Մեկնարկել է զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման երրորդ գործընթացը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)


Մեկնարկել է զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման երրորդ գործընթացը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 10-04-2016 22:40:23   | Հայաստան  |  Բարեգործություն



Մաշտոցի պուրակում ապրիլի 10-ին մեկնարկեց սահմանում ծառայող զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման երրորդ գործընթացը:
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրերի առաջին խմբաքանակը կամավորների մեքենաներով է հասցվել Արցախ, իսկ երկրորդը՝ ԱԻՆ-ի տրամադրած մեքենաներով:
Տ.Մարտիրոսյանի խոսքերով  երկրորդ խմբաքանակն այսօր արդեն դուրս է եկել Ստեփանակերտից եւ շարժվել է  դեպի սահման, իսկ այսօրվանից սկսած ՝մեկնարկել է առաջին անհրաժեշտության իրերի երրորդ խմբաքանակի հավաքագրման գործընթացը: 
 
Հարցին, թե այս պահին որոնք են ամենաանհրաժեշտ իրերը սահմանին, Տիգրան Մարտիրոսյանն ասաց. «Մենք տեղեկացանք, որ հիմա ավելի շատ անհրաժեշտ են քնապարկեր, որպեսզի մեր զինվորները, կամավորները տեղում կազմակերպեն իրենց քունը, ջրի մեծ տարաներ, չփչացող սնունդ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր»:
 
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող անդամ Սոֆյա Հովսեփյանը «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ  ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենք ունեն ՙԱռաջին անհրաժեշտության իրեր եւ սնունդ թիկունքից առաջնագիծ» էջը, որտեղ նրանք պարբերաբար իրազեկում են քաղաքացիներին,  թե թիկունքից դեպի առաջնագիծ, որոնք են ամենաանհրաժեշտ առաջնային  պարագաները: « Մենք քաղաքացիներին հորդորում ենք անպայման հետեւել մեր գրառումներին, որպեսզի նրանք  բերեն երկարաժամկետ ապրանքներ: Քանզի շատ հաճախ մարդիկ տրվելով էմոցիաներին  բերում են  այնպիսի բաներ,  որոնք անգամ այստեից տանել- հասցնել Ղարաբաղ արդեն դառնում է անիմաստ: Այն ինչ մինչ օրս հավաքագրել ենք արդեն տարել ենք դիրքեր պահեստավորման համար, բայց բացի դիրքերում պահեստներ ունենալուց լավ կլինի թիկունքում եւս ունենանք պահեստավորման տեղեր, որպեսզի Աստված մի արասցե, եթե լարված իրադրություն լինի թիկունքից պահեստավորված սնունդն ու առաջին անհրաժեշտության իրերը կարողանանք դիրքեր բարձրացնել: Անգամ կա միտք՝ Երեւանում ձեւավորել բազա, որտեղ նման իրավիճակների ժամանակ մինչ հավաքագրում անելը կկարողանանք դիրքերին ապահովել առաջնային անհրաժեշտ պարագաներով»,- ասաց նախաձեռնության համակարգող անդամը միեւնույն ժամանակ տեղեկացնելով, որ իրենք շուրջ երեք օր եղել են Ղարաբաղում, այցելել են տասնյակ զորամասեր, կապ են հաստատել տվյալ զորամասերի հրամանատարների հետ, եւ միայն նրանցից տեղեկանալով, թե ինչի կարիք ունեն մեր զինվորներն ու սահմանամերձ բնակիչները, իրենք  տարածում են համապատասխան  հաղորդագրություն եւ  կազմակերպում այդ ապրանքների հավաքագրման աշխատանքները:
 
 Ս. Հովսեփյանը հատուկ նշեց, որ այսօր հանրության մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե այսքան հավաքագրված ապրանքը չի հասնում զինվորին  չի համապատասխանում իրականությանը. «Պոստերում զինվորները սոված չեն մնում, պարզապես հնարավոր է, որ մեր կողմից տարված օգնությունը դեռ չի հասել տվյալ զորամաս»:
 
 Ս. Հովսեփյանը մեծ ոգեւորությամբ փաստեց այն հանգամանքը, որ դիրքերից վերադառնալիս  զինվորները որպես երախտիք իրենց օրաբաժին հացով կիսվեցին նրա հետ, վերջինս էլ  խոստացավ այդ հացը կիսել Մաշտոցի պուրակում հավաքված կամավորների հետ: 
 
Ակցիայի մասնակիցներից Հեղինե Այվազյանի խոսքերով, այս  նախաձեռնության մասին  տեղեկացել  է  հեռուստացույցով, համացանցով եւ շտապել է իր փոքրիկ ներդրումն ունենալ այս բարի եւ սուրբ գործին:
 
Ակցիայի ակտիվ մասնակիցներից Միքայել Նահապետյանն էլ «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության առաջին իսկ օրվանից, երբ տրվեց այս ծրագրի մեկնարկը ինքն  օգնում է նրանց կազմակերպչական հարցերում. իրերի հավաքագրման եւ փաթեթավորման գործընթացում: Նման կերպ նա եւս փորձում է իր  փոքրիկ աջակցությամբ օգտակար լինել  այս նախաձեռնության իրագործմանը: 
 
Մանրամասները տեսանյութում
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն