած ադրբեջանցի դեսպանը 2010 թվականին արված մի հայտարարություն, որում նա նշել է. «Եթե մեկն ու մեկը մտածում է, որ ինքը կնստի տանը, իսկ բանակը կազատագրի բռնագրավված հողերը, ապա այդպես չի լինի, պետք է ողջ երկիրը, ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի, բռունցքվի, նեցուկ կանգնի իր նախագահին և ազատագրի այդ տարածքները, այլ ճանապարհ չկա»: 
Ա. Նավասարդյանի խոսքերով` ադրբեջանցի դիվանագետի նման բացահայտ սադրիչ հայտարարությունը որևէ հարթությունում չի տեղավորվում, մինչդեռ դիվանագիտական հարաբերությունները կարգավորող միջազգային օրենքներ գոյություն ունեն, որոնց համաձայն դիվանագետի նման պահվածքը և դիրքորոշումը թույլ է տալիս տվյալ դիվանագետին դուրս վռնդել դիվանագիտական կորպուսից ընդմիշտ, ինչը չի արվել:
 «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող 
Արման Բոշյանն էլ նշում է, որ Հայաստանը պետք է փաստերով դիմի միջազգային հանրությանը` պահանջելով պատժել ու դատապարտել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային` որպես աջակից:   
Նրա պնդմամբ` ժամանակն է վերանայելու Ռուսաստանի հետ ունեցած ռազմական հարաբերությունները` ի օգուտ Հայաստանի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play