Ադրբեջանի մարդկության դեմ կատարած հանցագործությունները կներկայացվեն միջազգային հանրությանը


Ադրբեջանի մարդկության դեմ կատարած հանցագործությունները կներկայացվեն միջազգային հանրությանը

  • 11-04-2016 07:04:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
 
«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ 2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ:
 
Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ եւ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ծանր հրետանային «ՏՈՍ-1» համակարգ, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր:
 
Անվտանգության խնդիրներից ելնելով տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները: Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:
 
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է: Ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն այդ նույն օրերին իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որն իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ միջոցներով կասեցրել է հակառակորդի ռազմական լայնածավալ հարձակումը՝ արժանապատվորեն կատարելով սեփական ժողովրդի անվտանգության երաշխավորի իր դերը:
 
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play