Ոստիկանության օպերատիվ հակազդման ջոկատի վետերանները ցանկանում են Համահայկական հատուկ ջոկատ ստեղծել (տեսանյութ)


Ոստիկանության օպերատիվ հակազդման ջոկատի վետերանները ցանկանում են Համահայկական հատուկ ջոկատ ստեղծել (տեսանյութ)

  • 09-04-2016 17:47:34   | Հայաստան  |  Կազմակերպություններ



«Ոստիկանության օպերատիվ հակազդման ջոկատի (ՄՕՀՋ) վետերանների միության» անդամները Համահայկական հատուկ ջոկատ ստեղծելու նպատակ ունեն: Ինչպես «Նոյյան Տապան»-ի  մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄՕՀՋ վետերանների միության նախագահ Խորեն Կարապետյանը, ջոկատի անդամները կլինեն բոլոր այն երկրներում, որտեղ գեթ մեկ հայ է ապրում, և կպաշտպանեն նրանց բոլոր հնարավոր վտանգներից:
 
«Ես ուզում եմ, որ սփյուռքի ներկայացուցիչները լսեն և հասկանան, որ սա իրոք  պետք է, քանի որ աշխարհի բոլոր ծայրերում մենք մեծ համայնքներ ունենք և ոչ մի տեղ ապահով չենք»,-նշեց Խ. Կարապետյանը` հավելելով, որ 2010 թվականին Համահայկական հատուկ ջոկատ ստեղծելու մասին իրենք արդեն նախնական քննարկումեր են ունեցել Հունաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Խ. Կարապետյանը կարևորեց նաև տնտեսական ճգնաժամի պատճառով երկրից  հեռացած  հատուկ ջոկատի անդամների վերադարձը հայրենիք:
Նա կոչ արեց սփյուռքում ապրող հատուկ ջոկատայիններին այս ծանր պայմաններում Հայաստանի կողքին լինել:
«Ըստ միջազգային մամուլի, ադրբեջանցիների կողմից կռվել են մոտ 2000 ահաբեկիչներ, թուրքական վարձկաններ, պրոֆեսիոնալ զինորականներ, և այդ պարագայում մենք մեր պարտքը համարեցինք վերականգնել մեր ստորաբաժանումը, որը հարկ եղած դեպքում թշնամուն հակահարված կտա»,- նշեց Խ. Կարապետյանը հավելելով, որ այս օրերին ընթացող ռազմական գործողությունները զգալիորեն տարբերվում են այն ամենից, ինչ կատարվում էր 1990-ական թվականներին: 
 Խ. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՄՕՀՋ-ը  ցանկանում է հոգեբանական վերականգնողական կենտրոն ստեղծել, որը կօգնի պատերազմ տեսած և  հատուկ ծառայություններում աշխատած մարդկանց  քաղաքացիական կյանք վերադառնալու ժամանակ  ոչ մի խնդիր չունենալ: Խ. Կարապետյանը պատերազմ սկսվելու վերաբերյալ իր մտավախությունը հայտնեց  և նշեց,  որ Հայաստանը  կարող է հայտնվել այն իրավիճակում, ինչն առկա էր  1990-ական թվականներին:
«Մտավախություն կա նաև, որ թշնամին կարող է հարձակվել  Նախիջևանի կողմից կամ սահմանի այլ մասից, այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- ընդգծեց ՄՕՀՋ վետերանների միության նախագահը: Անդրադառնալով կամավորականների մեծ թվին, ովքեր այս օրերին ցանկանում են սահման մեկնել, Խ. Վարդանյանը ընդգծեց բանակում չծառայած պատանիների նախնական պատրաստություն անցնելու խնդրի կարևորությունը: Նրա փոխանցմամբ, դեռև 2007 թվականին  ՄՕՀՋ-ը  Զինված ուժերի հետ մարտական հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերել, սակայն մինչ օրս ինչ-ինչ պատճառներով  դա իրենց չի հաջողվում: 
ՄՕՀՋ գրոհադեսանտային գումարտակի շտաբի պետի տեղակալ  Լևոն Մանասերյանի փոխանցմամբ, իրենք  15 տարի է փորձում են  պայմաններ ստեղծել, որպեսզի նախքան բանակ գնալը երիտասարդները նախնական  պատրաստություն անցնեն: Լ. Մանասերյանը հույս հայտնեց, որ այս օրերին նրանց կհաջողվի իրականացնել իրենց այս նպատակը:
«Անշուշտ այսօր գործում են հատուկ ռազմական ուսումնական հաստատություններ, սակայն դրանք ավելի շատ դպրոցի են նման,  երեխաներն այնտեղ հատուկ պատրաստություն չեն անցնում, իսկ դաստիարակներն էլ հիմականում զինվորականներ չեն»,- նշեց Լ. Մանասերյանը և հավելեց, որ այդ ուսումնական հաստատություններում երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կկոփվեն: Լ. Մանասերյանն հատուկ ջոկատայինների պատրաստակամությունը հայտնեց երիտասարդներին իրենց գիտելիքներն ու փորձը  փոխանցելու հարցում  և նշեց,  որ հայերն իրենց հույսը պետք է միմիայն իրենց վրա դնեն: 
 
Սառա Մելքոնյան «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ