Հայկական կողմի կորուստները պաշտպանական համակարգի և պաշտոնյանների անփութության արդյունք են . Սոս Գիմիշյան (տեսանյութ)


Հայկական կողմի կորուստները պաշտպանական համակարգի և պաշտոնյանների անփութության արդյունք են . Սոս Գիմիշյան (տեսանյութ)

  • 08-04-2016 13:22:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



«ԼՂՀ հակամարտության գոտում ծավալված վերջին ռազմական գործողությունների օրերին հայ ժողովրդի համախմբվածությունը տեղի իշխանության շնորհքը չի, հետևաբար սա հասկանալով` ՀՀ իշխանությունները պարտավոր են մշտապես հարգել ու խոնհարվել այս ժողովրդի առջև»,- ասում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ,  «Հայաստան Ժողովրդական նախաձեռնություն» կուսակցության անդամ Սոս Գիմիշյանը` ընդգծելով, որ հիացած է հայ ժողովրդի դրսևորած միասնականությամբ, ով այսքան տարի թալանվելուց ու կեղեքվելուց հետո ոտքի կանգնեց ու շարժվեց դեպի սահման: 
 
Ըստ նրա` «Հայաստան Ժողովրդական նախաձեռնություն» կուսակցությունը դեռևս մեկ տարի առաջ է դիմել Հայաստանի իշխանություններին և կուսակցություններին` նախազգուշացնելով, որ Հայաստանում և Արցախում անպայման լինելու են միջադեպեր, ուստի պետք է հնարավորինս շուտ մոբիլիզացնել հանրությանը հակառակորդին դիմակայելու և արժանի հակահարված հասցնելու համար:
«Ղարաբաղյան դեպքերն, անշուշտ, պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների ներքո, որովհետև սա չի կարող լինել զուտ ադրբեջանա-ղարաբաղյան միջադեպ. Սա ուղղակի կապ ունի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ»,- ասաց Ս. Գիմիշյանը` հավելելով, որ  Ադրբեջանը միայնակ այդպիսի քայլի չէր գնա. նրան օգնել է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ նրա գլխին ԱՄՆ-ն է: 
Նրա խոսքերով` Հայաստանը վաղուց գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և իսլամական խալիֆայություն ստեղծել ցանկացող Թուրքիայի քարտեզներում, որպես իրենց շահերի գոտի, հետևաբար ՀՀ իշխանությունները, առավել ևս Հայաստանի պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պարտավոր էին լինելու զգոն և ուշադիր այսքան զոհեր չունենալու համար: 
«Լավ Ադրբեջանը քայլի է դիմել, այս չորսօրյա պատերազմն ինձ մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել. երկու տարի է, ինչ մենք մեր այս պաշտպանական գիծը զինում ենք, պատրատում ենք, ամրապնդում ենք, որպեսզի արտակարգ դեպքերում կարողանանք արյունաքամ անել թշնամուն. Ինձ համար հարց է, ինչու հենց առաջին օրը ճեղքվեց պաշտպանական գիծը»,- ընդգծեց Ս. Գիմիշյանը` նշելով, որ սա խոսում է ՀՀ պաշտպանության համակարգի և պաշտոնյանների անփույթ գործելու մասին, ինչը պարզապես անթույլատրելի է: 
Վերջինիս կարծիքով` իրենց տեղում չեն եղել և անփույթ են գործել նաև Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, առաջնագծում եղել են զորակոչիկները, մինչդեռ պետք է պայմանագրային զինծառայողները լինեին, որոնք ավելի պատրաստված են. «Բազմաթիվ թռչող սարքեր են սահմանն անցել և հարվածներ հասցրել մեր սահմանների ներսում. ուզում եմ հասկանալ, ուր էին մեր հակաօդային պաշտպանության ուժերը: Գյուղի մի հովիվ Իսրայելի կողմից մշակված բարձր կարգի թռչող սարք է ոչնչացնում սովորական հրացանով, իսկ մեր բանակը չգիտես որտեղ էր»:
Ս. Գիմիշյանի պնդմամբ` կարևոր չէ, թե քանի զոհ է տվել հակառակորդը, այլ պետք է  մտահոգվել չորս օրերի ընթացքում եղած հայկական կողմի մարդկային կորուստների մասին: 
Բանախոսն ընդգծում է. «Լավով պետք է հպարտանալ, միաժամանկ չմոռանալով խոսել թերությունների մասին, որպեսզի հաջորդ նման իրավիճակում ավելի պատրաստ ու հստակ լինենք. Իմ քննադատական խոսքը մի նպատակ ունի, որպեսզի բոլորս սթափ լինենք և այլևս կորուստներ չունենանք»:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play